Լրահոս
Օրվա լրահոսը

Արամի 30-ի մասին. «Сарай-ի համար աղմուկ չեն հանում»

Հունվար 21,2016 13:17

«Մեր այսօրվա քաղաքաշինությունը չի համապատասխանում արդի հասարակության, արդի պետության պահանջներին, եւ բնորոշ է ավելի շատ միապետական համակարգին»,- հունվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ճարտարապետ Արսեն Կարապետյանը:

Նրա խոսքերով՝ ժամանակակից երկրներում պահպանել-չպահպանել բանավեճը վաղուց վերջացել է: Նա համարում է, որ քաղաքաշինությունը պետք է միջավայրային լինի. «Ես ուզում եմ ինչ-որ մեկը օբյեկտիվ չափորոշիչներ հնչեցնի՝ որն է այդ չափորոշիչը, ինչը կարող ենք համարել պատմական հուշարձան, ինչը չենք կարող: Եթե մարդիկ համարում են, որ այդ փոքր կառույցի հետ կան հուշեր, դա արդյոք չի նշանակո՞ւմ, որ այն արդեն հուշարձան է, ի՞նչ բան է պատմական հուշարձան: Եվ այդ մոտեցումը, որ ունենք ինչ-որ գլխավոր բաներ, դա եւս շատ հնացած է: Գլխավոր հրապարակ, գլխավոր շենք, նման բան չկա, ամեն ինչն էլ գլխավոր է, եւ շատ կարեւոր: Օրինակ՝ ինչո՞վ է Օպերան ավելի կարեւոր, քան Փակ շուկան, եթե ինչ-որ մեկը օբյեկտիվ, գիտական մակարդակով բացատրի, ես շնորհակալ կլինեմ, բայց մինչեւ օրս նման բան երբեւիցե չի հնչել»:

Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանն իր խոսքը սկսելուց առաջ հետաքրքրվեց, թե արդյոք Արսեն Կարապետյանը ճարտարապետական ֆակուլտետն է ավարտել, դրական պատասխան ստանալուց հետո՝ կրկին հետաքրքրվեց, թե արդյոք բարձրագույն կրթություն ունի՞: Սկսելով իր խոսքը՝ Լեւոն Իգիթյանն ասաց, որ բոլորին հայտնի է Փակ Շուկայի եւ Օպերայի տարբերությունը՝ առաջինում առեւտուր են անում, երկրորդում՝ երգում են:

«Եթե մի ժողովուրդ նման շինությունը համարում է արժեք, ես ցավում եմ մեր ժողովրդի համար: Մենք այդքան հոգեպես եւ հոգեւոր տեսակետից աղքատ չենք, сарай-ի համար աղմուկ չեն հանում»,- ասաց նա:

Լեւոն Իգիթյանը հայտարարեց, որ եթե իրեն որեւէ մեկը կարողանա ապացուցել, որ սա ազգային արժեք է իրենից ներկայացնում, ինքը կմտածի, որ մինչեւ հիմա չի հասկացել, թե հայերի համար արժեքը որն է. «Պարզ բան է, երբ որ Հյուսիսային պողոտայի դինամիկան գալիս է հասնում է Աբովյան փողոցին, որ պիտի շարունակություն ունենա, այնտեղ տարածքի խնդիր կա, չէ՞, որից հետո հաջորդում է հրապարակը: Ո՞վ ասաց, որ կենտրոնը ծայրամասից չի տարբերվում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031