Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «ՌԴ-ն ազդում է Ադրբեջանի վրա. լայնամասշտաբ պատերազմ չի լինի»

Ապրիլ 04,2016 15:14

«Վերջին օրերին սահմանին տեղի ունեցող դեպքերը  սպասված էին: Այն գործընթացները, որոնք իրականացնում է Ադրբեջանի ղեկավարությունը, քաղաքական «իմիտացիա» են: Անկարայում որոշում կայացվեց ԼՂՀ-ի դեմ անել այն, ինչ տեսանք ապրիլի առաջին օրերին»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Ռոման Մելիքյանը:

Նրա բնորոշմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱՄՆ-ում տեղի ունեցած միջուկային անվտանգության գագաթաժողովից վերադառնալուց հետո հայտարարեց, որ ԱՄՆ-ի կողմից ԼՂՀ հակամարտությունը «որոշելու» համաձայնություն ունի. «Դրանով նա հասկացրեց, որ որոշումը ռազմական է: Սա ուղերձ է նաեւ Ռուսաստանին, որը վերջին շրջանում որոշակիորեն չեզոք է գործում Ադրբեջանի հանդեպ: Այս իրավիճակում ՌԴ-ի մասնակցության հետ կապված լուրջ վերլուծություն չկա, քանի որ ՌԴ-ն Սիրիայում եւ Ուկրաինայում ծախսելով մեծ ռեսուրսներ, ձեռնտու չհամարեց Հարավային Կովկասում սրել իրավիճակը: Ռուսաստանը ցանկանում է «պահպանել» Ադրբեջանին որպես գործընկեր»:

Ռոման Մելիքյանը կարծում է, որ միջազգային հանրությանը ձեռնտու չէ Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ պատերազմի վերսկսումը, ինչը չի կարելի ասել Արեւմուտքի պարագայում. «Արեւմուտքին ձեռնտու է, որ լարվածությունն ուղղվի Ռուսաստանի դեմ, թեեւ չեմ կարծում, որ լարվածությունը ստեղծվում է Արեւմուտքի անմիջական ազդեցությամբ: Իրանը եւս շահագրգռված չէ ռազմական գործողությունների վերսկսմամբ, բայց երեկ տեսանք, որ ռմբակոծվել են Իրանի հյուսիսային հատվածի որոշ տարածքներ, այդ պատճառով էլ Իրանը նախազգուշացրեց, որ չի ընդունի իր սահմաններում գրանցված նման պատկերը: Իրանին ձեռնտու չէ պատերազմը, նա մեծ ծրագրեր ունի կապված Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ»:

Ռոման Մելիքյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը ձեռնտու է միայն Ադրբեջանին եւ Թուրքիային. «Այդ երկրների ազգային փոքրամասնությունները բացահայտ հայտարարում են, որ չեն աջակցելու պատերազմին, բարձրաձայնում են Ադրբեջանից տարանջատվելու խնդրի մասին: Նավթի գներն էլ իջել են, Ադրբեջանը ներքին լսարանին զսպելու համար դիմում է ռազմական գործողությունների»:

Ինչ վերաբերում է Թալիշում ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակիչների հանդեպ կատարված վայրագություններին, քաղաքագետի բնորոշմամբ` դա ադրբեջանցիների պատմական ձեռագիրն է, որի միջոցով ցանկանում են ահ ու սարսափ տարածել բնակչության շրջանում:

Մելիքյանի խոսքով` Ադրբեջանի վրա Ռուսաստանի կողմից ներազդեցություն կա, ուստի լայնամասշտաբ պատերազմ չի կանխատեսվում. «Եթե մեզ հաջողվի որոշակի տարածքներ գրավել, ապա Ռուսաստանի կողմից ավելի սուր մասնակցություն կնկատվի»:

Ինչ վերաբերում է նախագահի ելույթին, ըստ բանախոսի, ՀՀ-ն որոշակիորեն` իրավական առումով, ճանաչում է ԼՂՀ անկախությունը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930