Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Մեր պաշտոնական լրատվությունը լուրջ սխալներ թույլ տվեց եւ դրսում շատերը գիտեն, թե մենք պարտվել ենք»

Ապրիլ 23,2016 19:28

ՄԱՀՀԻ-ում կայացած ճեպազրույց-քննարկմանը «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը ասաց. «Սկսե՞լ, թե չսկսել բանակցությունները: Իմ կարծիքով՝ ոչ: Անհրաժեշտ է փոքր դադար առնել եւ այդ ընթացքում ներկայացնել այն իրավիճակը, ինչ ստեղծվել է: Որովհետեւ աշխարհն իսկապես ուզում է աչք փակել այն ամենի վրա, ինչ եղել է: Կարծես, ուզում է ասել՝ ոչինչ չի փոխվել: Բայց ըստ էության, այս քառօրյա պատերազմական գործողությունները էապես փոխեցին վիճակը:

Այսինքն, այն իրավիճակը, որ կա այսօր, չի կարող համեմատվել ապրիլի 1-ից առաջ եղածի հետ: Որովհետեւ, առանց այն էլ կիսամեռ բանակցային գործընթացը, որի հետ ոչ ոք հույսեր չէր կապում, մահացավ: Ինչ ասել է բանակցություն: Դա կողմերի կամքն է՝ հավատարիմ մնալ բանակցվող նպատակին: Մենք տեսանք. այս տարիների ընթացքում եւ հատկապես հիմա, Ադրբեջանը որեւէ հույս չի ներշնչում, եթե անգամ բանակցվի եւ ինչ-որ արդյունքներ ձեռք բերվեն:

Հաջորդը՝ էականորեն պետք է փոխել բանակցությունների հիմքը: Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց, տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձեւը, որ երբեմն պատերազմով սպառնալով, Ադրբեջանը փորձում է խաղարկել, այսօր կարծում եմ չի աշխատի: Կոսովոյի պարագայում աշխարհը գտավ, որ այն չի կարող լինել Սերբիայի ենթակայության տակ, որովհետեւ կա ցեղասպանության, մարդկային կյանքի վտանգ: Մենք նույն բանը, գուցե վտանգի ավելի մեծ աստիճանով, տեսել եւ տեսնում ենք Ղարաբաղում:

Ես կարծում եմ, որ առաջիկա գոնե մեկ-երկու ամիսը մեր դիվանագիտությունը, լինի պետական, խորհրդարանական, անգամ՝ ժողովրդային, հստակորեն պետք է աշխարհին իրազեկի,  թե իրականում ինչ է տեղի ունեցել: Որովհետեւ աշխարհը շատ բան չգիտի:

Ես օրերս սքայփով Վաշինգտոնի մի խումբ փորձագետների, լրագրողների հետ մասնակցում էի բանավեճի: Իրենց պատկերացումները՝ ինչ տեղի է ունենում այստեղ, բավականին աղոտ են եւ ունեն որոշակի դիրքորոշում: Օրինակ, նրանց զգալի մասը վստահ է, որ Հայաստանը պարտվել է: Եթե չեք ուզում նոր պարտություն, պետք է մի բան զիջեք: Որովհետեւ մի քանի ամիս հետո նույն իրավիճակում եք հայտնվելու: Սա Ադրբեջանի դիվանագիտության լավ աշխատանքն է:

Մեր պաշտոնական լրատվությունը լուրջ սխալներ թույլ տվեց: Նրանք աշխարհին ներկայացնում են, թե իրենք ավելի մեծ տարածքներ նվաճելու նպատակ չունեին, որ իրենք փորձնական ցույց տվեցին իրենց ուժը եւ հիմա սպասում են զիջումների: Կլինե՞ն զիջումներ, կլինի խաղաղություն, չեն լինի զիջումներ, կլինի պատերազմ, որի ընթացքում իրենք իրենց խնդիրները կլուծեն զենքով:

Մենք պիտի աշխարհին ներկայացնենք առաջին հերթին ինչ տեղի է ունեցել, երկրորդը, որ արդեն մեր ներքին խնդիրներն են, էապես պիտի մեծ փոփոխություններ արվեն Հայաստանում: Եվ պետության ներսում՝ կառավարման առումով, եւ պաշտպանության համակարգում ու բանակում:

Այս քառօրյա պատերազմը բացահայտեց շատ կարեւոր ձեռքբերումներ, որ մեր բանակն ունեցել է: Հատկապես զինվորի եւ զինվորին անմիջականորեն ղեկավարող սպայական կազմի նվիրվածությունն ու հմտությունը: Բայց միեւնույն ժամանակ, կարծում եմ, ահագին թերություններ բացվեց պաշտպանության փիլիսոփայության առումով, երբ առաջնագծի դիրքերը մահապարտի կարգավիճակ ունեին, ինչը 21-րդ դարում անընդունելի է, հատկապես մեր ժողովրդի համար:

Ինչ վերաբերում է Լավրովի տարբեր ծրագրերին, ի վերջո, Կազանի ծրագիրը նույն փիլիսոփայության շարունակությունն է: Իմ կարծիքով «Իզվեստիայով» ինֆորմացիայի կազմակերպված արտահոսքը պատահական չէր:  Եվ այն, որ Ռուսաստանը գոնե բացահայտորեն խնդիրներ, վերջնագրի ձեւով ինչ-ինչ բաներ մեր առջեւ չդրեց, շատ բանով պայմանավորված է նման մոտեցման դեմ ընդդիմության ունեցած վերաբերմունքով: Դա շատ կարեւոր է: Մեկ բան է՝ ղեկավարությանը համոզելը, թեեւ վստահ չեմ, թե մեր ղեկավարությունը կգնա նման բաների, բայց նաեւ հստակ հասկանում են, որ ցանկացած ծրագիր պիտի իրականանալի լինի: Ակնհայտ է, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Հայաստանի մաս հանդիսացող Արցախը դրան պատրաստ չէ:

Ինչի մասին Երեւանում չխոսվեց: Չխոսվեց Ադրբեջանի նախահարձակ, ոչ կառուցողական լինելու մասին: Հայաստանը պետք է պնդի ճակատային գծում տեխնիկական միջոցների տեղադրելը կամ տեխնիկական միջոցների տրամադրումով եւ տեղակայումով սահմանի ողջ երկայնքով վերահսկում իրականացնելու ԱՄՆ-ի ծրագիրը, որպեսզի պաշտոնապես ամրագրվի տարբեր փուլերում Ադրբեջանի նախահարձակ լինելը հատկապես խաղաղ բնակչության վրա: Այդ ժամանակ ճշմարտությունից խուսափել հնարավոր չի լինի եւ Կոսովոյի նախադեպը կարող է աշխատել», – ասաց Արա Պապյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930