Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ պատկերացնում՝ ինչ խայտառակ վիճակ է լինելու Հայաստանի համար»,- ասում է ՄԻԵԴ դիմած Սարգիս Քլոյանը

Մարտ 02,2016 16:17

«Պատասխանը մեկն է՝ Չերյեմուխա 7 տեսակի զենքով երեք քաղաքացի զոհվել է, ներքին զորքերն են սպանել: Չգիտեմ՝ Հայաստանի կառավարությունն ունի՞ պատասխան, թե՞ չունի պատասխան կամ ինչ պատասխան կտա, բայց մեր փաստաբանները լավ հակահարված կտան կառավարության տված հարցերին ու պատասխաններին»,- Aravot.am-ին ասաց մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Սարգիս Քլոյանն ասաց, որ զրուցել է գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած փաստաբանների հետ, տեղեկացել, որ ՄԻԵԴ-ը դեռ անցած տարի սեպտեմբերին Հայաստանի կառավարության հետ սկսել է հարցուպատասխանի փուլը, կառավարությունն էլ պաշտոնական գրությամբ ՄԻԵԴ-ից մինչև մարտ ամիսը ժամանակ է խնդրել հարցերին պատասխանելու համար, քանի որ ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի այլ գործերով ծանրաբեռնված են։

«Վերջին ժամկետը մինչեւ մարտի 25-է, իսկ ժամկետն ավարտվելուց հետո պետք է պատասխանեն Եվրադատարանին, եթե չպատասխանեցին, չեմ պատկերացնում՝ ինչ խայտառակ վիճակ է լինելու Հայաստանի համար: Եվրադատարանից ակնկալում ենք՝ խիստ կդատապարտի ու կպատժի, միգուցե, եթե դատն էլ շահենք, մեզ բարոյական ու նյութական փոխհատուցում տան»,- ասաց Սարգիս Քլոյանը։

Երեկ լրացավ «Մարտի 1-ի» դեպքերի ութ տարին, պարոն Քլոյանից հետաքրքրվեցինք, դեպքերից ութ տարի անց ինչու մարտի 1-ի դեպքերի համար որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց, չեղան բացահայտումներ, մեր զրուցակցի խոսքով. «Որովհետեւ չունեն հարցի պատասխանը, այն ճյուղի վրա, որ նստած են այս իշխանությունները, երբեք այդ ճյուղը չեն կտրելու: Պարզ է՝ այս իշխանության օրոք է եղել, այս իշխանության հրամանով են գնդակահարել այս ժողովրդին, այս իշխանության արած գործը ոնց իրենք կբացահայտեն: Իհարկե, չեն բացահայտի, ուղղակի ժամանակ են ձգձգում: Ուշ-շուտ Եվրադատարանում բոլոր հարցերը կլուծվեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031