Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը քննադատում է Փաշինյանին, Ջհանգիրյանին ու Ալ. Արզումանյանին՝ փոխվելու, համակարգի մաս դառնալու մեջ

Փետրվար 26,2016 15:32

90-ականներին ՀՀՇ-ի իշխանության ժամանակ ՀՀ-ում քաղբանտարկյալներ եղե՞լ են, թե՞ ոչ: ՀՅԴ-ականները քաղբանտարկյա՞լ էին: Այս հարցին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ անկախության օրվանից սկսած՝ ունեցել ենք քաղբանտարկյալներ. «Շատ եմ ցավում, որ քաղաքական հայացքների համար նախկին հետապնդվողները այսօր իրենց հետապնդողին ողջունեցին: Սա շատ ցավալի է: Մինչեւ վերջ պետք է պայքարը տանել եւ հասնել համակարգի փոփոխության, այլ ոչ թե ժամանակը անցնի, դու էլ փոխվես եւ դառնաս այդ ճնշող համակարգի մի մասը»:

Զարուհի Փոստանջյանը նկատի ուներ Նիկոլ Փաշինյանին, Ալեքսանդր Արզումանյանին եւ Գագիկ Ջհանգիրյանին. «Բոլորը ողջունեցին Թաթոյանին՝ հիմնավորմամբ, թե իբր նա կապ չի ունեցել Մարտի 1-ի գործերի հետ: Փորձում էին մոլորեցնել հանրությանը: Եթե դու շարունակում ես նույն քաղաքականությունը, մարդու իրավունքների եվրոպական դատարանում իշխանություններին ես ներկայացնում՝ անկախ նրանից, թե այդ փաստաթուղթը դու չես ուղարկել՝ դու նույն քաղաքականությունն ես սպասարկել»:

Հարցին՝ Արման Թաթոյանի առաջին գործը եղավ Վարդգես Գասպարիի հետ կապված ուսումնասիրություն կատարելը եւ նաեւ հայտարարությունը օմբուդսմենի, դա ձեզ բավարարո՞ւմ է: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»:

Մեր հարցին՝ ի՞նչ պետք է աներ, որ չի արել, ի՞նչ կարող էր անել՝ նա պատասխանեց «Անձամբ ինքը պետք է նախ գնար: Եթե դու ստանձնում ես մի պաշտոն եւ կա ահազանք ՔԿՀ-ում կտտանքների վերաբերյալ, առաջին քո քայլը դա պետք է լիներ, այլ ոչ թե քո աշխատակիցներին ուղարկեիր: Դու ինքդ պետք է տեսնես, զգաս, թե ինչ է տեղի ունեցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29