Լրահոս
Օրվա լրահոսը

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը

Փետրվար 19,2016 13:32

Արցախյան պատերազմի մասին պատրաստվող Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» լիամետրաժ խաղարկային ֆիլմի երաժշտությունը գրել է համաշխարհաին ռոք-աստղ Սերժ Թանկյանը:

«Սերժ Թանկյանը կարդաց ֆիլմի սցենարը, դիտեց իմ նախորդ՝ «Թևանիկ» ֆիլմը, և հանձն առավ գրել «Վերջին բնակչի» երաժշտությունը: Բնականաբար, նա տեսել է նաև ֆիլմի նկարահանված նյութը: Իմ կարծիքով՝ հրաշալի աշխատանք է արված՝ սիրով ու նվիրումով արված աշխատանք»,- ոգևորությունն ու ուրախությունը չթաքցնելով ասաց Ջիվան Ավետիսյանը, երբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 19-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը պատրաստվում էր ձայնագրել Սերժ Թանկյանի կինոերաժշտությունը:

Մոտ 50 րոպե տևողությամբ ստեղծագործությունը դիրիժոր Էդվարդ Թոփչյանի և խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն ու «Հովեր» կամերային երգչախումբը: Ձայնագրման աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:

«Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում՝ Խաչմաչ գյուղում։ Ֆիլմը պատմում է ազգամիջյան հակամարտության արդյունքում բռնի տեղահանված, հայաբնակ գյուղում միայնակ մնացած մի հայ մարդու՝ Աբգարի մասին: Աբգարն ապրելով թշնամական միջավայրում, փնտրում է իր աղջկան: Վերջինս հոգեկան խանգարում է ստացել՝ տեսնելով, թե ինչպես է վայրենացած ամբոխը՝ Սումգայիթում, կրակների մեջ այրում իր ամուսնուն:

«Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում: Այն «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության համատեղ արտադրություն է: Ֆիլմի ստեղծմանը աջակցել են շվեդական «Apricot Stone», ամերիկյան «Alpha Dogs INQ» և «Mosaic Arts & Cultural Foundation», Հայաստանի «Դոմինո Փրոդաքշն» ընկերությունները և Լիբանանի պետական համալսարանը: Ֆիլմի դերասանական կազմում հայտնի և սիրված դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանի, Սոս Ջանիբեկյանի, Նարինե Պետրոսյանի, Բաբկեն Չոբանյանի հետ միասին ընդգրկվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ․ Հոմայուն Էրշադին` Իրանից, Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն` Լիտայից, Դիմիտրա Խատուպին` Հունաստանից, Աննե Բեդիանը` ԱՄՆ-ից, Արմեն Գրիգորյանը (Գրեյգ)`Ռուսաստանից։

Այժմ ֆիլմը հետարտադրական աշխատանքների փուլում է: Մոնտաժի, գույնի հետ կապված աշխատանքներն իրականացվում են Լիտվայում, ձայնի հետ կապված աշխատանքները` Միացյալ Նահանգներում` «Alpha Dogs INQ» ընկերությունում։ Ֆիլմի հետ կապված աշխատանքները շուտով կավարտվեն: Նախատեսվում է, որ այն էկրան կբարձրանա 2016 թվականի գարնանը։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29