Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը Փոստանջյանին ակնարկեց, որ իրեն պետք է զրկեն ձայնի իրավունքից՝ տեւական ժամանակ (Տեսանյութ)

Մարտ 15,2016 14:27

ԱԺ-ում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Ռուբեն Հակոբյանի, Թեւան Պողոսյանի հեղինակած՝ «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորներին կարգազանց որակել:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ այս 9 տարիների ընթացքում, ինչ պատգամավոր է, սա միակ օրենսդրական նախաձեռնությունն է, որ դրական եզրակացություն է ստացել եւ մտել է ԱԺ նիստերի օրակարգ. «Չէի պատկերացնում, որ իմ կողմից հեղինակած առաջին օրենքը, որը պետք է ընդունվի, կվերաբերվեր ԱԺ կարգազանց պատգամավորներին: Կարծում էի՝ ավելի լուրջ դերակատարություն պետք է ունենամ ԱԺ-ում, բայց հիմա այդպես է ստացվել: Լավ է, որ բոլորի համար այս օրինագիծն ընդունելի է: Կարծում եմ,  պատժամիջոցներն ավելի խիստ կլինեին, բայց, այնուամենայնիվ, որ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորները օրինազանց կհամարվեն, դա առաջընթաց է»:

ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց, որ միայն ուրիշի փոխարեն քվեարկելը չպետք է համարվի կարգազանցություն. «Օրինակ, որեւէ մեկին հանիրավի զրկել քվեարկելու հնարավորությունից, դա պակաս կարգազանցություն չէ: Մենք պետք է անդրադառնանք լիագումար նիստերի բնականոն գործընթացին խոչընդոտող բոլոր հնարավորություններին եւ սահմանենք դրանց համար պատժամիջոցներ՝ ընդհուպ զրկելով նրանց ձայնից ոչ թե մեկ ժամ, մեկ օր, այլ՝ տեւական ժամանակ»:

Հիշեցնենք, որ գազի պայմանագրի քննարկման ժամանակ Զարուհի Փոստանջյանն էր հավաքել պատգամավորների քարտերը՝ թույլ չտալով նրանց քվեարկել, ուստի Խոսրով Հարությունյանի ակնարկը, որ դա պակաս կարգազանցություն չէ  եւ պետք է պատժել՝ ընդհուպ զրկելով ձայնից, վերաբերում էր հենց տիկին Փոստանջյանին:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ողջունեց, որ կանայք, ի դեմս Փոստանջյանի, կոռեկտության շրջանակներում են փորձում պահել տղամարդկանց. «Պատգամավոր տղամարդկանց կողմից ռեպլիկներ ենք լսում, որն անընդունելի է»:

Էդուարդ Շարմազանովն էլ կոչ արեց պատգամավորների գռեհիկ ելույթներին գռեհկությամբ չպատասխանել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031