Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը զգալիորեն ավելացնում է Եվրոպայում ուժերի ամրապնդմանն ուղղված ծախսերը. NYT

Փետրվար 02,2016 13:01

Վաշինգտոնը պատրաստվում է զգալիորեն ուժեղացնել Եվրոպայում ամերիկյան կոնտինգենտը՝ Մոսկվային «ազդանշան ուղարկելու» նպատակով, գրում է The New York Times-ը: Ըստ թերթի աղբյուրի՝ այդ նպատակի համար կհատկացվի 3.4 մլրդ դոլար:

Մասնավորապես, ԱՄՆ-ը նախատեսում է ակնհայտորեն ավելացնել ծանր սպառազինության և զրահամեքենաների տեղակայումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում, գրում է պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի աշխատակազմում իր աղբյուրը: Թերթի զրուցակցի խոսքով՝ Սպիտակ տունը պատրաստվում է 2017թ. Եվրոպայում ռազմական ծախսերին ուղղել ավելի քան 3.4 մլրդ դոլար, ինչը մի քանի անգամ գերազանցում է ընթացիկ ռազմական ծախսերը:

Զենքը և սարքավորումները կօգտագործվեն Եվրոպայում ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ-ի ուժերի կողմից: Թերթի զրուցակիցը նշել է, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացումը նպատակ ունի ազդանշան ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: «Սա Եվրոպայի անվտանգության ոլորտում փոփոխությունների երկարաժամկետ արձագանքն է: Սա արտացոլում է նոր իրավիճակը, որում Ռուսաստանը խաղում է առավել բարդ դեր»,- ասել է պարբերականի աղբյուրը:

Պենտագոնում The New York Times-ի աղբյուրն էլ պատմել է, որ լրացուցիչ ուժերը և սարքավորումները կտեղակայվեն Եվրոպայի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հունգարիան, Ռումինիան և Բալթյան երկրները:

Սպիտակ տանը թերթի մեկ այլ աղբյուր հավելել է, որ նման քայլն անհրաժեշտ է՝ Մոսկվային ակնարկելու համար, որ ՆԱՏՕ-ն անհրաժեշտ ամեն բան կանի՝ Արևելյան Եվրոպայում դաշինքի անդամ-երկրներին պաշտպանելու համար: «Այդ բյուջեն հաստատելով՝ մենք կկատարենք ՆԱՏՕ-ին տված խոստումը դաշինքի հավաքական պաշտպանության շուրջ»,- ասել է թերթի աղբյուրը:

Այնուամենայնիվ, թերթը գրում է, որ նոր միջոցները կուղղվեն ոչ միայն Ռուսաստանին զսպելու համար: Հավելյալ զենքը և սարքավորումները կտեղակայվեն նաև ՆԱՏՕ-ի հարավային սահմաններում, որտեղ կօգտագործվեն «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Փետրվարի 2-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշ Քարթերը ելույթով հանդես կգա Վաշինգտոնի տնտեսական ակումբի անդամների առաջ և կպատմի Պենտագոնի առաջնահերթությունների մասին: 2017թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը Օբամայի աշխատակազմը պատրաստվում է ներկայացնել փետրվարի 9-ին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29