Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային անվտանգության և ժողովրդավարական գործընթացների հակադրության հանրային դիսկուրսը Հայաստանում

Փետրվար 10,2016 16:25

Սյուզաննա Բարսեղյան

Միջազգային և անվտանգության հարցերի

հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ

 

Նրանք, ում համար անվտանգությունը կարևոր է ազատությունից, արժանի չեն ո´չ ազատության, ո´չ անվտանգության:

Բենջամին Ֆրանկլին

 

Ցանկացած երկրում գոյություն ունի ազգային անվտանգության ապահովման խնդիր: Սակայն երկրի պաշտպանվածությունը բարձրացնելու համար իրականացվող գործողությունները հաճախ հակասության մեջ են մտնում ժողովրդավարության հիմնարար արժեքների հետ: Այդ հակասությունն առավել մեծ սրությամբ է դրսևորվում ժողովրդավարական այն պետություններում, որոնք գտնվում են պատերազմական վիճակում, պատերազմի կամ ահաբեկչության սպառնալիքի տակ և ունեն իրենց գոյության պայքարի անհրաժեշտություն: Նշված մարտահրավերները ստիպում են անվտանգության ապահովումը դիտել որպես գլխավոր նպատակ՝ հանուն դրա երբեմն ոտնահարելով քաղաքացիների իրավունքները:

Սակայն իշխանությունները հաճախ անվտանգության նկատառումներն օգտագործում են որպես պատրվակ և ի նպաստ սեփական շահերի՝ սահմանափակելով մարդու իրավունքները, քաղաքացիների ազատությունը: Երբեմն դժվար է տարանջատել դեպքերը, երբ հանուն պետական անվտանգության ապահովման ժողովրդավարական կառավարման սկզբունքների խախտումները հարվածի տակ են դնում նույն այդ ժողովրդավարական կառավարումը, մանավանդ, երբ այդ խախտումներն արդարացված են: Ազգային անվտանգությանը տալով բացարձակ անվիճելի կարգավիճակ` երկրները, հանուն պետության պաշտպանության, հաճախ արդարացնում են ժողովրդավարական սկզբունքների խախտումները:

Անվտանգության շահարկման հիմնավորման համար իշխանությունները հանրային պատկերացումներում փորձում են ամրապնդել այն տեսակետը, որ պետության անվտանգությունը համազգային շահ է` այն դեպքում, երբ անհատի ազատությունը, քաղաքացիական իրավունքը կոնկրետ մարդու անձնական տիրույթի հարց է: Եվ մարդիկ համաձայնում են ժողովրդավարական սկզբունքների խախտման հետ` հույս ունենալով, որ դա իրենց չի վերաբերի:

Անվտանգության շահերի և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների հակադրությունը հանրային ընկալումներում առավել ակնառու կարող է դառնալ հայրենասիրության և քաղաքացիական արժեքների վերաբերյալ պատկերացումների հակադրության հիման վրա: Հայրենասիրական և քաղաքացիական արժեքների փոխազդեցությունը կրում է փոփոխական բնույթ և սերտ կապված է հասարակության զարգացման տարբեր փուլերի հետ: Համեմատաբար հանգիստ ժամանակահատվածներում թե՛ հայրենասիրության, թե՛ քաղաքացիականության արտահայտվածությունը ցածր է:

Արտաքին վտանգի դեպքում հայրենասիրությունը և քաղաքացիականությունը կատարում են պաշտպանիչ գործառույթ՝ քաղաքացիներին մոբիլիզացնելով հայրենիքի պաշտպանության շուրջ և նրանց ուշադրությունը կենտրոնացնելով քաղաքացիական պարտքի և պարտավորությունների վրա: Սոցիալ-տնտեսական փոփոխությունների բեկումնային շրջանում հայրենասիրության և քաղաքացիականության հարաբերակցությունը փոփոխվում է. քաղաքացիականությունը, որն ընկալվում է որպես պետության և հասարակության զարգացման հեռանկարների իրականացման միջոց, զբաղեցնում է առաջատար դեր, իսկ հայրենասիրությունը շարունակում է իրականացնել իր պաշտպանական գործառույթը:

