Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Գործարարները չեն վստահում մեր տնտեսական համակարգին»

Հունվար 14,2016 14:00

Նավթի համաշխարհային գների ռեկորդային անկումը թվում է, թե նավթ չունեցող Հայաստանի տնտեսության վրա պիտի լուրջ ազդեցություն չունենա: Սակայն հաշվի առնելով Հայաստանի տնտեսության մեծ կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից, որն էլ մեծապես կախված է նավթի գներից, ապա նավթի գների անկումը՝ ուզենք, թե չուզենք, բացասաբար է անդրադառնում նաեւ մեր երկրի վրա: Միջազգային բորսաներում մեկ բարել նավթի գինն արդեն մոտ 32 դոլար է:

«Առավոտի» հետ զրույցում տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը նկատում է, որ նավթի գների անկումն ուղղակիորեն չի անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա, սակայն սկսած 2014 թվականի վերջից՝ նավթի համաշխարհային գների անկումն իր անդրադարձն ունեցավ Ռուսաստանի տնտեսության վրա, մասնավորապես՝ ռուսական ռուբլու արժեզրկման, արդյունքում սա անդրադարձավ Հայաստանի տնտեսության վրա: Ռուսական ռուբլու արժեզրկումը, բնականաբար, ազդեց այդ երկրից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալների նվազման վրա: «Սա էլ շղթայական խնդիրներ բերեց ամբողջ մեր տնտեսության վրա: Այս միտումը նկատվեց ամբողջ 2015 թվականի ընթացքում: 2016-ի սկզբին նավթի գները մեկ անգամ եւս կտրուկ անկում գրանցեցին, առաջիկայում եւս կարծում եմ, Ռուսաստանի տնտեսության խնդիրների խորացումը նույնպես ազդեցություն կունենա Հայաստանի վրա»,- ասում է տնտեսագետը:

Առաքելյանը նշում է, որ մասնավոր տրանսֆերտների նվազումը, պարզ է, լուրջ գործոն է Հայաստանի տնտեսության համար, մեր բնակչության մեծ մասի եկամուտները տրանսֆերտների հաշվին են, իսկ դրանց կրճատման արդյունքում տեղի է ունենում աղքատության մակարդակի բարձրացում, սպառման նվազում: Առաքելյանի խոսքերով՝ «2015-ին ունեցանք լուրջ անկում առեւտրի եւ տնտեսության այլ ոլորտներում: Ռուսաստանի հետ ունենք լուրջ տնտեսական հարաբերություններ, այդ երկիրը մեր հիմնական գործընկերն է: 2015-ին Ռուսաստանի հետ ունեցանք արտաքին առեւտրի անկում հենց ռուբլու անկման արդյունքում: Մեր արտահանողներն ապրանք չէին արտահանում Ռուսաստան: Այս միտումը շարունակվում է»: Այս տարի էլ լավ բանի սպասել հնարավոր չէ. Տնտեսագետը նկատում է, որ հիմա 1 դոլարը 75 ռուբլի է, եւ ռուսական ռուբլու արժեզրկումը շարունակվելու է նավթի գների անկման հետեւանքով:
Ինչո՞վ է պայմանավորված, որ դրամն այնպես չի արժեզրկվում, ինչպես այլ երկրների արժույթներն են՝ մեր այս հարցին տնտեսագետն ասում է, որ 2014-ի վերջին դրամի արժեզրկումից հետո մեզ մոտ դրամի կայունությունն ապահովվում է. «Մեր երկրում արտահանումը նվազել է, սրան զուգահեռ՝ նաեւ ավելի մեծ տեմպերով նվազել է ներմուծումը: Ճիշտ է, սա տնտեսական տեսանկյունից այնքան էլ դրական չէ, ընդհանուր ապրանքաշրջանառությունը նվազել է, սակայն դա փոխարժեքի տեսանկյունից ունեցել է դրական ազդեցություն: Քանի որ ներմուծման նվազման արդյունքում արտարժույթի արտահոսքը երկրից նվազել է, եւ փոխարժեքի բարձրացում տեղի չի ունեցել վերջին մեկ տարում»: Առաքելյանը կարծում է, որ հաշվի առնելով տնտեսության պասիվացման տեմպերը՝ արտաքին ապրանքաշրջանառության մեջ լուրջ փոփոխություններ չեն լինելու, առաջիկայում փոխարժեքի էական տատանումներ չեն արձանագրվի:

