Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ. Հիմնադիր խորհրդարանի անդամ Հովհաննես Ղազարյանի ներկայացուցիչները կդիմեն Եվրոպական դատարան

Մարտ 03,2016 20:35

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արդեն տեղեկացրել է, որ ի թիվս «Հիմնադիր խորհրդարանի» մի շարք անդամների,  «Հիմնադիր խորհրդարանի» Լոռու մարզի համակարգող Հովհաննես Ղազարյանի նկատմամբ ևս իրականացվել է քաղաքական հետապնդում, մասնավորապես՝ 2015 թ. ապրիլի 7-ին նրա բնակարանում և նրա տրամադրության տակ գտնվող գրասենյակում կատարվել են խուզարկություններ, ինչից հետո վերջինս, առանց իրավական հիմքի, բերման է ենթարկվել ՀՀ ՀԿԳ Վարչություն՝ վկայի կարգավիճակով, որտեղ մնացել է 11 ժամ:

Հովհաննես Ղազարյանի իրավունքների պաշտպանության նպատակով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներգրավվել են փաստաբաններ Ա. Հարությունյանը և Ա. Սուքիասյանը:

Խուզարկության ընթացքում ապօրինաբար առգրավված իրերը վերադարձնելու, ինչպես նաև խուզարկություն կատարելու թույլտվության մասին դատարանի որոշումների պատճենները տրամադրելու պահանջով դիմում է ներկայացվել ՀԿԳ Քննչական վարչություն: Մերժում ստանալուց հետո բողոք է ներկայացվել Դատախազություն, ապա՝ դատարան:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բողոքը բավարարել է մասնակիորեն` Հովհ. Ղազարյանին հնարավորություն ընձեռելով՝ օգտվելու կասկածյալի կամ մեղադրյալի իրավունքներից, այն է՝ ծանոթանալ իր մասնակցությամբ իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին և պատճենահանել դրանք, ինչպես նաև ցուցում է տրվել՝ 2015թ.-ի մայիսի 13-ի դիմում-բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու:

Դատարանի կողմից մերժվել են 2015թ. ապրիլի 4-ին Հովհ. Ղազարյանի բնակարանում և գրասենյակում կատարված խուզարկության ընթացքում թույլ տրված իրավունքների խախտումների փաստացի ճանաչման և առգրավված իրերի վերադարձման պահանջները, որոնց մասով ներկայացվել է վերաքննիչ բողոք:

2015 թ. հոկտեմբերի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է այն:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի վերոնշյալ որոշման դեմ Հովհ. Ղազարյանի ներկայացուցիչ Արթուր Սուքիասյանի կողմից 2015 թ. նոյեմբերի 14-ին ներկայացվել է վճռաբեկ բողոք:

2016 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Հովհաննես Ղազարյանի ներկայացուցիչ Ա. Սուքիասյանի կողմից ներկայացված բողոքը՝ պատճառաբանելով, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 414.2 (Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը) հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ  կետերով սահմանված հիմքերը հիմնավորված չեն (Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ` 1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, 2) առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա):

ՀՀ Վճռաբեկ դատարանը  գտնում է. «….բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:»

Հովհաննես Ղազարյանի ներկայացուցիչներ Ա. Սուքիասյանը և Ա. Հարությունյանը պատրաստվում են դիմել Եվրոպական դատարան:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031