Սակայն կարող են առաջանալ այնպիսի իրավիճակներ, երբ մարդկանց, սոցիալական խմբերի և ողջ հասարակության արժեհամակարգի այդ երկու բաղադրիչները դառնում են հակասական, անգամ իրարամերժ՝ առաջացնելով սուր բախում: Նման հակադրության աղբյուրները կարող են կախված լինել ոչ միայն սոցիալ-քաղաքական գործընթացների բնույթից, այլև առաջանալ արտաքին ներգործությամբ:

Հայաստանում ազգային անվտանգության և ժողովրդավարության  հակադրության հանրային դիսկուրսն ակտիվանում է հատկապես ընտրական գործընթացների և քաղաքացիական ակտիվիզմի գործողությունների խորապատկերին: Զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի, քաղաքացիական ակտիվիզմի, հանրահավաքային գործողությունների և հանրային դիսկուրսի այլ դաշտերում քննարկման մեջ են դրվում այս երկու արժեքների հակադրությունները:

Հայաստանն իր զարգացման, սոցիալական փոխակերպումների, տարբեր աշխարհաքաղաքական միավորների հետ ինտեգրման հակասական գործընթացների փուլում է: Նոր մարտահրավերներին հաջողությամբ պատասխանելն անհնար է՝ առանց ժողովրդավարության արժեքներով հասարակության կամ նրա զգալի մասի, ում համար նշանակալի արժեք է քաղաքացիականությունը, սոցիալական արդարությունը, քաղաքացիների ազատությունն ու իրավունքների խախտման հանդեպ անհանդուրժողականությունը: Սակայն Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորումն ու զարգացումն ուղեկցվում են մի շարք, այսպես կոչված, հանրակարգային և արժեքային խոչընդոտներով: Վերջիններիս մեջ հատկապես կարևորվում է քաղաքացիական և ազգային արժեքների հակադրությունը:

Սոցիալ-մշակութային երկու արժեքների՝ հայրենասիրության և քաղաքացիականության ընկալումները ժամանակակից հայաստանյան հասարակության կողմից կարող են պայմանավորել երկրի ժողովրդավարական գործընթացների ընթացքը: Հասարակության սոցիալական ինքնության համար անհրաժեշտ է աշխարհայացքային պատկերացում՝ ինչ է նշանակում լինել ՀՀ քաղաքացի և հայրենասեր:

Հայրենասիրությունը կարող ենք համարել հայ հասարակության արժեհամակարգի և հոգեկերտվածքի անբաժանելի մաս: Սակայն հայրենասիրական արժեքների հանրային ընկալման մեջ տեղի են ունենում իմաստային փոփոխություններ: Շատ հաճախ հանրային դիսկուրսում կիրառվում են կեղծ հայրենասիրական կամ ազգայնական գաղափարներ, ազգային արժեքները հակադրվում են քաղաքացիականին`  «հիմնավորելու» իրականացվող քաղաքականությունը, ազդելու սոցիալ-քաղաքական գործընթացների վրա, մանիպուլացնելու հանրային կարծիքը:

Հայրենասիրության և քաղաքացիականության սոցիալ-մշակութային և հոգևոր արժեքների ամբողջությունը պետությանը տալիս է կայունություն և զարգացում: Հատկապես պետականության կայացման գործում հայրենասիրությունը և քաղաքացիականությունը հանդես են գալիս որպես սոցիալական գործընթացների, սոցիալական և քաղաքական ինստիտուտների գործունեության արդյունավետության կարևոր բաղադրիչներ: Քաղաքացիական հասարակության կայացման և մարդու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ է պետական և քաղաքացիական հայրենասիրության անբաժանելիություն: Հայրենասիրություն հասկացության մեջ պետական և քաղաքացիական բաղադրիչների միասնությունը նպաստում է քաղաքացի-պետություն հարաբերություններում խնդիրների լուծման գործում արժեքային կողմնորոշիչների ներդաշնակեցմանը և հասարակական ինստիտուտների արդյունավետությանը:

Դիտարկումները ցույց են տալիս, որ իշխանությունները հաճախ օգտագործում են ՀՀ պատերազմական վիճակը և անվտանգության խնդրի հանդեպ հայաստանցիների զգայունակությունը՝ հակադրելու անվտանգությունը և ժողովրդավարությունը, հայրենասիրությունը և քաղաքացիականությունը` դրանով իսկ թուլացնելով ժողովրդավարական տարբեր գործընթացների ազդեցությունը և արդյունավետությունը:

Հասարակության մեջ հայրենասիրության և քաղաքացիականության բարձր մակարդակի պահպանումը և վերարտադրումը սոցիալ-մշակութային վերարտադրության համակարգի կարևոր տարրերից է: Ժամանակակից հայաստանյան հասարակությունը, որը գտնվում է հետտրանսֆորմացիոն հոգևոր և արժեքային ճգնաժամի վիճակում, ունի հայրենասիրության և քաղաքացիականության արժեքների բնականոն վերարտադրության դժվարություններ: Պետական ինստիտուտների հանդեպ անվստահության բարձր աստիճանը, պետության և իշխանությունների նույնացումը, հետևաբար՝ պետությունից օտարվածությունը, քաղաքացիական ինքնության բացակայությունը հասարակական գիտակցության մեջ առաջացնում են հայրենասիրության և քաղաքացիականության արժեքների տարանջատում, հաճախ նաև` հակադրություն:

Հանրային քննարկումներում անվտանգություն-ժողովրդավարություն, հայրենասիրություն-քաղաքացիականություն հակադրություններն ամրապնդվում են բազմաթիվ ձևերով և տարբեր խողովակներով: Այդ քննարկումները հանրային պատկերացումներում ստեղծում են կարծրատիպեր և վարքային մոդելներ: Դրանք առավել մեծ հնչեղություն են ստանում ընտրական գործընթացների, քաղաքացիական շարժումների շուրջ:

Հատկանշական է, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի և Սահմանադրության հանրաքվեի շուրջ ընթացող քննարկումները նույնպես ներառում էին անվտանգություն-ժողովրդավարություն դիսկուրսը: Այսպես, սահմանադրական փոփոխությունների կարևորագույն դրույթը՝ կառավարման համակարգի փոփոխությունը և խորհրդարանի ձևավորման սկզբունքը նույնպես հիմնավորվել են կայունության և անվտանգության անհրաժեշտությամբ:

Անվտանգություն-ժողովրդավարություն հակադրության դիսկուրսը վերջին տարիների ընտրական գործընթացներում դրսևորվում է մի շարք տիպային իրավիճակների ներկայացման շուրջ, ինչպիսիք են՝

  • Ժողովրդավարական արժեքներով ներկայացող նախագահի թեկնածուն պատկերվում է որպես թույլ, ազգային շահերը պաշտպանելու ոչ ունակ.
  • Նախագահի թեկնածուի, այսպես կոչված, «արևմտամետ» լինելը կամ «արևմտյան արժեքներ» դավանելն ուղղակիորեն հակադրվում է անվտանգությանը.
  • Գործիչների ավտորիտար մոտեցումները ներկայացվում են որպես ուժի և անվտանգության ապահովման գրավական.
  • Ընտրական գործընթացին մասնակցող քաղաքական գործչի՝ արցախյան ազատամարտին մասնակցությունը ներկայացվում է որպես հայրենասիրության և ազգային անվտանգությունը կարևորելու ու պաշտպանելու կարողության անքննելի փաստարկ.
  • Քաղաքացիական ակտիվիզմում ներգրավված գործիչներին վերագրվում է արտաքին ներգործություն.
  • Ղարաբաղյան հակամարտության հայամետ կարգավորումը կապվում է կոնկրետ թեկնածուների հետ.
  • Բանակի՝ ազգային անվտանգության պահպանման խորհրդանիշի օգտագործումն ընտրական գործընթացներում (մասնակցություն ընտրություններին, ԶՈՒ օգտագործում ցուցարարների դեմ և այլն) խորհրդանշական ձևով առաջացնում է հայրենասիրություն-քաղաքացիականություն հակադրության ընկալում.
  • Հետընտրական զարգացումները, մասնավորապես՝ կեղծված ընտրությունների դեմ բողոքի արտահայտման հանրահավաքները, իշխանության լեգիտիմությունը չընդունելու դիրքորոշումը ներկայացվում են որպես սպառնալիք պետության անվտանգությանը, միջազգային հարաբերություններում երկրի դիրքի թուլացում.
  • Հանրահավաքներն անմիջականորեն կապվում են սահմանային բախումների, թշնամական հարևանների գործողությունների հետ.
  • Քաղաքական ակտիվիստները ներկայացվում են որպես շեղված վարքի կրողներ.
  • Քաղաքական ակտիվիստների և ցուցարարների հանդեպ կատարվող գործողությունները հիմնավորվում են անվտանգության պահպանմամբ:

Վերջին տարիներին քաղաքացիական ակտիվիզմի առավել հաճախակի դարձած գործողությունների շուրջ ծավալվող հանրային քննարկումները նույնպես ամրապնդում են քաղաքացիականություն-հայրենասիրություն արժեքների հակադրությունը հանրային ընկալման մեջ: Այդ հակադրությունը նպատակաուղղված կերպով առավել սուր է դրսևորվում ԶԼՄ-ների, կարծիք ձևավորողների, սոցիալական ցանցերի միջոցով, ինչպես նաև` քաղաքացիական ակտվիստների շարքերում ներառելով այդ արժեքները չկրող և գործընթացները վնասող անհատների: Քաղաքացիական ակտիվիզմի գործընթացներում շրջանառվում են կարծրատիպեր ձևավորող հետևյալ մոտեցումները.

  • Երկրի ներքին խնդիրների բարձրաձայնումն արդեն իսկ վնասում է անվտանգությունը՝ հատկապես հաշվի առնելով թշնամական հարևանների անթաքույց մտադրությունները.
  • Քաղաքացիական ակտիվիզմը համարվում է արևմտյան աղբյուրներից սնուցվող, հետևաբար՝ ազգային անվտանգությունը վնասող.
  • Քաղաքացիական ակտիվիստները, կրելով արևմտյան, ժողովրդավարական արժեքներ, պաշտպանում են մարդու, քաղաքացու իրավունքները՝ ի հաշիվ պետական անվտանգության, քանի որ այդ շահերը հաճախ հակասության մեջ են պետության կամ դրա հետ նույնականացվող իշխանության շահերի հետ.
  • Քաղաքացիական ակտիվիզմի ակցիաներն ուղղակիորեն կապվում են սահմանում տիրող հրադադարի խախտման դեպքերի հետ.
  • Քաղաքացիական ակտիվիստների կերպարները ներկայացվում են «անընդունելի», «ոչ ավանդական» և «ոչ հարիր» մեր հոգեկերտվածքին.
  • Քաղաքացիական նախաձեռնությունները հետապնդում են հասարակության մի մասի կամ սոցիալական փոքր խմբերի շահերը, մինչդեռ դրանք կարող են ստորադասվել երկրի/պետության շահերին.
  • Քաղաքացիական ակտիվիստների քայլերը ծայրահեղ են և պետության/իշխանությունների ներկայացուցիչներին դրդում են նրանց նկատմամբ կոշտ քայլեր կիրառել անվտանգության նկատառումներից ելնելով.
  • Քաղաքացիական նախաձեռնությունները ներկայացվում են հասարակություն-իշխանություն հակադրության մեջ.
  • Քաղաքացիական նախաձեռնությունների գործողությունները համարվում են անկառավարելի և վտանգավոր, քանի որ դրանք չունեն հստակ առաջնորդություն և հիերարխիա (հարթակ է, որտեղ ազատ կարող է ներգրավվել ցանկացած անհատ), և շարժման մասնակիցները հաճախ հրաժարվում են կատարել պետական պաշտոնյայի հրահանգները:

Դիտարկված քննարկումներում հայրենասիրությունը որպես արժեք նեղացվում և  կարծրացվում է, որից տարբերվող այլ մոտեցումներ և մեկնաբանություններ արժանանում են սուր քննադատության, հակադրության, երբեմն էլ՝ որակվում որպես դավաճանություն: Հայրենասիրությունն անմիջականորեն կապվում է անվտանգության հետ, ինչը ենթադրում է դրա շուրջ հասարակության մեծամասնության մոտ միանման մոտիվների և նպատակների ձևավորում:

Ի տարբերություն հայրենասիրության՝ քաղաքացիականությունը դիտարկվում է որպես ինչ-որ «արտաքին» արժեք, որը հասարակություն է մուտք գործել «արևմուտքից» և չի համապատասխանում նրա մեծամասնության հոգեկերտվածքին:

Քաղաքացիական հասարակության հիմնական արժեքների (սեփական կյանքի իմաստավորում, ազատություն, արդարություն, համերաշխություն և այլն) տարածման և հասարակական կյանքի վրա դրանց ազդեցության համար անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել արժեքային կողմնորոշիչները: Քաղաքացիականությունն արտահայտվում է մարդկանց իրավունքների և պարտականությունների իրացման, դրանց իրական ակտիվության մեջ, իսկ հայրենասիրությունը պատկերացվում է առանց հատուկ վարքային մոդելի՝ առավել վերացական և զգայական:

Որպես կանոն, մարդկանց գիտակցության մեջ հայրենասիրության և քաղաքացիականության դրսևորումներն ունեն օրինաչափ բաշխում՝ կամ հստակ արտահայտված, կամ թույլ արտահայտված, կամ բացակայող հայրենասիրության և քաղաքացիականության ցուցանիշ: Քննարկումների միջոցով հանրային ընկալումներում այս օրինաչափ հավասարակշռության խախտումն առաջացնում է երկու արժեքների կեղծ ընկալումներ, որը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կարող է առաջացնել մի շարք խնդիրներ:

Հայրենասիրության և քաղաքացիականության արժեքների կոնֆլիկտն առաջացնում է սեփական երկրի նկատմամբ վերաբերմունքի, պետության հետ նույնականացման ճգնաժամ: Հայրենասիրության և քաղաքացիականության նոր արժեքների ձևավորման համար հայաստանյան հասարակությանն անհրաժեշտ են սոցիալ-մշակութային արժեքների և գաղափարախոսության նոր շեշտադրումներ, նոր սոցիալական ինքնություն: Իր երկրի հետ դրական նույնացման համար հասարակության մեծ մասն  իրեն տարանջատում, օտարում է պետությունից:

Հետևաբար, հայրենասիրությունը չի նույնացվում պետականության հանդեպ վերաբերմունքի հետ: Իսկ վերջինս իր հերթին անհամապատասխանության մեջ է քաղաքացիական արժեքների հետ: Բացի դրանից անհատները և հասարակությունը հայրենասիրության և քաղաքացիականության արժեքների հանդեպ ցուցաբերում են ցածր զգայական հետաքրքրվածություն: Դրան զուգահեռ հանրային քննարկումների դաշտում վերջիններս նպատակաուղղված կամ չմտածված կերպով ոչ միայն խեղաթյուրում են այդ արժեքների մասին  պատկերացումները, այլև դրանք հակադրում իրար: Մինչդեռ, պետության կայունության և զարգացման համար մարդու իրավունքների, ժողովրդավարության սկզբունքների և պետության անվտանգության շահերի պաշտպանության միջև անհրաժեշտ է հավասարակշռություն:

Օգտագործված գրականություն

 

  1. Алексеева Т.А. Дилеммы безопасности: американский вариант // Политические исследования. 1993, № 6.
  2. Алмонд Г., Верба С. Гражданская культура и стабильность демократии // Полис, 1992, №4.
  3. Гидденс Э. Социология. М., 1999.
  4. Макбрайд У. Политическая философия, один мир и гипердержавный патриотизм//Вопросы философии. М., 2004. N6.
  5. Малинкин А.Н. Понятие патриотизма // Социологический журнал. 1999. № 1/2.
  6. Национальная безопасность и демократия в Израиле, Хрестоматия в четырех томах под редакцией проф. Бениамина Нойбергера, д-ра Илана Бен-Ами и д-ра Алека Д. Эпштейна, 2007.
  7. Хабермас Ю. Демократия. Разум. Нравственность. М., 1995.
  8. Штомпка П. Культурная травма в посткоммунистическом обществе (статья вторая), //Социологические исследования. 2001
  9. P. The forms of capital. In J. Richardson (ed.) Handbook of Theory and Research for the Sociology of Education. New York: Greenwood Press, 1986.
  10. Sorokin P. A. Crisis of Our Age. N. Y., 1991.

 

 

Թեմատիկ զեկույցը կարող եք կարդալ նաև ՄԱՀՀԻ կայքէջում՝

 

«Անվտանգության  քաղաքականությունների  քննարկումների  բարելավումը  Հայաստանում»  ծրագիր   (NED)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29