Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. Ստեղծված է պատմական շանս ներկա ընտրական համակարգը սասանելու, եթե ոչ՝ քանդելու

Փետրվար 18,2016 16:57

«Հայաստանում այսօր ստեղծված է պատմական շանս՝ շատ մեծ բեկում կատարել ընտրական գործընթացների օրինակելիությունը ապահովելու գործում»,- փետրվարի 18-ին Ժողովրդավարության ազգային պլատֆորմի «Ընտրություններ 2017. նոր ընտրական օրենսգիրք» թեմայով ֆորումի ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:

Նա համարում է, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ բոլորին ամեն ինչ պարզ է, որ հանրաքվեն կեղծվել է եւ ժողովրդի կամքը՝ մերժվել. «Սա բոլորի համար շատ լավ ազդանշան էր, շատ լավ օրինակ էր՝ բացատրելու, թե ինչ է նշանակում Հայաստանի ընտրական համակարգը: Հայաստանի ընտրական համակարգը նշանակում է, ինչպես նաեւ ապացուցվեց մանրակրկիտ վերլուծություններով, որ իշխանությունը կես միլիոն ձայն ունի իր գրպանում: Կես միլիոն ձայնը այն ծավալն է, որը իշխանությունը կարող է ապահովել իր համար ցանկացած արդյունք, եւ ոչ միայն իր հաղթանակը, այլ իր կողմից հովանավորվող այսպես ասենք՝ կեղծ, իբր ընդդիմադիր ուժերի ներթափանցումը պառլամենտ: Սա է Հայաստանի իրողությունը, եւ այսօր ստեղծված է պատմական շանս այդ համակարգը սասանելու, եթե ոչ՝ քանդելու»:

Լեւոն Զուրաբյանը համարում է, որ իշխանությունները հասկանում են, որ եթե Հայաստանում կատարվեն ազատ եւ արդար ընտրություններ, իրենք կորցնելու են իրենց իշխանությունը: Ըստ նրա, իշխանությունները զիջելու են միայն մի դեպքում՝ երբ Հայաստանում ձեւավորվի միասնական պլատֆորմ, որը պետք է առաջնորդեն հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները եւ քաղաքական ուժերը նրանց միանան. «Եկեք ինչ-որ մեկին վստահենք, եթե դա մեր բոլորիս վստահությունը ձեռքբերած «Չեք անցկացնի» անցյալում նախաձեռնությունն է, հիմա, ինչպես հասկանում եմ, Ժողովրդավարության ազգային պլատֆորմն է, միգուցե իրենց հանձնարարենք, միգուցե ինչ-որ աշխատանքային խումբ ստեղծենք, թող հավաքեն բոլորից առաջարկությունները, եւ փորձեն դրանք բերել ի մի: Դա իսկապես կլինի շատ լուրջ քայլ: Ես հասկանում եմ, որ առաջարկները շատ կարող են լինել, բոլոր այդ առաջարկությունները շատ մեծ նշանակություն ունեն, բայց պետք է հասկանալ ի վտանգ եթե արվի տասնհինգ առաջարկ, բոլորն էլ շատ կարեւոր, իշխանությունը շատ հանգիստ կմերժի չորս ամենակարեւոր, առանցքային առաջարկությունները, որոնք իսկապես, արմատապես վտանգում են նրանց ընտրակեղծարարության հնարավորությունները եւ կընդունեն մնացած առաջարկությունները, կասեն՝ տեսեք մենք ինչ կառուցողական ենք, մենք կարողացանք աշխատել մեր քաղաքացիական հասարակության հետ, ընդդիմության հետ, ընդունեցինք նրանց առաջարկները, եւ ի վերջո արեցինք ինչ-որ պետք էր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29