Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԿԱՐ ԵՎ ԱՊՐԱՆՔ

Փետրվար 12,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

ՆԿԱՐ ԵՎ ԱՊՐԱՆՔ

Եվ Վարուժն ասաց՝ «հիմի մարդիկ նկարին որպես ապրանք են նայում, ոչ թե՝ որպես տեսարժան առարկա», եւ էս վերջին միտքն ասելիս Վարուժը տարօրինակ ժպտում էր, եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «նայած մարդ», եւ Վարուժը ժպտալով ինձ հարցրեց՝ «քո համար նկարն ապրանք չի՞», եւ ես մի քիչ  մտածեցի  ու ասացի՝ «չէ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «սուտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «խաբում ես», եւ ես զարմացած նայեցի Վարուժին, մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «ի՞նչ շահ ունեմ խաբելու», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ենթագիտակցորեն ես խաբում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դու էլ չես հասկանում, որ խաբում ես», եւ ես զարմացած նայեցի Վարուժին ու զարմացած հարցրի՝ «այսինքն», եւ Վարուժն ասաց՝ «այսինքն, բոլորի համար էլ, էդ թվում նաեւ քո համար, նկարն ապրանք ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «իզուր ես իմ անունից խոսում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «ինչքա՞ն նկարիչ ծանոթներ ունես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «շատ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «ինչքան չըլնի՝ մի քանի տարի Կոջոյանում եմ սովորել, մի տարի էլ՝ Թերլեմեզյանում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրա համար էլ որոշ չափով նկարչություն հասկանում ես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «հասկանում եմ, որ նկարն ապրա՞նք ա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «հասկանում ես՝ ումից արժի նկար ուզել», եւ ես մի քիչ մտածեցի ու լրջանալով ասացի՝ «կյանքումս ոչ մեկից նկար չեմ ուզել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «բայց որ ուզեիր, ումի՞ց կուզեիր», եւ ես  ասացի՝ «մի քիչ առաջ անուններն ասացի», եւ Վարուժը  քմծիծաղով հարցրեց՝ «բա ինչի՞ չես ուզել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չգիտեմ», եւ Վարուժը խորամանկ ժպտալով ինձ հարցրեց՝ «ասե՞մ՝ ինչի չես ուզել», եւ ես ասացի՝ «ասա», եւ Վարուժը ժպտալով ասաց՝  «նոր ես հասկացել, որ նկարն ապրանք ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «բայց հասկանալուց հետո էլ չեմ ուզել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու փռթկացնելով հարցրեց՝ «մի քիչ առաջ չէիր ուզո՞ւմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ եմ ուզել», եւ Վարուժը ժպտալով  ասաց՝ «շատ վատ հիշողություն ունես» եւ նկարակալի վրայի նկարը ցույց տալով հարցրեց՝ «նոր էս չսկսած նկարս չէիր ուզո՞ւմ», եւ ես նկարակալի նկարին նայելով ասացի՝ «էս լրիվ ավարտված նկար ա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «նկարն ավարտելու համար նախ պիտի սկսես» եւ մի քիչ էլ մտածեց ու խորամանկ ժպտալով ավելացրեց՝ «բայց հարցիս չպատասխանեցիր», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ես հարցրել», եւ Վարուժը ժպտալով հարցրեց՝ «մի քիչ առաջ էս նկարս չէիր ուզո՞ւմ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ուզում էի» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «հիմի էլ եմ ուզում», եւ Վարուժը ժպտալով ասաց՝ «բա նոր ասում էիր՝ կյանքումս ոչ մեկից նկար չեմ ուզել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝  «էս առաջին դեպքն ա» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «հույս ունեմ, որ առաջին ու վերջին դեպքն ա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով  ասաց՝ «առաջինն ա, բայց շատ հետաքրքիր դեպք ա»,  եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով ա հետաքրքիր», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «կյանքումս ոչ մեկն ըսենց անշնորհք ձեւով ինձնից նկար չի ուզել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դու ոչ թե ուզում էիր, այլ պահանջում էիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հիմի էլ եմ պահանջում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու էս նկարն ինձնից ստանալու մի վարիանտ ունես», եւ ես ոգեւորված հարցրի՝ «ի՞նչ վարիանտ», եւ Վարուժը մի քիչ  մտածեց ու ժպտալով ասաց՝ «իջնում ես՝ մեր էն ներքեւի խանութից մի չորս շիշ պիվա ես առնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Կիլիկիա», եւ ես ոգեւորված ասացի՝ «տասը շիշ կառնեմ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ արդեն քո իրավունքն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կես կիլո էլ սարդելկա ես առնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ համով սարդելկեք են», եւ ես ոգեւորված ասացի՝ «մի կիլո կառնեմ», եւ Վարուժը ժպտալով ասաց՝ «էդ արդեն քո իրավունքն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էնքան «Շիրակի մեղեդիների Աբոյից խոսացինք, որ լավ սովածացանք», եւ ես նայեցի նկարակալի վրայի նկարին ու տեսա, որ Վարուժն արդեն նկարի աջ անկյունում իր ստորագրությունը դրել է, եւ ես ոգեւորված հարցրի՝ «էս ե՞րբ ստորագրեցիր», եւ Վարուժը ժպտալով ասաց՝ «մի ժամ ա ստորագրությունս դրել եմ, բայց դու չես էլ նկատում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ նշանակում ա, որ իմ ստորագրությունը քո համար հեչ կարեւոր չի»:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29