Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսելով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել

Փետրվար 05,2016 16:41 Share
Աջակցեք aravot.am-ին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

Վարչապետը շնորհավորել է տիկին Ֆարնուորթին դեսպանի պաշտոնն ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ իր գործունեությամբ դիվանագետը կնպաստի հայ-բրիտանական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության, այդ թվում՝ առևտրաշրջանառության և գործարար կապերի հետագա զարգացումը:

Դեսպան Ֆարնուորթը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Միացյալ Թագավորությունը շահագրգռված է Հայաստանի հետ բազմակողմ փոխգործակցության զարգացմամբ: Դեսպանը վստահեցրել է, որ պատրաստ է իր ակտիվ աշխատանքով նոր զարկ տալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմանը:

Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության զարգացումը տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում: Խոսելով Հայաստանում իրականացվող բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հայաստանին նշված խնդիրների լուծման գործում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին և համոզմունք հայտնել, որ այդ ուղղությամբ կգրանցվեն հաջողություններ:

Վարչապետ Աբրահամյանը և տիկին Ֆարնուորթն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային զարգացումներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: