Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հալեպում

Ապրիլ 25,2016 16:26

Ապրիլի 23-24-ը Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներ:

Ապրիլի 23-ի երեկոյան Հալեպի հայ կաթողիկե «Զվարթնոց» եկեղեցու «Աղաջանյան» սրահում երեք համայնքապետերի հովանավորությամբ անցկացվեց «Պիտի գոյատևենք» խորագրով հանդիսություն:

Ապրիլի 24-ին Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցիում Բերիո Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանի կողմից մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ:

Նույն օրը Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետ Վերապատվելի Հարություն Սելիմյանի գլխավորությամբ հայ ավետարանական եկեղեցում կայացավ Հայոց ցեղասպանության 101-րդ ամյակին նվիրված միացյալ արարողություն, որի ավարտին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը ծաղկեպսակ զետեղեց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողին:

Հալեպի «Գ. Եսայան» սրահում կայացած հիմնական միջոցառմանն ունեցած իր ելույթում Տիգրան Գևորգյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձավ օրվա խորհրդին, հայության համար այս վճռորոշ պահին համախմբվելու, մեկ միասնական բռունցք դառնալու անհրաժեշտությանը, նշեց, որ հայ ազգը միասնական է ոչ միայն, երբ հիշում ու խոնարհվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանների առջև, այլ՝ երբ պաշտպանում է հայրենիքը:

Խոսելով ապրիլ ամսվա սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների մասին՝ ՀՀ գլխավոր հյուպատոսը փաստեց, որ ադրբեջանական բանակը, հանդիպելով հայկական զինուժի կուռ դիմադրությանը, գլխովին ջախջախվել և հետ է շպրտվել մեր դիրքերից:

Գլխավոր հյուպատոսը բարձր գնահատեց հայկական ավանդական երեք կուսակցությունների՝ ՀՅԴ, ՍԴՀԿ և ՌԱԿ անվերապահ զորակցությունն Արցախի իշխանություններին, Պաշտպանության բանակին և ժողովրդին:

Ամփոփելով ելույթը՝ Տիգրան Գևորգյանը նշեց, որ սիրիահայության խնդիրները միշտ գտնվում են ՀՀ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, մշտապես և ամենատարբեր հարթակներում բարձրաձայնվում է սիրիական ճգնաժամի՝ շուտափույթ և խաղաղ լուծման անհրաժեշտությունը: Դրա ամենավառ ապացույցներից է նաև այս ծանր օրերին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անխափան աշխատանքը, որը երբեք չի դադարել լինել իր ժողովրդի կողքին և փորձել է հնարավորության սահմաններում անել առավելագույնը՝ մեր հայրենակիցներին աջակցության ձեռք մեկնելու համար:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930