Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն ՀՀԿ-ին չի՞ կործանի

Փետրվար 20,2016 15:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում բանավիճում են  Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
եւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:

Նելլի Գրիգորյան– Պարոն Սարգսյան, թե հանրապետական, թե դաշնակցական գործիչները հավատացնում են, որ իրենց համագործակցությունը` սեփական վարկանիշի անկմամբ, բերելու է պետության եւ քաղաքացիների բարեկեցության: Բայց այդ ազգանվեր համագործակցությունը համառորեն իր տրամաբանական ավարտին չի հասնում: Համենայնդեպս, ստորագրված փաստաթուղթ դեռ չկա: Այս ամենին ի՞նչ կասեք:

Արամ Սարգսյան- Ես կարծում եմ՝ համաձայնություն, հավանաբար, կա, երկու կուսակցությունների համագործակցություն է դեռ, որովհետեւ կոալիցիա հասկացողությունը պահանջում է նախօրոք եւ միասնական ծրագիր: Հանրությունը պիտի իմանա` ի՞նչ հարցերի շուրջ, ինչպե՞ս են պայմանավորվել եւ ինչպե՞ս են անելու: Կոնկրետ խնդիրներ պետք է դրվեն: Առավել եւս, որ այսօր Դաշնակցության կարկառուն դեմքերը հայտարարում են, որ իրենք գնում են երկիրը փրկելու համար: Այդ դեպքում ոչ թե կետեր պիտի լինեն, որ իրենք հայտարարում են` մենք յոթ կետ ենք ներկայացրել, դրանց ընդունելու պայմաններում մենք կգնանք համագործակցության: Եղբայր, կետերով չեն կառավարում երկիրը: Մենք պետք է հասկանանք, որ երկիրը խորը ճգնաճամային վիճակում է: Եթե համեմատելու լինենք նախորդ տարվա հետ, այս տարվա ֆինանսական վիճակը ծանրագույն է. եթե երկիրը ամեն մի ծակ ու ծուկը փակելու համար գնում պարտք է վերցնում, իր բյուջեի դեֆիցիտը փակելու համար պարտք է վերցնում, դա նշանակում է՝ նա ֆինանսական խորը ճգնաժամի մեջ է: Առավել եւս, որ այդ պարտքերը չեն գնում արտադրության զարգացմանը, որը հնարավորություն կտա ստանալ եկամուտ ու այդ եկամտի շնորհիվ փակել վերցված պարտքերը: Ներողություն, բայց դուք պարտք եք վերցնում արդեն կերածը փակելու համար:

Այս վիճակում կոալիցիա ստեղծելը, եթե ներքին խնդիրների կարգավորումը չէ, միգուցե արտաքին խնդիրներ կան, բայց եթե ներքին խնդիրները չեն կարգավորվում, ես չեմ հասկանում այդ կոալիցիայի իմաստը: Եթե խոսքը գնում է` այս Սահմանադրությունը երկուսովս պաշտպանել ենք, սա ենք արել, նա ենք արել` հիմա գնում ենք իրականացնենք… Թողնենք մի կողմ, որ Սահմանադրությունը մեծագույն կեղծիքներով է անցել, բայց համարենք, որ ժողովուրդն է մեծամասնությամբ ձեզ ձայներ տվել. դե, իրականացրեք, ժողովուրդը ձեզ մանդատը տվել է: Այդտեղ ես չեմ տեսնում դրա կարիքը: Ուրեմն դուք տեսնում եք, որ լուրջ, խորը, խուլ դիմադրություն է լինելու, որովհետեւ ժողովուրդը չի ընկալել ձեր սահմանադրական փոփոխությունները: Դրա համար, բարի եղեք, սկզբում ձեր ընդհանուր եւ կոնկրետ ծրագիրը ներկայացրեք, հասկանանք, թե ինչ կոալիցիա եք ստեղծում:

Ն. Գ.- Այսինքն՝ քաղաքական դաշտում ՀՀԿ-ն իր տե՞ղն է փորձում ամրագրել, ապահովագրել:

