Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Հանրաքվեն կամ ընտրությունները կեղծելը հնարավոր է, բայց հնարավոր չէ կառավարել մի հանրություն, որի կամքը ոտնահարել եք»

Փետրվար 02,2016 17:19

Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն եւս մեկ անգամ ցույց տվեց այն անջրպետը, որ ձեւավորվել է Հայաստանի գործող իշխանության եւ ժողովրդի միջեւ։ Նորից ապացուցվեց, որ Հայաստանում ստեղծված ընտրական համակարգը ոչ թե նպաստում է ժողովրդի ազատ կամարտահայտությանը, այլ հակառակը՝ օգտագործվում է իշխանությունների կողմից ժողովրդի կամքը ոտնահարելու, նրա կամքին հակառակ վերարտադրվելու եւ անխնա կեղեքումը շարունակելու նպատակով։ Դեկտեմբերի 6-ին ժողովուրդը զանգվածաբար գնաց հանրաքվեի եւ գերակշիռ մեծամասնությամբ ՈՉ քվեարկեց խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու քողի տակ սեփական իշխանությունը երկարացնելու Սերժ Սարգսյանի փորձերին։

Երբ բացվեցին քվեատուփերը, բոլորը տեսան, որ հակառակ ձեռնարկված բոլոր ավանդական խարդախությունների, ՈՉ-ն ամենուրեք հաղթում է ԱՅՈ-ին համարյա երեքը մեկի առավելությամբ։ Հայտարարվեցին սակայն գլխիվայր շուռ տված արդյունքներ, հակասելով Հայաստանի ժողովրդագրական պաշտոնական վիճակագրական տվյալներին, որոշ շրջաններում անգամ արձանագրելով ընտրողների փաստացի թվի համեմատ 105 տոկոսի մասնակցություն ։ Ընտրական գործընթացների վիճակագրական վերլուծության հեղինակավոր միջազգային մասնագետների գնահատականներով, մասնակցության պաշտոնական թիվը կեղծվել է մոտ հինգ հարյուր հազարով, ամբողջությամբ խեղաթյուրելով ժողովրդի իրական կամքը։

Հանրաքվեն կամ ընտրությունները կեղծելը հնարավոր է, բայց հնարավոր չէ կառավարել մի հանրություն, որի կամքը ոտնահարել եք: Եթե չենք ցանկանում, որ երկիրը վերջնականապես քանդվի, առաջին խնդիրը, որ պետք է լուծվի, դա ժողովրդավարական կամարտահայտության մեխանիզմի վերականգնումն է:
Ընդունեք մեր առաջարկները մատնահետքերով քվեարկության էլեկտրոնային համակարգի ներդրման /մատնահետքերով, եւ ոչ թե նույնականացման քարտերով/, բոլոր տեղամասերում ցանցային տեսախցիկների տեղադրման, ինչպես նաեւ ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակման կամ ստուգման վերաբերյալ։
Եթե, ինչպես պնդում եք, ունեք ժողովրդի աջակցությունը, ի՞նչն է ձեզ խանգարում անցկացնել մաքսիմալ թափանցիկ եւ արդար ընտրություններ, որի արդյունքներին ոչ ոք կասկածելու իրավունք չի ունենա, ինչով հիմք կդրվի պետական ինստիտուտների նկատմամբ ժողովրդի վստահության վերականգնմանը եւ երկրի թռիչքաձեւ զարգացմանը։

Մի կործանեք երկիրը եւ նրա հետ նաեւ ձեր իսկ երեխաների ապագան։ Մի մոռացեք, որ ավտորիտար ռեժիմները միշտ էլ ունեցել են երկու ճանապարհ. կա՛մ իրականացնել անցում դեպի ժողովրդավարություն, ձեռք բերելով քիչ թե շատ անվտանգ ապագա, կա՛մ գնալ դեպի անփառունակ կործանում, ցավոք սրտի նաեւ ծանր ավերածություններ պատճառելով սեփական երկրին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29