Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Մեզ պետք է այլ դիվանագիտություն եւ մեզ պետք է այլ որակի աշխատանք դիվանագիտության մեջ»

Ապրիլ 07,2016 15:35

«Հայկական կողմը ոչ մի դեպքում չպետք է գնա 1994 թվականի զինադադարի մասին համաձայնագրի վերանայմանը»,- ապրիլի 7-ին Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված փորձագիտական կլոր սեղանի ընթացքում ասաց քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ըստ նրա՝ համաձայնագրի ցանկացած վերանայումը Ռուսաստանի եւ Ադրբեջանի ցանկությունն է Լեռնային Ղարաբաղին դուրս թողնել զինադադարի պահպանման ձեւաչափից. «Կա 1994 թվականի պայմանագիր եւ կա խնդիր: Խնդիրը հետեւյալն է, որ  1994 թվականի համաձայնագիրը  թույլ չտվեց, որպեսզի Ադրբեջանն իր այս հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա չգործի: Հետեւապես՝ համաձայնագիրը, որպես այդպիսին, ձեռք չտալով, հայկական կողմը պետք է հարցը բարձրացնի՝ իրականացնելու Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված այդ մեխանիզմները՝ վստահության միջոցառումների միջազգային մեխանիզմները՝ իր ռազմատեխնիկական բաղկացուցիչով եւ միջազգային հետաքննությունների մեխանիզմները՝ զինադադարի ռեժիմի հնարավոր խախտումների դեպքում՝ ինչ պետք է արվի: Այդ մեխանիզմները հայկական կողմը պետք է մինչեւ վերջ պահանջի, որպեսզի իրականացնի Ադրբեջանը: Դա այն էր, ինչին Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ կողմ է, իսկ Ադրբեջանը, իհարկե՛, Ռուսաստանի դրդմամբ հրաժարվում է»:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի, հայկական կողմը այսօր շատ անելիք ունի, եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործած սարսափելի սխալը պետք է ուղղվի. «Լեռնային Ղարաբաղը պետք է լինի բանակցության կողմ: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը հնարավոր չէ լուծել առանց Լեռնային Ղարաբաղի, դա ուղղակի դեմ է տրամաբանությանը»:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով՝ հայկական դիվանագիտությանը պետք է որակազրկել՝ մինչեւ ապրիլի 1-ի մեկը կատարած աշխատանքի համար. «Իսկ պարոն Էդուարդ Նալբանդյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի Հայաստանի հասարակությունից եւ հեռանա պաշտոնից կամ հեռացվի: Մեզ պետք է այլ դիվանագիտություն եւ մեզ պետք է այլ որակի աշխատանք դիվանագիտության մեջ: Հայ զինվորը այսօր, հերոսաբար պաշտպանելով սահմանը, գերազանց հաղթաթղթեր է տվել հայկական դիվանագիտությանը: 4.5 օր տեւած պատերազմը ժամանակակից պատերազմի համար չափազանց մեծ ժամանակ է: Այս ընթացքում նախահարձակ Ադրբեջանը գրանցեց 0.00 տոկոս հաջողություն, բայց ուղղված էր էապես ստատուս քվոն փոխելու: Փոխե՞ց, իհարկե՛, ո՛չ: Դա տեղի ունեցավ միայն եւ բացառապես հայ զինվորի քաջության շնորհիվ: Եվ այսօր մեզ պետք է համապատասխան որակի դիվանագիտություն, որը իմ նշած կետերը կդարձնի իրականություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930