Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոքրիկ Նորիկից» մինչեւ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան

Փետրվար 20,2016 13:30

Աստվածայինը միշտ է կատարյալ: Կատարելությունն է, որ զատում է իրական, կայուն արժեքները ժամանակավորից ու անցողիկից: Աստվածային են նաեւ ի վերուստ տրվող շնորհներն ու պարգեւները, որոնք երկար թաքցնել կամ չնկատել պարզապես անկարելի է: Անվերջանալի եւ առեղծվածային մեկ շղթայում են մարմնավորվում մեզ տրված Աստվածային շատ հատկություններ ու շնորհներ. համբերությունը, ուժը, տաղանդը, համեստությունը եւ կատարելության հասնելու մեծ ձգտումը… Ահա այստեղ եւ ծնունդ է առնում իրական արարումը՝ բարձր արվեստը:

Որպես օրինաչափություն՝ ի ծնե մեզ տրված շնորհները եւ պարգեւները պատշաճ եւ ժամանակին չգնահատելու եւ չօգտագործելու դեպքում դրանք մեզանից ետ են վերցվում:
Այս պարզ, բայց խորը իմաստությունը «փոքրիկ Նորիկը» դեռ չէր էլ կարող գիտակցել, սակայն այդ ժամանակ դեռեւս մեկ տասնյակից պակաս իր ապրած տարիների ընթացքում արդեն ճաշակած դաժան փորձությունները, հարազատների անժամանակ կորուստը, հետպատերազմյան բոլոր ժամանակաշրջաններին բնորոշ չքավորությունը, զրկանքները, այդ փոքրիկ, փխրուն մարմնով նրբակազմ տղայի մեջ արդեն իսկ արթնացրել էին պայքարողի եւ հաղթողի մեծ բնազդը, ինչը եւ շարժիչ ուժը եւ հիմքը պետք է դառնար հետագա կյանքում նրա հասած բոլոր հաջողությունների եւ նվաճումների:
Բնազդաբար, թե գիտակցաբար, տվյալ դեպքում դա այդքան էլ էական չէ: «Փոքրիկ Նորիկը», ով մոր միակ հույսն ու մխիթարությունն էր եւ մինչ այդ, մորից բացի, կյանքում դեռ ոչ մի այլ նվեր կամ պարգեւ չէր ստացել, սիրով եւ պատրաստակամությամբ ընդունեց ճակատագրի այս նվերը` պարարվեստի ուսումնարան ընդունվելու իրենց հարեւանուհու առաջարկը:

Հարեւանուհու տղայի հետ միասին հաճախում էր ուսումնարան, որտեղ էլ շատ շուտով բացահայտվեց պարարվեստի նկատմամբ նրա մեծ սերը եւ տաղանդը;
Սրանով, սակայն, պատանի Նորիկի դժվարությունները բնավ չվերջացան եւ ո՛չ էլ հաջողություններն ավելացան: Սակայն այժմ նա արդեն միայնակ չէր, իր հետ էր «իր սիրելին»՝ պարը, ում հետ մինչ օրս, անդավաճանորեն նա անցնում է իր դժվարին, բայց պանծալի ճանապարհը:

Պարը եւ նրա նկատմամբ ունեցած մեծ սերն էր այն ուժը, որ օգնում էր երիտասարդ պարող Նորայր Մեհրաբյանին ապրել` պայքարելով եւ համբերությամբ հաղթահարելով նորանոր դժվարություններ:

Մեծ հաջողությունները երիտասարդ Նորայրի կյանքում իրենց երկար սպասել չտվեցին: Հանդիսատեսի կողմից ջերմորեն ընդունված եւ գնահատված նորանոր կերպարներ…
Բարձր գնահատականներ ոչ միայն հայ, այլեւ խորհրդային եւ բոլոր ժամանակների պարարվեստի դպրոցներից, եթե ոչ լավագույն, ապա լավագույններից մեկի` աշխարհահռչակ լենինգրադյան պարային դպրոցի կարկառուն ներկայացուցիչների կողմից: Հրավեր՝ աշխատելու Լենինգրադի լայն ճանաչում ստացած խորեոգրաֆիկ մանրապատումների բալետային խմբում` տաղանդավոր պարուսույց Լ. Յակոբսոնի գլխավորությամբ:

Այնուհետեւ՝ տասը երկար տարիների քրտնաջան եւ նվիրված աշխատանք Երեւանի պարարվեստի պետական ուսումնարանի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում` միաժամանակ ուսուցանելով եւ կրթելով նոր սերունդների…
Նորայր Մեհրաբյան բեմադրիչը իր առաջին բեմադրությունները իրականացրել է դեռ ուսումնարանում աշխատած տարիներին:

Մի նոր անսամբլի ստեղծում՝ դժվարին, բայց կարեւոր մի պրոցես…
Այժմ արդեն ՀՀ վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադրումը…

Չափազանց պատասխանատու եւ դժվար նախաձեռնություն, որը, սակայն, ինչպես եւ մյուս բոլոր նախաձեռնությունները, Նորայր Մեհրաբյանը պսակեց հաջողությամբ: Ասվածի վառ ապացույցը 30 տարի շարունակ «Բարեկամության» հրաշալի մենահամերգներն ու ելույթներն են Հայաստանում եւ արտասահմանում:

Սակայն, ինչպես ցանկացած բարի ու մեծ գործ, այս գործը նույնպես «անպատիժ» չէր կարող մնալ: Շուտով մեծ հաջողությունները զուգորդվեցին համույթի հասցեին ուղղված` նախանձով, քննադատություններով լի մեկնաբանություններով եւ արձագանքներով:
Թերեւս սրանք էլ անզոր էին մեծ արվեստագետի մեջ նվազեցնել կամ վերացնել սերը դեպի պարարվեստը:

Նա շարունակում էր ապրել, պայքարել եւ արարել ու կրկին հաջողություններ, նորանոր կատարումներ, շրջագայություններ, կոչումներ եւ պարգեւատրումներ, նորանոր համույթների ստեղծում գաղթօջախներում, քրտնաջան եւ նվիրյալ աշխատանք:
Եզրափակելով սիրելի մաեստրոյի անցած դժվարին, բայց պանծալի ճանապարհի հակիրճ վերլուծությունը, շնորհավորում ենք նրան ծննդյան 75-ամյակի առթիվ, մաղթում քաջառողջություն ու ստեղծագործական մեծ եռանդ եւ ուժ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՈՍԿԵՐՉՅԱՆ

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ. Ազգային օպերային թատրոնում փետրվարի 21-ին կկայանա Նորայր Մեհրաբյանի հոբելյանին նվիրված երեկո՝ մասնակցությամբ «Բարեկամություն» պետական համույթի եւ Շվեդիայից ժամանած բալետային առաջատար արտիստների:

 

«Առավոտ» օրաթերթ
19.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29