Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Եթե ուզում ես ընկեր ունենալ, առաջնահերթ պետք է ընկեր լինես»

Փետրվար 02,2016 17:44

Ցավոք, մեր երկիրը անփառունակ վախճաններ տեսել է։ Սա՝ ի պատասխան ՀԱԿ-ի հայտնի պարոնին։

Իսկ հիմա՝ բուն թեմայի մասին։

Ինչպես ասում են՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը և իշխանությունը առավելագույնս օգտագործում են հնարավորությունները ավելի արդյունավետ կառավարելու, քաղաքական ուժերին պետական կառավարման համակարգում ներառելու, նրանց կարողությունները ի շահ երկրի ու ժողովրդի ծառայեցնելու համար։

Հանրապետական կուսակցությունը երբեք չի խորշել կոալիցիաներ, տարբեր ձևաչափերով համագործակցության հարթակներ, պարիտետային փոխհարաբերություններ ձևավորելուց։ Դա ակնառու է մեր կենսագրությունից, համագործակցաբար գործելու մեր աշխատաոճից։ Աշխատաոճ, որ, կարծում եմ, հատուկ է ուժեղ քաղաքական ուժերին։ Իշխանությունը մենաշնորհ չէ, մենք բաց ենք բոլոր այն կուսակցությունների համար, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում։

Ահա այս համատեքստում են Հայ հեղափոխական դաշնակցության հետ ընթացող բանակցությունները։ Թե ինչ ձևաչափ կունենա այդ համագործակցությունը՝ կոալիցիա կամ այլ, ընդամենը դետալներ են։ Մամուլն այս օրերին ողողված է տարատեսակ կանխատեսումներով, գուշակություններով, այս կամ այն պորտֆելի համար հասցեատեր փնտրելով։ Էականը, սակայն, դա չէ։ Կարևորն այստեղ համագործակցության համաձայնագրից բխող իրավունքները, պարտավորություններն ու պատասխանատվությունն են, որոնք, ըստ ամենայնի, առաջիկա օրերին կհստակեցվեն։

Քաղաքական համագործակցության մշակույթն այսօր ռեալ պոլիտիկ է։ Դրա ականատեսը մենք եղանք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավում, դրա շարունակությունն այսօր կառավարման համակարգում այլ քաղաքական ուժերի ընդգրկելու բանակցություններն են։

Հայտնի ճշմարտություն է, համագործակցաբար աշխատելն ավելի դյուրին է ու արդյունավետ։ Հանրապետական կուսակցության ղեկավարությունը ունի համագործակցության գնալու փորձ, ուժ, վճռականություն, իմաստնություն։ Մենք ունենք մի նպատակ՝ է′լ ավելի ամրացնել ու ապահով դարձնել մեր երկիրը։ Եվ մեր կողքին տեղ ունեն այն ուժերը, ովքեր կիսում են այդ նպատակը։

Ու վերջում ընկերավարական ոճով՝ եթե ուզում ես ընկեր ունենալ, առաջնահերթ պետք է ընկեր լինես։

 

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29