Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսել են խուզարկել փաստաբանին

Ապրիլ 08,2016 14:30

Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, լրագրող Սոնա Մալումյանը 11-օրյա հացադուլը դադարեցրել է: Երեկ նա հեռախոսով հայտնեց, որ հացադուլի ողջ ընթացքում, բացի իր պաշտպան Արա Ղարագյոզյանից եւ «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության ներկայացուցչից, որեւէ մեկն իրեն չի այցելել:

-Անկախ ամեն ինչից, շատ եմ սիրում Հայաստանն իր բոլոր դրական եւ բացասական դրսեւորումներով: Լինելով հետաքրքրասեր մարդ՝ բառիս առողջ եւ լավ իմաստով, ցանկանում եմ հասկանալ, թե ով ինչ իրավասություն ունի: Չմտածեք, թե շահարկում եմ վիճակս, թեեւ 11 օր հացադուլի մեջ լինելով, ինձ ոչ ոք չի այցելել տեղի վարչակազմից: Պարզապես հիմնարկի երկու տեղակալներ եկան՝ երկու դատապարտյալների բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու նպատակով, ինձ հորդորելով, թե մի օր էլ իմ բախտը կբերի: Մոռանալով, որ իմ բախտը 1 տարի 4 ամիս առաջ բերել էր, մնում է բախտս իրագործվի: Պարզապես ուզում եմ նշել, որ դիմումով դիմել եմ ՀՀ նախագահին, եւ զանգահարելով նախագահի նստավայր, անմիջական կապ հաստատեցի Կոտայքի մարզը սպասարկող Կարեն Գասպարյանի հետ: Վերջինս, իր խոսքերով, ծանոթ էր դիմումիս բովանդակությանը եւ միամիտ լոռեցուս հետ հարցուպատասխանից հետո լիարժեք տեղեկացավ նամակիս: Իսկ ինձ պատասխանեց, թե խելամիտ ժամկետներում, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում կպատասխանեն նամակիս:

Իհարկե՝ վրդովվեցի, հավելելով, որ մի՞թե 30 օր էլ է պետք գտնվելու հացադուլի մեջ, ինչին Գասպարյանը պատասխանեց, թե կարգն է, որը երեւի թե միշտ ի վնաս մեզ է աշխատում: Եվ նախագահի պարտականությունների մեջ չի մտնում քրեակատարողական հիմնարկների վարչության եւ հիմնարկների վերահսկողությունը: Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներն այլ պետություններ են:
Հետո Կարեն Գասպարյանի մեկնաբանությունից հասկացա, որ հանրապետության նախագահի իրավասություններն այնքան սահմանափակ են, որ ակամայից կարելի է նախանձել ՔԿՀՎ պետ Ա. Օսիկյանի հնարավորություններին:

Կ. Գասպարյանը վերջնականորեն շեշտեց, որ նախագահը չի կարող միջամտել հարցին, նույնիսկ եթե պահանջս օրինական է: Սրանով հասկացնելով, որ թուղթ եմ մրոտել, եւ հարցս մնալու է քավոր-սանիկային հարաբերությունների մակարդակի վրա: Թվում էր, թե օրս անգույն էր ավարտվելու: Այնինչ հայտարարեցին, որ ինձ ցանկանում է տեսնել պաշտպանս՝ Արա Ղարագյոզյանը: Նրա հետ տեսակցվելս՝ ուղիղ 35 րոպե, խոչընդոտվում էր տեղի վարչակազմի կողմից: Երբ մեզ տարան ընդհանուր տեսակցության սենյակ, պաշտպանս չհամաձայնեց՝ պահանջելով առանձին սենյակ:

