Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Բերակչյան. «Անպայման բանակ գնալու եմ ու լավ եմ ծառայելու»

Ապրիլ 13,2016 17:17

«Ամառային օր էր, դրսում բակի երեխաները խաղում էին, ես էլ հետեւում էի երեխաների խաղին: Տիգրանը ժպտալով, շատ ուրախ, մոտեցավ`ասաց Գայանե տոտա, աչքդ լույս: Զարմացած նայեցի, հարցրեցի`ի՞նչ է եղել: Ասեց`բա չիմացա՞ր, փոխադրվեցի հաջորդ դասարան: Չփոխադրվեի, դու պիտի միջնորդեիր: Ես մանկավարժ եմ: Իհարկե, միանգամից հասկացա Տիգրանի հումորը, միասին լիաթոք ծիծաղեցինք»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօր պատմում էր Ջաբրաիլում, Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ նահատակված շարքային Տիգրան Բերակչյանի հարեւանուհին, տիկին Գայանեն:

Ընդամենն ինն ամիս հայրենիքին ծառայած եւ հերոսացած Տիգրանի թաղման արարողությունն էր այսօր: Ինչպե՞ս է մահացել Տիգրանը, հարազատները չգիտեն: Միայն գիտեն, որ մարտական ընկերների հետ, հանուն հայրենիքի պայքարել է ադրբեջանական հրոսակների դեմ, մինչեւ վերջին շունչը:

Հարազատները, բարեկամները, հարեւանները, ընկերները, ծանոթ-անծանոթ, եկել էին 19-ամյա հերոսին հրաժեշտ տալու: Բոլորը հուզված էին, միաժամանակ հպարտ:

Tigran_Berakchyan_3 Tigran_Berakchyan_2 Tigran_Berakchyan_4

Հարազատներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ Տիգրանի դին կհանգչի ընտանեկան գերեզմանոցում, ծնողներն են այդպես կամեցել: Թաղման կարգը Հայ առաքելական եկեղեցու եւ զինվորական կանոններով էր:

«Տիգրանը  երեխաներիս հետ է մեծացել, շատ հանգիստ բնավորություն ուներ, շատ համեստ էր, մեծերի նկատմամբ առանձնակի հարգանք ուներ, միշտ պատրաստակամ էր բոլորին օգնել, բարի, ազնիվ տղա էր»,- հերոսին բնութագրեց հարեւանուհի տիկին Գայանեն`նկատելով, որ Տիգրանը միշտ էլ հայրենասիրությամբ աչքի է ընկել. «Իր մոտ դա ընդգծված էր: Երբ խոսում էինք հայրենիքի, բանակի մասին, ինքը դեռ զորակոչային տարիքի էլ չէր, միշտ ասում էր`անպայման գնալու եմ, գնալու եմ ու լավ եմ ծառայելու…»:

Տիգրանենք երկու եղբայր էին: Ինքն ավագն էր:

«Շատ մեծ ցավ ենք ապրում: Ու ինչ-որ տեղ նաեւ հպարտ ենք, որ մեր կողքին նման հերոս տղա է մեծացել: Հայրենիքի ու բոլորիս համար իր կյանքը չխնայեց»,- ասում էին հարեւանները:

«Հերոսների մահը երբեք իզուր չի անցնում: Երկիրը, հողը արյունով են պահում: Մենք էլ պետք է լավ սպառազինվենք»,- ասում է մյուս հարեւանուհին`տիկին Սուսաննան` հավելելով, որ հայրենիքի համար նահատակվածների ընտանիքները պետք է մշտապես պետության հոգածության ներքո լինեն ու դա շարունակական բնույթ պետք է ունենա, ոչ թե տարերային: «Արդարություն պիտի լինի, երկիրը տնտեսապես պիտի ուժեղանա, որ քիչ կորուստների գնով կարողանանք հասնել հաղթանակի»,- ասում է նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930