Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Կարեն Անդրեասյանը գլխավոր քաղաքական դերակատարներին չէր խանգարում»

Հունվար 14,2016 13:43

«Ինձ պետք է ունենալ որակյալ եւ ակտիվ ընդդիմադիր, որպեսզի ինքս էլ աճեմ»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում խոսելով 2016 թվականի գլխավոր քաղաքական խնդիրների մասին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Բանախոսի կարծիքով, սակայն, քաղաքական զարգացումների համար էական են բարենպաստ տնտեսական եւ սոցիալական հիմքերը: Ուստի, նույնիսկ քաղաքական համատեքստում, առաջնային կշարունակի մնալ տնտեսությունը:

«Ունակ, կարող ընդդիմության ձեւավորումը շատ լուրջ հարց է եւ հեշտ չի ստացվի: Ընդդիմության ձախողումները պայմանավորված են իրենցով, քանի որ չեն կարողանում հանրային կյանքը կազմակերպելու սեփական դոկտրինով ներկայանալ: Հանդես են գալիս ընդդեմ ինչ-որ մեկի, ինչը վաղուց իրեն սպառել է»,- ասաց Խոսրով Հարությունյանը`հավելելով, որ ՀՀԿ-ն առավելագույնս օրենսդրական, իրավական եւ միջանձնային պայմաններ կստեղծի, որպեսզի այդ ինստիտուտը կայանա:

Մինչ այդ, հայաստանյան քաղաքական դաշտի խնդիրը բանախոսը համարում է Սահմանադրության անցումային դրույթների կատարումը`ԸՕ-ի մշակումը: «Մի քանի քննարկումներ եղել են. ձեւավորվում է շատ հետաքրքիր կոնցեպտ, որը կնպաստի նաեւ ներկուսակցական ժողովրդավարությանն ու հնարավորությունների օգտագործմանը, ռեգեոլան հարցերը»,- ասաց բանախոսը:

Պատասխանելով լրագրողներից մեկի`ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականին վերաբերվող հարցին, Խոսրով Հարությունյանը հավաստիացրեց, որ ՀՀԿ –ի խմբակցության նիստերում կամ կուսակցական այլ շփումներում որեւէ անգամ ներկա չի եղել որեւէ կոնցեպտուալ զրույցի, որի ժամանակ ՄԻՊ-ի գործունեությունը քննարկվի. «Վաղ թե ուշ իրական պատճառը կիմանանք, բայց բացառում եմ իշխանական ճնշումը: Ինքս ցավ եմ ապրում: Իր շատ թերություններով հանդերձ, Կարեն Անդրեասյանը շատ աշխատանք կատարեց այդ ինստիտուտի կայացման համար: Միայն ՄԻՊ գրասենյակին ուղղված դիմումները վկայում են դրա մասին: Այլ հարց է` ՄԻՊ-ի գրասենյակի եւ մյուս կառույցների աշխատանքի միգուցե չստացվելը: Ցավում եմ, բայց եթե Կարեն Անդրեասյանը մտածում է կարիերայի ու առաջընթացի մասին, հանրությանը պետք է իմանա հրաժարականի իրական դրդապատճառները: Կարող է ինչ-որ մեկին նա ձեռք չէր տալիս, բայց խորապես համոզված եմ, որ գլխավոր քաղաքական դերակատարներին ոչ միայն չէր խանգարում, այլ նույնիսկ շատ օգնում էր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031