Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ոսկանյան. «Փաստացիորեն մենք մուտք ենք գործում հետնավթային աշխարհ»

Հունվար 20,2016 12:59

«Ակնհայտ է, որ Իրանը չիրացված հսկայական ներուժ ունեցող տարածաշրջանային երկիր է»,- հունվարի 20-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

Նա համարում է, որ այժմ կան բոլոր հնարավորությունները ոչ միայն քաղաքական իմաստով, այլ նաեւ տնտեսապես, որ Իրանը վերադառնա Մերձավոր Արեւելք. «Բայց կա մի կարեւոր հանգամանք՝ դատելով նավթի գների անկումից եւ այդ գների հետագա անկման միտումից, որը բնական է լինելու Իրանի մուտքից հետո եւս. Իրանը պատրաստվում է միայնակ ապահովել օրական 1 միլիարդ բարել նավթի մուտքը միջազգային շուկա, եւ կան ծրագրեր Իրաքի հետ համատեղ այդ միջազգային շուկա մուտք գործելու համար, ինչը զգալիորեն կկրճատի նավթի գների առանց այն էլ ցածր մակարդակը: Այս առումով, ես կարծում եմ, որ ընդհանրապես նավթային գործոնը կամ էներգակիրների գործոնը տարածաշրջանում կկորցնի իր արդիականությունը, որն ունեցել է մինչեւ այժմ: Փաստացիորեն մենք մուտք ենք գործում հետնավթային աշխարհ, եւ այս տեսանկյունից այլ գործոններ են կարեւորվելու, եւ իրանցիները ժամանակին դա հասկացել են՝ հնարավորինս դիվերսիֆիկացնելով նաեւ իրենց տնտեսությունը: Այսինքն՝ պատժամիջոցներն ազդել են, որպեսզի Իրանը հրաժարվի այս նավթային եկամուտներով միայն իր կարիքները բավարարելուց եւ դիվերսիֆիկացնի տնտեսությունը, արդյունաբերությունը զարգացնի եւ դառնա, ըստ էության, ինքնաբավ երկիր»:

Ըստ Վարդան Ոսկանյանի, Իրանը ունի երկու հիմնական ուղղություն՝ Մերձավոր Արեւելքը եւ Հարավային Կովկասի տարածաշրջանը. «Կարծում եմ Հայաստանի համար զգալի նոր հնարավորություններ են բացվելու: Բայց կա մի հանգամանք՝ մենք չպետք է հավատանք հրաշքի եւ չպետք է սպասենք հրաշք, այսինքն՝ վաղվանից ոչինչ չի փոխվելու, դա երկարատեւ գործընթաց է, մենք պետք է իրականացնենք այն հնարավոր բոլոր քայլերը, որոնք հանգեցնելու են ապագայում մեր երկրի համար ավելի շահավետ նոր դիրքերի ապահովմանը թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական դաշտում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031