Սկսեցին խուզարկել պաշտպանիս, ինչը հակացուցված է ըստ կանոնակարգի: Եվ ամենահետաքրքիրը՝ մեր առանձնազրույցի ընթացքում պետք է ներկա գտնվեր հսկիչը, ինչը իսպառ վերացնում է պաշտպան եւ դատապարտյալ կոնֆիդենցիալությունը:
Պաշտպանս կրկին հակադարձվեց: Դե, հիմա եկեք ու մի ասեք, որ իմ նկատմամբ կողմնակալություն բառը վատ իմաստով չի դրսեւորվում: Ի դեպ, նշեմ, պաշտպանիցս տեղեկացա, որ մեկն ասել է, թե իբր հացադուլիս ժամանակ ինձ մեկն այստեղ կերակրել է: Զարմացա եւ հաճելիորեն շոյվեց էգոս, քանի որ կներեք անհամեստությանս, թե որքան հզոր եմ ես, որ 24 ժամ հսկվելով հսկիչների կողմից, կարողանում եմ կերակրվել, այս ամենով հասկացնելով պետին, որ դու լավ ղեկավար չես, քո տուն գնալու ժամանակն է:
Այս խոսքերը լսելով՝ ակամայից հիշեցի ամուսնալուծված տղամարդկանց մասին, որոնց հիմնական մասն ամուսնալուծությունը պատճառաբանում է կնոջ դավաճանությամբ, մոռանալով, որ իրեն է խայտառակում, դիմացինին համոզելով, որ ինքը տղամարդ չէ: Իսկ իմ պարագայում պետը պետ չէ: Հիշեցնեմ, որ պետս վերջերս հարցրել էր մեկին, թե ինչու է նա ինձ հավի կոտլետով կերակրում: Ինչին ընկերս զարմացել էր, հավելելով, թե հավի կոտլետ վերջին անգամ Նոր տարուն է կերվել: Հաշվի առնելով այս բոլորը՝ դիմում գրեցի պետին, որ ինձ այլեւս բալանդա չուղարկի, քանզի քիմքիս հարիր չէ, եւ ապահովի միայն հավի կոտլետներով, բելոչկա կոնֆետներով:

Պահանջեցի նաեւ, որ անցկացնի համապատասխան բժշկական հետազոտություն՝ արդյոք քաղցա՞ծ եմ, թե՞ ոչ: Բայց ձայն բարբառոյ հանապատի: Ինչ-որ լափ գտնելու ակնկալիքով, ես նրան չեմ մեղադրում: Աշխարհը պրոգրեսիա է ապրում, իսկ իրենք տեղյակ չեն: Երբ պաշտպանի գրպանից հայտնաբերել էին խոնավությունը պաշտպանող երկու բարձիկներ, նախ շատ զարմացել էին, որ աշխարհում կա այդպիսի հրաշք, եւ ուղիղ 15 րոպե պահանջվել էր անվանումը ընթերցելու համար: Ինչեւէ:

ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մոտ 40 տոկոսը թրաֆիքինգով դատված կանայք են, զգալի մասի պատժաչափերն են 7-13 տարի: Համաձայնեք, որ անմարդկային է կնոջը դատապարտել մարմնավաճառների ոհմակի մի կետից մյուս կետը տեղափոխելու համար: Գտնում եմ, որ այս կանանց պետք է պարգեւատրել, որ Հայաստանն աղբից են մաքրել: Այնինչ, վստահորեն պետք է ասեմ, որ «թրաֆիքները» շատ հացուպանիր պետք է ուտեն, որ հասնեն «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին, որը գտնվում է արդարադատության նախարարության եւ քրեակատարողական վարչության բարձր հովանու ներքո:

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում բացել էին կրակայրիչների արհեստանոց: Այստեղ կին դատապարտյալները յուրաքանչյուր կրակայրիչի համար պետք է ստանային 3 դրամ: Համաձայնեք, որ ծիծաղելի է: Հետոն ավելի ծիծաղելի է, ընկերներիս ոչ միայն մեկ ամիս աշխատեցրին առանց պայմանագրի, այլեւ տեղեկացրեցին, որ պետք է 90 լումա վճարեն յուրաքանչյուր կրակայրիչի դիմաց:

Այս պարագայում ես խարդախ եմ, դուք էլ՝ ամենազոր, ասեք, ինչ անեմ, ինչպես նայեմ Հայաստանիս:
Պատրաստեց՝ Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ
08.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930