Այսօր Ամերիկայի միացյալ նահանգների Ջորջիա նահանգի Սենատն ընդունել է 991-րդ բանաձեւը, որով «2016 թվականի ապրիլը ճանաչվել է ցեղասպանության մասին իրազեկման եւ կանխարգելման ամիս»: Այս տեղեկությունը հաղորդել է Ամերիկայի Հայկական համագումարը:
Բանաձեւում նշված է, որ «երբ շրջանառության մեջ է դրվել «ցեղասպանություն» տերմինը, Ռաֆայել Լեմկինը հետազոտել է 1915 թվականի ապրիլին հայերի եւ այլ քրիստոնյաների բռնի ուծացման, բնաջնջման ու բռնագաղթի փաստերը: Նա նաեւ մեջբերել է 1939 թվականին Հիտլերի արած հայտնի հայտարարությունը, թե ո՞վ է հիմա հիշում հայերի ջարդերի մասին»:
Ջորջի նահանգի Հայկական համագումարի ղեկավար Վահան Քասաբյանը նշել է. «Ինձ համար պատիվ է հանդիպել եւ միանալ Ջորջիա նահանգի Սենատի անդամներին՝ ապրիլը, որպես ցեղասպանության իրազեկման ամիս ճանաչելու գործում: Բանաձեւին երկու կուսակցություններ են սատարել եւ մենք կշարունակենք մեր ջանքերն ուղղված ցեղասպանության ճանաչման ու իրազեկմանը մարդու իրավունքների վերաբերյալ մեր կրթական ծրագրում»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