Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. Այսօր Սփյուռքի շատ համայնքներում հայերենը զիջում է դիրքերը՝ ուծացման լուրջ վտանգ է ստեղծել

Դեկտեմբեր 25,2015 15:40

Դեկտեմբերի 25-ին անցնող տարին ամփոփող մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը ներկայացրեց 2015թ. սփյուռքի նախարարության գերակա ուղղություններով կատարած աշխատանքները՝ նշելով. «2015թ. շատ լարված էր, իրադարձություններով լեցուն: Մեր աշխատանքների կարևորագույն մաս են կազմել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացումը,  սիրիահայերի ինտեգրումը, նրանց խնդիրների լուծումը, սփյուռքում հայոց լեզվի և ազգային ինքնության պահպանման հարցերը, ինչպես նաև աշխատանքները համահայկական կառույցների հետ:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքի շնորհիվ այսօր ստեղծվել է հայ ժողովրդի համախմբման հզոր հարթակ և ակնհայտ է, որ պայքարը շարունակվելու է: Չգտնվեց մի երկիր, որտեղ հայ է ապրում, որն անմասն մնա այդ միջոցառումներից: Հայաստանի և Սփյուռքի համատեղ ջանքերով շատ երկրներում, քաղաքներում ճանաչվեց և դատապարտվեց Հայոց ցեղասպանությունը, մեծացավ տեղեկացվածությունը, հայությունը դարձավ ավելի համախմբված»:

Նախարարը կարևորեց 2015թ. իրականացված 13 գիտական համաժողովները, կլոր սեղանները, քննարկումները:

Խոսելով սիրիահայերի ինտեգրման ծրագրերի մասին, գերատեսչության ղեկավարը նշեց, որ սիրիահայերի համար ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծվեց Միջգերատեսչական հանձնաժողով, և նախարարությունը համակարգում է նրանց հետ տարվող աշխատանքները: Նախադրության խնդիրը սիրիահայերի արագ ինտեգրումն է, քանի որ իրենց տնից և աշխատանքից զրկված մարդիկ հոգեպես և բարոյապես ճնշված են, ունեն կենցաղային խնդիրներ, մշակութային, հոգեբանական խառնվածքի տարբերություններ, և մեր խնդիրը նրանց հոգատար վերաբերմունք ցուցաբերելն է»:

Համագործակցելով Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող և «Հալեպ» հասարակական կազմակերպությունների հետ՝ նախարարությունը փորձում է լուծել սիրիահայերի սոցիալական, կրթական, առողջապահական, իրավական, կեցության և այլ հարցեր: Սփյուռքի նախարարը տեղեկացրեց, որ այս պահին հանրապետությունում բնակվում է 17 հազար սիրիահայ, որոնցից 1800-ը դպրոցահասակ է, 500-ը՝ ուսանող: 2012-2015թթ. ՀՀ քաղաքացիություն է ստացել 12.000 սիրիահայ, 1650-ը՝ ստացել է կացության կարգավիճակ: Աշխատանքի խնդրով նախարարություն է դիմել 2200 սիրիահայ: Աշխատանքի տեղավորման հարցով նախարարությունը համագործակցել է 200 պետական և հասարակական կազմակերպությունների ու անհատների հետ: 500-ից ավելի սիրիահայ աշխատանքի է տեղավորվել փոքր բիզնեսում արդեն իսկ կայացած սիրիահայ գործարարների մոտ: Այս պահին 1000-ից ավելի սիրիահայ ընտանիք բնակվարձ է ստանում բարեգործական տարբեր կազմակերպություններից»:

Անդրադառնալով հայոց լեզվի պահպանման հարցին` նախարարը շեշտեց, որ 100 տարի առաջ հայոց լեզուն ևս եղեռնահարվեց, կտրվեց արմատներից: Այսօր Սփյուռքի շատ համայնքներում հայերենը զիջում է դիրքերը՝ ուծացման լուրջ վտանգ է ստեղծել: Պատահական չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արևմտահայերենը  դասվել է վտանգված լեզուների շարքին: Նախարարը կարևորեց մայրենիի պահպանման ուղղությամբ տարվա ընթացքում իրականացված ծրագրերն ու միջոցառումները: Նա, մասնավորապես նշեց.

««Արի տուն» ծրագրի շրջանակում 1103 երիտասարդներ ամեն առավոտ օրը սկսել են հայերեն, հայագիտություն սովորելով: Շատ սփյուռքահայեր մասնակցել են ՀԲԸՄ վիրտուալ քոլեջի հայերենի հեռավար ուսուցման կրթական ծրագրին: «Կյուլպենկյան» հիմնարկության հետ նախարարությունը իրականացնում է արևմտահայերենի իմացության մակարդակը բարձրացնող ծրագրեր: Հ1 հեռուստաընկերության միջոցով նախարարության պատվերով ստեղծված  Հայոց լեզվի հեռուստադպրոցի ծրագրերով չորս տասնյակից ավելի դասաժամ է սփռվել՝ շաբաթական երեք օր պարբերականությամբ: Արևելահայերենի՝ անգլերենի հենքով ուսուցման ծրագրին զուգահեռ իրականացվել է ռուսախոս հայության համար ռուսերենի հիմքով հեռուստաուսուցումը: Շարունակել ենք օգնել Սփյուռքում մեկօրյա դպրոցների բացման գործին, հատկապես ԱՊՀ տարածքում: Այս տարի բացվել է 2 տասնյակից ավելի դպրոց:  Բաթումի քաղաքում Սփյուռքի նախարարության միջոցներով բացվել է Ալեքսանդր Մանթաշյանի անվան «Հայտուն» մշակութային կենտրոնը, որը կարող է համախմբել Բաթումիի հայկական վաղեմի համայնքը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը համահայկական տարբեր կազմակերպությունների՝ Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Հայ մարմնակրթական ընդհանուր միության, Հայ օգնության միության, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ կնքել է համագործակցության հուշագրեր և համաձայնագրեր, որոնց շրջանակներում իրականացվել են հայապահպանությանը նպաստող բազմաթիվ ծրագրեր ու միջոցառումներ:

Նախարարն անդրադարձավ նաև տարվա ընթացքում կազմակերպված մշակութային կարևոր միջոցառումներին, որոնց շրջանակում առանձնացրեց պոլսահայ արվեստագետ Ժուլիա Մութլուի ներկայացրած «100 տարի–100 հայկական տարազ» համերգ-ցուցադրությունը:

Կարևորվեցին նաև «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնը, որին մասնակցեցին 300  սփյուռքահայ կատարողներ՝ 12 երկրից:

Ասուլիսի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարը շնորհավորեց լրագրողներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով, որ եկող՝ 2016 թվականը աշխարհին նախ և առաջ խաղաղություն բերի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031