Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաշնամուրային թագուհին» կրկին Երեւանում է

Մարտ 11,2016 12:30

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան) հրավերով կրկին Երեւանում է «դաշնամուրային թագուհի» Վալենտինա Բաբորը: Ըստ «Առավոտին» հասած տեղեկության, երբ գերմանացի արվեստագետը մարտի 8-ին հայտնվել է «Զվարթնոց» օդանավակայանում, նրա հմայքից «քարացել» են թե տեղի աշխատակիցները եւ թե այդ պահին այնտեղ գտնվողները:

Valentina_Babor-4
Մեզ հետ զրույցում օրիորդ Բաբորը հիացմունքով նշեց, որ դեռեւս Երեւանի օդանավակայանում է տեղեկացել, որ մարտի 8-ից սկսած՝ մեր երկրում հայտարարված է կանանց միամսյակ, հետո էլ ժպտալով հավաստիացրեց, թե Գերմանիա վերադառնալուն պես այս մասին ինչ-որ կերպ կտեղեկացնի Գերմանիայի կառավարությանը: Հմայիչ դաշնակահարուհին՝ սկսած 1996թ., սպասված հյուր է աշխարհի հեղինակավոր համերգասրահներում եւ նվագախմբերի կողմից, զուգահեռ դասավանդում է Պարմայի Arrigo Boito կոնսերվատորիայում: Վերջերս Վիեննայի «Ամադեուս» երաժշտական դպրոցի տնօրինությունը նրան ընտրել է միջազգային դեսպան: Այս առիթով Վալենտինա Բաբորն ասաց. «Սիրով ու նվիրվածությամբ եմ կատարում դեսպանի առաքելությունը, հաճախ վարպետության դասընթացներ անցկացնելու առիթով ճանաչված երաժիշտներ եմ հրավիրում դպրոց, իսկ տաղանդավոր սաներին օգնում եմ, որպեսզի հնարավորինս հաճախ երեւան տարբեր փառատոներում, որտեղ էլ նրանցից ոմանց արդեն նկատել են մենեջերները»:

Valentina_Babor-2

Վալենտինա Բաբորը եւ Դեվիդ Գարեթը՝ ելույթի պահին:

Մեր զրուցակիցը սոլո կարիերային զուգահեռ կարեւորում է կամերային տարբեր կազմերով, հատկապես իր համերկրացի, ամերիկաբնակ Դեվիդ Գարեթի հետ վերջին ելույթները: «Ափսոսում եմ, որ Դեվիդին դեռեւս հայաստանցի հանդիսատեսը չի հանդիպել, սակայն մեր համատեղ համերգներից Yuotub-ում տեղադրված տեսանյութերից կարող եք ծանոթանալ այսօր աշխարհում մեծ պահանջարկ վայելող ջութակահարի արվեստին, մանավանդ՝ ունեք պրոֆեսիոնալ ունկնդիր»,- հայտնեց դաշնակահարուհին: Հետո էլ հավելեց, որ վերջերս Նյու Յորքում կայացել է իր «Դաշնամուրային թագուհի» ալբոմի շնորհանդեսը, որի պրոդյուսերը հենց Դեվիդ Գարեթն է: Ասաց նաեւ, որ Sony ֆիրման աշնանը կթողարկի իր եւ ջութակահարի CD-ն, որտեղ տեղ են գտել Մայքլ Ջեքսոնի երգերի փոխադրումները:

Valentina_Babor-3
Դիտարկմանը, թե բարձրարվեստ երաժիշտ լինելուց բացի, հավանաբար կարիերայի ընթացքում օգնել է նաեւ արտաքին գրավչությունը, Վալենտինա Բաբորը պատասխանեց. «Երբեմն՝ այո, երբեմն՝ ոչ: Այդ մասին չեմ մտածել, բայց աշխարհի կանայք, համոզված եմ, որ ձգտում են մշտապես գեղեցիկ երեւալ: Ի դեպ, Հայաստան առաջին այցիս ժամանակ հիացա հայուհիներով»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ. «Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 11-ին ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Վալենտինա Բաբորը հանդես կգա Սեն-Սանսի դաշնամուրային 2-րդ կոնցերտի կատարմամբ, դիրիժորն է հայաստանցի ունկնդրին ծանոթ Ալդո Սիսիլլոն (Իտալիա):

«Առավոտ» օրաթերթ
10.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031