Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկ Բոդոլյանի ջերմաչափը (պատմվածք)

Փետրվար 17,2016 13:52

Երբ դեռ թոշակի չէի անցել և աշխատում էի, պատահում էր, որ հիվանդանում էի հարբուխով կամ գրիպով ու բնականաբար, որպես քաղաքակիրթ անձնավորություն, գործի չէի գնում, որ աշխատակիցներիս չվարակեմ: Իսկ քանի որ պաշտոնատար անձ էի, կոլեկտիվին կառավարում էի հեռախոսով, ուրեմն, պետք է աշխատանքի դուրս գալուց էլ, բյուլետեն ներկայացնեի հիմնարկի հաշվապահություն, որ չասեին, թե պարոն Փայասլյանը չարաշահում է իր պաշտոնեական դիրքը: Իմ բյուլետենը, իհարկե, մեր հաշվապահությունում վերցնելուց հետո աղբարկղ էին նետում, բա հո չէին հաշվառի, ինչպես սովորական մահկանացուներինը: Ես էլ չնկատելու էի տալիս ու այդպես անցնում, գնում էր:

Հերթական հիվանդության ժամանակ, պոլիկլինիկայում կանչ գրեցի, հերթապահ բժիշկը եկավ, ջերմությունս չափեց, թոքերս ու բրոնխներս լսեց, դեղեր գրեց գնաց: Երեք օր տանը մնալուց հետո, երբ տաքությունս իջավ, գնացի պոլիկլինիկա:                Իհարկե, առաջին հերթին այցելեցի մեր ընտանիքին ամրակայված թերապևտ-բժշկին՝ պարոն Բոդոլյանին և երբ հերթը ինձ հասավ, մտա նրա աշխատասենյակ:

Պարոն Բոդոլյանը, բարևս մի փոքր նեղացած տոնով ընդունեց, որովհետև մի անգամ հետը ընդհարվել էի, բյուլետեն չտրամադրելու պատճառով: Մի տարօրինակ մտածողության տեր մարդ էր այդ Բոդոլյանը: Եթե ինչ աստիճանի էլ հիվանդ լինեիր, բայց տաքություն չունենայիր, ուրեմն քեզ բյուլետեն չէր տալիս:

-Ինչի՞ց եք գանգատվում,-հարցրեց պարոն Բոդոլյանը՝ մռայլ տեսք ընդունելով:

-Սկզբից ասեմ, որ տաքություն չունեմ, բայց ինձ վատ եմ զգում բոլոր առումներով՝ գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, թուլություն…

-Լավ, առաջին հերթին վերցրու այս ջերմաչափը և դիր ձախ թևիդ տակ, հետո կզրուցենք,-ասաց պարոն Բոդոլյանը, մի քանի անգամ օդում թափահարելով այն:

-Բայց ես տանը չափել եմ, ասացի, որ ջերմություն չունեմ,-նեղսրտեցի ես:

-Դուք սրանով չափեք, ձեր տան ջերմաչափի ցուցմունքը ինձ համար օրենք չէ,-քթի տակ ասաց պարոն Բոդոլյանը:

Ես, իհարկե, չշարունակեցի հակառակվել և վերցնելով նրա առաջարկած ջերմաչափը, դրեցի ձախ թևիս տակ, ինչպես առաջարկել էր նա: Անցավ մի քանի լռության րոպե և պարոն Բոդոլյանը պահանջեց, որ ես հանեմ ջերմաչափը, տամ իրեն: Երբ ջերմաչափը հանեցի թևիս տակից և նայեցի սնդիկի սյունին, աչքերիս չհավատացի, այն ցույց էր տալիս 39, 50 տաքություն: Տեսնելով սնդիկի սյան այդ մակարդակը, ես, իհարկե, հասկացա, որ թյուրիմացություն կա այստեղ, բայց ոչինչ չասացի պարոն Բոդոլյանին, պարզելով նրան ջերմաչափը: Պարոն Բոդոլյանը, իհարկե, նույնպես զարմացավ, տեսնելով սնդիկի սյան այդպիսի մակարդակը, հասկացավ, որ բյուլետենի հարցում չի կարող սակարկել, բայց հիմա էլ ինձ առաջարկեց, որ ես այս անգամ ջերմաչափը դնեմ աջ թևիս տակ: Նորից մի քանի անգամ թափահարեց այն և մեկնեց ինձ: Ես, իհարկե, առարկեցի և պահանջեցի նրանից, որ իմ անկետայում նշի ջերմաչափի ցուցմունքը, լավ իմանալով նրա ջերմաստիճանի նկատմամբ ունեցած թուլությունը: Բայց նա հրաժարվեց նշում կատարելուց և պահանջեց սպասել ևս մի քանի րոպե, մինչև ջերմաչափը հանեմ աջ թևիս տակից:

