Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինար Վարդանյանը Շարմազանովին առաջարկում է ոչ թե Օսկանյանի աչքերին նայել, այլ՝ ժողովրդի

Ապրիլ 28,2016 14:05

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ իր ելույթում վստահեցրեց, որ այն, ինչ առաջարկում է կառավարությունը, համամասնական ընտրակարգ չէ, թաքնված մեծամասնական է. «Մեր երկրում գոյություն ունեցող ավանդույթները բավարար չեն, որ ասենք՝ սա իրապես համամասնական ընտրակարգ է»: Նա ասաց՝ ինչ կուզեք անվանեք այս համակարգը, այն թույլ է տալու կրկնել բոլոր այն կեղծիքները, որ կային մեծամասնական ընտրակարգի համար: Ըստ նրա, այս համակարգն էլ է հնարավորություն տալիս, որ թաղային հեղինակությունները հետագայում դառնան պառլամենտի անդամներ. «Մենք քաղաքական պրոցեսները տեղափոխելու ենք թաղային, կլանային հարաբերությունների, այսուհետ ընտրություններ են լինելու ոչ թե քաղաքական կուսակցությունների մեջ, այլ՝ մայլաների, թաղերի, կլանների: Այսպե՞ս ենք փորձելու հանրային վստահությունը բարձրացնենք ընտրական գործընթացների նկատմամբ»:

Էլինար Վարդանյանն անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ականների այն թեզին, որ փոխզիջումներ են պետք, որ ձեւավորվի կոնսենսուս՝ ԸՕ –ի շուրջ: Էլինար Վարդանյանը հարց ուղղեց. «Ես ի՞նչը զիջեմ, իմ տեսակետի՞ց պետք է փոխզիջման գնամ: Զիջումների պետք է գնա նախագիծ ներկայացնողը: Ես կարող եմ իմ դեմ քվեարկելով՝ արտահայտեմ իմ վերաբերմունքը: Դուք եք, որ պետք է առաջարկների հիման վրա ձեւավորեք ընդունելի համակարգ: Երեկվանից մատնանշում եք՝ այդ ի՞նչ կուսակցություն է, որ չի ունենալու բավարար անդամներ՝ համամասնական բաց ցուցակներով ներկայանալու համար: Հարցն այդքան մի՛ պրիմիտիվացրեք»:

Երեկ Էդուարդ Շարմազանովը Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ ՀՀ-ում 20 տարի կեղծվել են ընտրությունները, պատասխանեց, որ նայում է ուղիղ իր աչքերին ու ասում՝ ուրեմն դուք էլ լեգիտիմ չեք, որովհետեւ այդ ընտրություններից հետո եք պաշտոն ստացել:

Էլինար Վարդանյանն առաջարկում է այդպես նայել նաեւ ժողովրդի աչքերի մեջ ու ասել, որ հանրաքվեն կեղծիքներով չի անցել. «Դահլիճում փակվելով եւ այստեղ իրար աչքերին նայելով՝ խնդիրները չեն լուծվում, պետք է համարձակություն ունենալ ու նայել նաեւ ժողովրդի աչքերին»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն էլ որոշեց «սիրելի Էլինարին ընկերական բան ասել»՝ ոչ ոք ձեզ չի արգելում, որ սեփական նախագիծը ներկայացնեք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930