Լրահոս
Օրվա լրահոսը

Հարեւանները՝ նորանշանակ ԱԱԾ պետի մասին. «Խելոք, համեստ երեխա էր». «Հայկական ժամանակ»

Փետրվար 16,2016 11:19

Գեորգի Կուտոյան կրտսերին բակում ոչ միանգամից էին ճանաչում։ Ինչպես հետո տեղեկացանք, նա այստեղ մանկուց որպես Ժորիկ է հայտնի։ Բայց արդեն իմանալով, թե խոսքն ում է վերաբերում, մեզ հանդիպած մարդիկ միայն դրական կարծիք էին արտահայտում։ Միևնույն ժամանակ ասում էին, որ Գեորգի Կուտոյանի հետ առանձնապես շփումներ չեն ունեցել և չունեն։ Դպրոցական տարիքում, ըստ հարևանությամբ ապրող մարդկանց, Գեորգիին բակում հազվադեպ էին տեսնում, որովհետեւ նա շարունակ զբաղված էր սովորելով կամ էլ գնում էր սպորտի պարապմունքների։ «Ամբողջ օրը սովորել է, որպես երեխա ակտիվ չի եղել, չի եկել, չի շփվել»,- ասաց հարևաններից մեկը։

Հետագայում նույնպես նրան մոտիկից ճանաչելու առիթ չեն ունեցել, որովհետեւ մեկնել է արտերկիր՝ սովորելու։ Այժմ էլ առավոտյան տեսնում են աշխատանքի գնալիս, երեկոյան՝ վերադառնալիս։ Իհարկե, հարևաններին այդ ընթացքում բարևում է, նրանց որպիսությունը հարցնում։

«Պադավատով է աշխատանքի գնում։ Սկզբում «31» էր գալիս, հիմա արդեն մի երկու ամիս կլինի, «Հոնդայի» մեքենա է»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։ Մեկ ուրիշն էլ տեղեկացրեց, որ բակի մի հատվածն ասֆալտապատվել է երիտասարդ Կուտոյանի շնորհիվ։ «Երևի նաև իր գրպանի հաշվին»,- ենթադրեց նա։ Նշված բակն, ի դեպ, աչքի էր ընկնում փնթիությամբ՝ ցրիվ եկած աղբ, չորացած տերեւներ ու ծառի ճյուղեր։ Այնտեղ նաև բազում կատուներ էին ապրում, ու ավելի քիչ շներ։

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում Գեորգի Կուտոյանի նշանակումը հարեւանների կամ նրա հետ նույն բակում ապրողների համար անակնկալ չի եղել։ «Զարմանալի չէ, խելոք, համեստ երեխա էր»,- պատճառաբանեց մեր զրուցակիցներից մեկը, մի ուրիշն էլ ավելացրեց. «Գիտեինք, սպասում էինք, որ մի օր բարձր պաշտոն կստանա, ինքը շատ խելացի է»։ «Արժանի է։ Թե պաշտոնը ոնց կփոխի, մի տարի հետո եկեք, կասենք»,- առաջարկեց երրորդը՝ միևնույն ժամանակ տարակուսելով, թե մեր օրերում համեստ ու բարի մարդուն ինչո՞ւ պետք է նշանակեին Ազգային անվտանգության ծառայության ղեկավար։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29