Լրահոս
Օրվա լրահոսը

ԱլԳ ՔՀՖ բանաձեւը ՀՀ-ում Սահմանադրության փոփոխությունների գործընթացի վերաբերյալ

Դեկտեմբեր 01,2015 21:03

Մենք՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի՝ Կիեւում ընթացող 7-րդ տարեկան համաժողովի մասնակիցներս, կիսելով ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի մեր գործընկերների մտահոգությունը, հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող Սահմանադրության փոփոխությունների գործընթացը չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին եւ անընդունելի է  ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հանրության համար:

Մեզ մտահոգում է, որ Սահմանադրության նախագծի մշակման եւ դրա վերաբերյալ հանրաքվեի անցկացման քարոզչության գործընթացը՝ ներառյալ իրազեկման համար հավասար հնարավորությունների ապահովման եւ ընտրացուցակների կազմման աշխատանքները, իրականացվում են բազմաթիվ խախտումներով եւ արդեն իսկ անվստահություն են ձեւավորում Սահմանադրության հանրաքվեի վերջնական արդյունքների նկատմամբ:

Հիշեցնում ենք, որ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը մինչ այդ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը եւ դրա վերաբերյալ հանրաքվեի անցկացումը ժամանակավրեպ են եւ բխում են ոչ թե հասարակության եւ պետության շահերից, այլ բացառապես՝ առկա քաղաքական կոնյունկտուրայից:

Մենք անընդունելի ենք համարում իշխող կուսակցության կողմից հանրային ռեսուրսները միակողմանի քարոզչության եւ իշխանության վերարտադրման շահերին ծառայեցնելու պրակտիկան:

Մենք ահազանգում ենք, որ  ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծում պատշաճ կերպով սահմանված չեն մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին, տեղական ինքնակառավարմանը, շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնմանը, բնական պաշարների ողջամիտ օգտագործմանը եւ ոլորտային խնդիրներին վերաբերող բազմաթիվ այլ դրույթներ:

Ահազանգում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների առկա գործընթացը խախտում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ որոշումների կայացման մասնակցության իրավունքը եւ պետք է անընդունելի համարվի բոլոր այն կազմակերպությունների եւ կառույցների կողմից, որոնք ունեն մարդու իրավունքների պաշտպանության եւ  ժողովրդավարության տարածման առաքելություն:

21 նոյեմբերի, 2015թ.

Կիեւ, Ուկրաինա

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031