Անցավ ևս մի քանի լուռ ու ծանրամաշ րոպեներ: Հանեցի աջ թևիս տակից չարաբաստիկ ջերմաչափը և տեսնելով, որ ցուցմունքը չի փոխվել, պարզեցի նրան: Պարոն Բոդոլյանը երևի մտքում իմ վրա մի քիչ նեղացավ, որ ես իրեն խաբել եմ՝ ասելով, որ ջերմություն չունեմ ու նստելով սեղանի մոտ սկսեց լրացնել իմ անկետան՝ շարադրելով հիվանդությանս պատմությունը, բայց 39,50 ջերմության փոխարեն գրեց 36,60 արդյունք:

-Պարոն Բոդոլյան, բայց ձեր ջերմաչափը ցույց էր տալիս 39,50, ինչու՞ եք սխալ թիվ գրում,-բողոքեցի ես:

-Բա, դուք չասացիք, որ տաքություն չունեք, ես ձե՞զ հավատամ, թե ջերմաչափին,-խորամանկորեն ժպտաց պարոն Բոդոլյանը:

Այստեղ իմ զայրույթը հասավ գագաթնակետին և առանց խոսք ասելու՝ դուրս եկա նրա աշխատասենյակից և ուղիղ գնացի գլխավոր բժշկի տեղակալի մոտ, որը այդ հարկում էր աշխատում:

Տեղակալը, լսեց իմ հիվանդության պատմությունը, մի փոքր զննեց ինձ և իր աշխատակիցներից մեկի միջոցով պարոն Բոդոլյանին հրավիրեց իր մոտ: Պարոն Բոդոլյանը, իհարկե խեղճացած ներս մտավ, կանգնեց դռան մոտ ու սպասեց իր վերադասի պարսավանքին:

-Պարոն Բոդոլյան, այս մարդը, երբ ձեզ է դիմել, ասել է՞, չէ, որ տաքություն չունի:

-Այո, ասել է,-խեղճացած ասաց բժիշկը:

-Դուք, չհավատալով հիվանդին, առաջարկել ե՞ք նորից չափել ջերմությունը ձեր վստահված ջերմաչափով, այն էլ երկու թևի տակ:

-Այո:

-Երկու թևի տակ է՞լ, իսկ լեզվի տա՞կ,- հեգնեց տեղակալը:

-Ոչ, մեզ մոտ ընդունված չէ բերանում չափել ջերմությունը, պարոն տեղակալ:

-Ինչքա՞ն է ցույց տվել ձեր ջերմաչափը:

-39, 50:

-Իսկ ինչու՞ եք անկետայում գրել՝ 36,60:

-Դե՛, ինքն ասաց, որ ջերմություն չունի, ես էլ գրեցի մինիմալը:

-Դուք չե՞ք տեսնում, որ այս մարդը հիվանդ է, շուրթերը դուրս տված, գույնը գցած, աչքերը կարմրած ու փոս ընկած, քթից էլ դեռ հոսքը չի դադարել, հազում, փռշտում է:

-Տեսնում եմ:

-Ուրեմն կգնաք և հիվանդին կուղարկեք մանրամասն հետազոտության: Բյուլետենը չեք փակի մինչև չառողջանա, որից հետո ինձ կզեկուցեք: Իսկ ձեր օգտագործման ջերմաչափն էլ կուղարկեք չափումների լաբորատորիա, թող ստուգեն: Ազատ ե՛ք,-խիստ տոնով արտասանեց գլխավոր բժշկի տեղակալը, վերջին նախադասությունը:

Երբ պարոն Բոդոլյանը արագորեն դուրս պրծավ գլխավոր բժշկի տեղակալի աշխատասենյակից, վերջինս դիմեց ինձ.

-Ներող կլինեք, պարո՛ն Փայասլյան-այսպիսիները գցում են մեր պոլիկլինիկայի պատիվը ու դրանցից պրծում չկա:

Ես շնորհակալություն հայտնեցի գլխավորի տեղակալին իր մարդասիրական վերաբերմունքի համար և դուրս եկա նրա աշխատասենյակից:

Հիմա մտածում եմ, թե պարոն Բոդոլյանը ինչ տվայտանքների մեջ է ընկել, որ չէր ուզում բյուլետենս մի քանի օրով ավելացնել, իսկ այժմ ստիպված էր լինելու այնքան շարունակել, մինչև ես ամբողջովին առողջանայի, գումարած դրան՝ իր անձնական ստուգման ջերմաչափն էլ պիտի ուղարկեր ստուգման: Հուզմունքից մի տեսակ կարեկցեցի պարոն Բոդոլյանին:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29