Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկայիս ու նախկին պաշտոնյաները նվեր են Թուրքիայի ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար». Ստեփան Գրիգորյան

Ապրիլ 29,2016 16:04

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ, պատերազմը ցույց տվեց մեր ուժեղ ու թույլ կողմերը:

«Մեր ուժեղ կողմը մեր հասարակությունն է, որն ապացուցեց, որ նույնիսկ եթե չես դիմում, կոչ չես անում, պատրաստ է օգնել՝ ինչով կարող են: Մարդիկ շատ արագ ինքնակազմակերպվեցին, ով չէր կարող գնալ Ղարաբաղ, արյուն էր հանձնում, ով կարող էր գնալ, շտապեց դիրքեր»,- այսօր Գյումրիում կայացած քննարկման ընթացքում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ մատնանշելով պատերազմի բացահայտած Հայաստանի ուժեղ կողմերը:

Ըստ պարոն Գրիգորյանի, մեր միակ թույլ կողմը պետական ինստիտուտների ոչ համարժեք արձագանքն էր. «Ուժեղ ժողովուրդ, իսկ թույլ պետական ինստիտուտներ: Ոչ բոլոր դեպքերում տեսանք ադեկվատ պատասխան»:

Նա դժգոհեց ԱԳՆ-ի աշխատանքից՝ ասելով, որ նախաձեռնող չի եղել ապրիլյան այդ օրերին. «Ես դեռ ապրիլի 2-ին առաջարկել էի՝ հայկական կողմը դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, կառավարությունը պարտավոր էր դիմել: Որովհետեւ Ադրբեջանը սկսեց պատերազմական գործողություն, իսկ ակնհայտ էր, որ մի քանի օր հետո ամեն ինչ պետք է աներ, որ չերեւա՝ որ ինքն է առաջինը սկսել: Իսկ առաջինը պետք է դիմես, որ ինքն արդարանա:

Մենք չդիմեցինք, իսկ երեք օր առաջ դիմեց Ադրբեջանը՝ բողոքելով, որ Հայաստանը հարձակվում է, ասացին, որ դա է պատճառը, որ ուզում են դուրս գալ բանակցությունների պրոտոկոլներից: Այ սա ցույց է տալիս, որ մեր արտաքին քաղաքականությունը նախաձեռնողական չէ: Նստած սպասում են, թե ինչ կլինի, լավ նամակներ են գրում: Իսկ հիմա ի՞նչ ջանքեր պետք է գործադրես, ապացույցներ ներկայացնես, որ հաստատես, որ դու չես հարձակվել առաջինը»:

Պարոն Գրիգորյանն այս օրերին սպասում էր ԱԺ-ում մի շատ կարեւոր հարցի քննարկման՝ կապված հայ պաշտոնյաների արտասահմանյան ուղեւորությունների հետ. «Մեր պաշտոնյաները, որոնք գաղտնիք տիրապետող անձինք են, եւ այն նախկին պաշտոնյաները, որոնք պաշտոններ են զբաղեցրել վերջին տարիներին, ուղղակի նվեր են Թուրքիայի ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար, եթե գտնվեն դրսում: Իրենց կարող են ահաբեկել, պատանդ վերցնել: Այս օրերին մեկից չեմ լսել, որ անհրաժեշտ է որոշում ընդունել այդ ուղեւորությունները սահմանափակելու մասին:

Նախկին ու ներկայիս պաշտոնյաները իրավունք չունեն ոչ պաշտոնական այցով գտնվել արտասահմանում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անհերքելի է որ պետական կառոյցին մէջ պէտք է կատարվի մաքրագործում: Եւ ապրիլեան ճգնաժամը լաւ առիթ մըն է մի քիչ արագացնելու այդ կենսական գործընթացը:

    Այսուհանդերձ, նոյնքան հարկաւոր է վերջ դնել – երեւի ռուսատիպ ուղեղային ձեւաւորումից սեռած – միշտ ծայրահեղ, միշտ չափազանցեալ եւ արմատական խօսքերին, մտածելակերպին:

    Այլեւս կատարեալ անհեթեթ դարձաւ այն մտայղացումը թէ ամբողջ բանակը ինքն իրեն, ինքնաբուխ եւ ինքնագլուխ կերպով կատարեց ամէն ինչ որ կատարեց, այդքան սոսկալի տարողութեամբ յարձակման մը դէմ: Եւ թէ հիմա ել ինքն իրեն, վերեւից առանց որեւէ ուղղութեան, առանց որեւէ հանգամանաւոր կազպակերպութեան, առանց ատակ ու պատշաճ հրահանգների, տակաւին յաջողութեամբ դիմադրում է – կամ ել… անում է ինչ որ անում է, ձեռքերնին դալար, լաւ է որ ամէն բան չգիտնանք – :

    Եթէ բանակը համաձայն ըլլար այդ ծայրագոյն չափերով, առանց որեւէ չափի, կատաղիօրէն բացասական կարծիքներին որ արտայայտվում են կառավարութեան դէմ, ներքաղաքական մեր կրկեսին մէջ կամ փողոցային այլախոհների անխոնջ բերաններից, զինովորականութիւնը հեսա դիրքերը լքելու, եւ փախչելու էր…

    Օդից չի գոյացել Ազգային Բանակը: Անոր կազմաւորման եւ կազմակերպման մէջ էական դեր ունի իշխանութիւնը:

    Սխալին սխալ ըսենք, սակայն լաւին ալ լաւ ըսենք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930