Ա. Ս.- Միգուցե: Չգիտեմ: Բայց մի լուրջ բան կա. ես համարում եմ, որ դա վիրավորանք էր, երբ իրենց վաղվա գործընկերներն իրենց հայտարարում են, թե հեղինակազրկված են որպես իշխանություն, իրենք էլ գալիս են, որ այդ հեղինակազրկված իշխանությունը երկիրը մինչեւ վերջ չտանի քայքայման: Ինչպե՞ս որոշվեց այս խնդիրը` ներողություն խնդրեցին, ասացին՝ սխալվել էինք, ուրիշ հանգամանքներ նկատի ունեինք:

Ն. Գ– Պարոն Նիկոյան, երեկ ընդդիմադիր պատգամավոր Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՀՀԿ-ականների փոխարեն՝ ինքն էլ շատ երկար կմտածեր ՀՅԴ-ի հետ համագործակցելուց առաջ: Նաեւ նկատեց, որ ՀՅԴ-ի հետ դաշնակցած ուժերը, որոնք կործանարար դերակատարում են ունեցել մարդկության պատմության համար, իրենք էլ կործանվել են` երիտթուրքերը, նացիստները եւ այլն: Ու ՀՀԿ-ականներին խորհուրդ տվեց. «Եթե ուզում են սաղ մնան, թող ՀՅԴ-ի հետ չդաշնակցեն»: ՀՀԿ-ականները կործանման ուղի՞ն են բռնել:

Սամվել Նիկոյան– Ես չէի ցանկանա մեկնաբանել, բացատրել Լեւոն Զուրաբյանին: Բա Լեւոն Զուրաբյանն ուրիշ ի՞նչ պիտի ասեր՝ բացի այդ բառերից: Այս համագործակցությունը ՀՅԴ-ի հետ, ի վերջո, ընդդիմությանը եւ նաեւ Լեւոն Զուրաբյանի քաղաքական ուժին բերեցին այն օրը, որում կան: Տեսեք՝ ինքն ի՞նչ է ասում` ով համագործակցում է, ոչնչանում է: Ուրիշ բան է, եթե ինքն իր փոձը բերեր, ասեր` մենք համագործակցեցինք եւ կործանվեցինք: Եթե իր անձնական փորձն է բերում, կասեի` հա, այդպես եղավ:
Բայց մենք այդպես չենք կարծում: Մենք համագործակցությանը շատ լուրջ ձեւով ենք մոտենում: Շատ ենք կարեւորում դա: Այդ համագործակցությունն իր էության մեջ երբեք էլ չի լինի այնպիսին, ինչ մենք ունեցել ենք մինչ այժմ ՀՅԴ-ի հետ: Սա մեր ապագային միտված համագործակցություն է: Այն բխում է Սահմանադրությունից, մեր տեսլականներից մեր ապագայի նկատմամբ: Այս համագործակցությունը բխում է հանրապետության նախագահի վերջին ելույթից, որը ես բարձր եմ գնահատում, եւ անկեղծ ասած՝ չեմ թաքցնում, ոգեւորված եմ նաեւ այդ ելույթով: Այս համագործակցությունը բխում է նաեւ այն անհրաժեշտությունից, որ ինչպես իմ գործընկերն ասաց՝ այն մարտահրավերները, որոնք կանգնած են մեր պետության առջեւ, մենք պարտավոր ենք փոխել մեր նախկին մոտեցումները մեր կյանքի բոլոր ոլորտներում, նոր տեմպ տանք, որպեսզի կարողանանք այդ մարտահրավերներին դիմակայել:

Զրույցի մանրամասները`

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
19.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    Նրանք չեն կարող նաև ազնավցնել, քանի որ իրենց շարքերում չունեն համապատասխան որակի և ազնվության կադրեր: Դրանց խոսքերի ու գործերի միջև ձևավորված էանհաղթահարելի անդունդ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29