Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է ոչ ասենք, որ հարգեն, Հովիկ Աբրահամյանը պիտի հրաժարվի ԵԱՏՄ նիստին գնալ». Բագրատյան (Տեսանյութ)

Ապրիլ 06,2016 13:41

«Արցախի հանրապետության ղեկավարությունից ստացել ենք տեղեկություն, որ երեկ գիշեր, մինչեւ այսօր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պահպանվում է հարաբերական անդորր: Ադրբեջանական ագրեսորների բլից-կրիգը ձախողվել է: Բոլոր բնակավայրերը գտնվում են ԼՂՀ ՊԲ վերահսկողության ներքո: Հայ ժողովուրդը պարտադրել է այս խաղաղությունը: Մենք միասնական ենք, մեր արդար պայքարը միայն գնալու է դեպի հաղթանակ»,- այսօր ԱԺ նիստն այսպես սկսեց փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Խաչատուր Քոքոբելյանն էլ հայտարարությամբ հանդես եկավ, որ վերջին մի քանի օրերին ԼՂՀ նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ակնհայտ ռազմական գործողությունները եւ հակառակորդի կողմից գործածած ռուսական արտադրության հարձակողական տիպի զինտեխնիկան ցույց տվեցին, որ ՌԴ-ի կողմից պարբերաբար Ադրբեջանին զինամթերքի մատակարարումը ոչ թե բիզնես է, ինչպես է իրենք էին ասում, այլ այդ վաճառքով ՌԴ-ն խախտում է տարածաշրջանում ուժերի բալանսը, ինչը խաթարում է ԼՂ կոնֆլիկտի խաղաղ բանակցային գործընթացը»:

Նա հորդորեց ՀՀ իշխանություններին մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ից պահանջել, որ հավատարիմ մնա ՀԱՊԿ պայմանագրի 1-ին հոդվածին, եւ 1997 թվին ստորագրված ՌԴ-ՀՀ բարեկամության պայմանագրին եւ խզել զենքի մատակարարման պայմանագիրը Ադրբեջանին:

Հրանտ Բագրատյանն էլ քննադատեց, որ համաձայն չէ մեր արտաքին քաղաքականության շատ տարրերի հետ, դրանք փափուկ են եւ չկշռադատված: Նա ասաց, որ պետք է Հովիկ Աբրահամյանը հրաժարվի եւ չմասնակցի ԵԱՏՄ նիստին, այն պետք է անցկացվեր Երեւանում. «Մեզ համար ծանր օրեր էին: Չեմ հասկանում ինչո՞ւ դա պետք է տեղափոխվի Մոսկվա: Ի վերջո հասկացեք, բարեկամներ, մենք պիտի ոչ ասենք, որ մեզ հարգեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930