Bloomberg գործակալությունը այս տարի Հայաստանի համար կանխատեսել է 2.5% տնտեսական աճ, Համաշխարհային բանկը՝ 2,2%, իսկ Ռուսաստանի համար՝ 0,5% անկում: Հաշվի առնելով, որ Հայաստանի տնտեսությունը կախված է ՌԴ-ի տնտեսությունից, մեզ համար կանխատեսված աճի այդպիսի տեմպերը ի՞նչ դրական բան կարող են տալ մեր երկրին՝ այս հարցին էլ տնտեսագետն ասում է՝ որեւէ լուրջ բան չեն տա. «Ռուսաստանի տնտեսությունում օր օրի խորացող խնդիրները հաշվի առնելով՝ հնարավոր է, մենք աճ չարձանագրենք: Մեր տնտեսությունում մեծ է գյուղատնտեսության աճի կշիռը, եւ գյուղատնտեսության ոլորտի անկանխատեսելիության պարագայում կամ աճ կլինի, կամ կարող է անկում լինել»:

Մեր տնտեսությունը փրկելու դեղատոմսերից մեկը արտահանման դիվերսիֆիկացումն է, իսկ մեր ապրանքների մեծ մասի ոչ մրցունակ լինելու դեպքում ինչպե՞ս է հնարավոր արտահանումը դիվերսիֆիկացնել՝ մեր այս հարցին էլ տնտեսագետն ասում է. «Այո, մեր ապրանքների ոչ մրցունակ լինելը հնարավորություն չի տալիս ակտիվորեն դիվերսիֆիկացնել արտահանումը, միեւնույն ժամանակ, քանի որ մենք ԵՏՄ անդամ ենք, բնական էր՝ մեր հիմնական գործընկերները ԵՏՄ երկրներն են լինելու, ինչը աստիճանաբար ավելի է դժվարացնելու այլ շուկաներ գտնելը: Կարծում եմ՝ պետք է փորձել այդ շուկաներում ակտիվացնել մեր արտահանումը, ինչը, ցավոք, համընկավ Ռուսաստանում տեղի ունեցող խնդիրների հետ: Արդյունքում ԵՏՄ-ին անդամակցումը դեռեւս որեւէ դրական բան չի տվել Հայաստանին»:

Կառավարությունը որոշ բարեփոխումներ է կատարում, երեկ էլ կառավարությունում տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումներ են եղել, պարբերաբար քայլեր են ձեռնարկվում, սակայն պտուղները չենք տեսնում: Արդյոք գործարարնե՞րը պատրաստ չեն, թե՞ այլ խնդիրներ կան՝ մեր այս դիտարկմանն Առաքելյանն ասում է՝ հիմնական խնդիրները կապված են տնտեսությունում բացասական միտումների սպասումներով՝ թե՛ գործարարների, թե՛ սպառողների կողմից. «Այս տարվա կարճաժամկետ հատվածում չկա այն միտումը, որ իրավիճակը կտրուկ կբարելավվի: Այս իմաստով բոլորն իրենց տնտեսական գործողությունները հետաձգում են, չեն ցանկանում նոր ներդրումներ անել: Դրա համար պետք է որոշ չափով հեղափոխական ծրագրեր անել, փոքր տնտեսություններով, արտադրություններով հնարավոր չէ լուծումներ տալ: Պետք չէ սպասել, որ կարճաժամկետ լուծումներով բան կփոխվի: Ընդհանուր տնտեսության կառուցվածքի փոփոխություն պիտի կատարվի, տրանսֆերտներից կախվածությունը պիտի նվազեցվի, ինչի համար պետք է բնակչության եկամտի զգալի մասը ստեղծվի Հայաստանում, սա կարճաժամկետում հնարավոր չէ»:

Անդրադառնալով կառավարության բարեփոխումներին՝ տնտեսագետն ասում է՝ չնայած դրանց, խնդիրը վստահության հետ է կապված. «Գործարարները չեն վստահում այսօրվա մեր տնտեսական համակարգին: Մի քանի փոքր փոփոխություններով որեւիցե դրական արդյունք չեն սպասում, մարդիկ ուզում են տեսնել երկարաժամկետ վստահության միջավայր, որպեսզի ներդրումներ կատարեն, ուզում են տեսնել այնպիսի միջավայր, որը հնարավորություն կտա արտաքին երկարաժամկետ ներդրումներ բերել: Այդպիսի միջավայր, օրինակ, Վրաստանում կա՝ բարձր վստահության միջավայր է այնտեղի տնտեսությունում, ինչը Հայաստանում բացակայում է: Մեր երկրում ընդհանուր տնտեսական միջավայրը գտնվում է անվստահության մակարդակում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031