Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Աստվածաբան. Պերմյակովի հետ պետք է կրոնագետ-հոգեբանը խոսի. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 22,2015 12:32

Պերմյակովի դատավարության ժամանակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից երեքը սենսացիոն հայտարարություններ արեցին, թե ամբաստանյալը սատանայապաշտ է, ավելին` սոցցանցում հատուկ բացված էջում գրավոր պայմանագիր է կնքել սատանայի հետ: 

Կրոնագետ, աստվածաբան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ չի կարծում, որ Պերմյակովի միայն պահելաձեւից, արարքից կարելի է եզրակացնել, թե նա սատանայապաշտ է: 

-Շատ բան կախված է ցուցմունքներից: Նրա հետ պետք է կրոնագետ-հոգեբանը խոսի՝ պարզելու, թե ինչպիսին են նրա համոզմունքները, ինչպիսին է եղել այդ դեպքին նախորդող նրա կյանքի հետագիծը, այնտեղ կա՞ն սատանայապաշտական դրսեւորումներ, ինչ-որ ծիսակարգերի մասնակցե՞լ է, չի՞ մասնակցել: Այսինքն՝ միայն մասնագետի ուղղակի շփումները հնարավորություն կտան փորձագիտական գնահատական տալ: Պարզապես օդում խոսելով՝ դժվար կլինի դա անել:

 -Հայաստանում կա՞ նման մասնագետ, որը կարող է փորձագիտական գնահատական տալ, թե՞ պետք է դրսից հրավիրվի: 

-ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում ոչ թե մասնագետ, այլ մասնագետներ կան:

– Իսկ սատանայապաշտական ուսմունքն ընդհանրապես շա՞տ է տարածված աշխարհում եւ հատկապես Ռուսաստանում: 

-Դրա մի ուղղությունը հիմնադրվել է Ֆրանսիայում, մեկ այլ ուղղությունը՝ ԱՄՆ-ում: Դա եղել է ե՛ւ 20-րդ դարի սկզբին, ե՛ւ նույն դարի 50-60-ական թվականներին: Սատանայապաշտական ուղղությունը ԱՄՆ-ում բավական տարածված է, շատ քաղաքներում կան սատանայապաշտական տաճարներ, որոնք սովորականներից տարբերվում են նրանով, որ մուտքը կրակի լեզվակի տեսքով է:

Ռուսաստանում էլ համեմատաբար ավելի է տարածված, քան Հայաստանում: 20-րդ դարի 90-ական թվականներին այնտեղ տարածման մեջ մեծ ներդրում ունեցավ ամերիկյան կապիտալը, կային նաեւ նոր կառույցներ, որոնք նույնպես քարոզում էին սատանայապաշտական մոտեցումներ:

Հայաստանում, մեր տեղեկություններով, երեք խումբ է գործում, որոնցից երկուսը միջազգային ճանաչում ունեցող Անտոնիո Լավեյի եւ Ալիսներ Կրոուլիի ուղղություններն են: Դրանք, կարելի է ասել, սիրողական մակարդակի են:

Չնայած տարիներ առաջ եղել է նաեւ մարդու, այսպես կոչված, սատանայապաշտական զոհաբերություն: Եղել են նման դեպքեր` կապված դպրոցական երեխաների հետ. մեկ-երկու ծիսակարգային արարողակարգերի մասին է խոսքը: Նաեւ գոյություն ունի սատանայապաշտական «ալեյա»` իր խորհրդանիշերով ու ատրիբուտներով:

 -Ո՞րն է նրանց նպատակը: 

-Երկրի երեսին գոյություն ունի չարի եւ բարու իշխանություն, եւ դժվար է ասել՝ չա՞րն է շատ, թե՞ բարին: Նրանք համարում են, որ չարը ավելի շատ է, եւ նրանց գլխավոր նպատակը վախճանվելուց հետո դժոխք ընկնելն է: Նրանց փիլիսոփայության հիմքում այն է, որ սատանան հաճույք է ստանում մարդկային տառապանքներից, հետեւաբար ինչքան մարդ սպանեցիր ու ինչքան դաժանաբար, այնքան քո համարումը սատանայի կամ չար ուժի պաշտամունքի մոտ բարձրանում է:

Ու քանի որ մարդկության ճնշող մեծամասնությունը դժոխք է ընկնելու, եւ շատ քիչ ընտրյալներ՝ դրախտ, իրենք ցանկանում են դժոխք ընկնել որպես սատանայի պաշտամունքի հետեւորդներ եւ այնտեղ դառնալ սատանայի ծառաները կամ գործակիցները: Այսինքն՝ իրենք ոչ թե բոլորի նման տանջվելու են, այլ իրականացնելու են մարդկանց հոգիները տանջողի դերակատարություն:

Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031