Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Մարտ 14,2016 13:46

Համապետական ընտրությունների եւ, մասնավորապես, անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի համակարգային ու համատարած կեղծումից հետո իշխանությունները դարձյալ չանսացին միջազգային կառույցների հորդորները: Ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ էր նոր Ընտրական օրենսգրքի մշակման ընթացքում ընդունել միջազգային հանրության, հասարակական դաշտի եւ քաղաքական ուժերի առաջարկները, ինչը չարվեց:

ՀՀ քաղաքացիների, միջազգային եւ իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կառույցների, ինչպես նաեւ ընդդիմադիր կուսակցությունների համոզմամբ՝ քաղաքացու քվեն մշտապես կեղծվել, գողացվել ու անարգվել է.

• լցոնումների ու երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկությունների,
• իշխանական ռեսուսների ի չարս օգտագործման,
• քաղաքացիների ահաբեկման ու կաշառման,
• ընտրակեղծարարների պարտակման եւ անպատժելիության մթնոլորտի ձեւավորման միջոցով:

Հանրությունը եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը մշտապես հանդես են եկել մեծամասնական ընտրակարգին դեմ, քանի որ վերը թվարկված պետական հանցագործությունների հիմնական կազմակերպիչներն ու իրականացնողները ՀՀԿ-ականներն են, թաղային հեղինակությունները եւ օլիգարխները, որոնք առաջադրվում էին մեծամասնական տեղերում ընտրվելու համար՝ միաժամանակ ընդլայնելով ընտրակեղծարարության շրջանակները հօգուտ իշխող կուսակցության:
Ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծով նահանջ է արձանագրված գրեթե բոլոր կարգավորումներում, որոնք պետք է ապահովեին ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը:

Մասնավորապես՝

• սահմանափակված են հանրային վերահսկման եւ լրատվամիջոցների լուսաբանման հնարավորությունները, դիտորդների ու վստահված անձանց լիազորությունների իրացումը,
• ընդլայնված են կրկնաքվեարկությունների եւ այլոց փոխարեն քվեարկելու հնարավորություններն ու սողանցքները,
• էապես նվազեցված են ընտրական գործընթացներին սուղ պայմաններ ունեցող կուսակցությունների եւ միավորումների մասնակցության շանսերը,
• նվազագույնի են հասցված արդյունքների բողոքարկման միջոցները:

Միաժամանակ այսպես կոչված՝ համամասնական ընտրակարգի քողի տակ առաջարկվում է այնպիսի մեխանիզմ, որի ժամանակ ավելի վառ են դրսեւորվելու մեծամասնական ընտրական համակարգի արատները: Դժվար չէ պատկերացնել իշխող Հանրապետական կուսակցության ցուցակների բովանդակությունը 13 ընտրատարածքներում: Դրանք տեղի իշխանիկների, օլիգարխների եւ թաղային հեղինակությունների ցուցակներ են լինելու, որոնք առավել մեծ ջանասիրությամբ են լծվելու ընտրակեղծարարության, ընտրակաշառքի ու քաղաքացիների ահաբեկման գործին:

«Ժառանգություն» կուսակցությունը խորին մտահոգություն ու հիասթափություն է հայտնում նոր ԸՕ-ի շուրջ ծավալված գործընթացների առնչությամբ: Ներկայացված նախագիծն այնքան արատավոր է, որ մի շարք փոփոխությունների դեպքում անգամ չի կարող լիարժեք ապահովել արդար, թափանցիկ ու ազատ ընտրություններ: Այդպիսի փաստաթղթով ընտրությունների նախաձեռնումը արտագաղթի նոր ալիք է առաջացնելու եւ վերջնականապես երկիրը նետելու է միակուսակցական ճահճի մեջ:
Սթափ դատող բոլոր քաղաքական ուժերին, կազմակերպություններին, երիտասարդական հոսանքներին, քաղաքացիներին կոչ ենք անում համախմբվել այս ազգադավ գործողությունները դադարեցնելու եւ երկրում իրական փոփոխություններ կենսակոչելու գործի շուրջ:

«Ժառանգություն» կուսակցությունը սատար է կանգնելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք միտված են կանխելու իշխանության ապօրինի վերարտադրության նախապատրաստումը, կուսակցական դիկտատուրայի հաստատումն ու քաղաքացիների իրավունքների ոտնահարումը:

14 մարտի 2016
Երեւան
«Ժառանգություն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031