Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսանենգը տուգանք է մուծելու ու վերջ. Կառավարությունը ազատում է մաքսանենգին քրեական պատժից (Տեսանյութ)

Մայիս 11,2016 15:15

Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ԵՏՄ անդամակցության շրջանակներում ապաքրեականացնել մաքսանենգություն հոդվածը: Այսինքն, եթե որեւէ մեկը մաքսանենգ է, ապրանքներ է ներմուծել առանց հայտարարագրելու կամ ոչ հավաստի տեղեկություններ է հայտարարագրել, ոչ թե միանգամից քրեական պատասխանատվության է ենթարկվելու, այլ նրանց առաջադրվելու են վճարել չվճարած հարկերը, փոխհատուցել պետությանը պատճառված վնասը, նաեւ տույժեր են վճարելու: Եթե չեն վճարի, նոր Քրեական օրենսգրքի 205 հոդվածը կկիրառվի:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց՝ եթե կառավարությունը այս սխեման է կիրառում, նշանակում է՝ մաքսանենգության մեծ ծավալ կա, ի՞նչ թվերի մասին է խոսքը, ինչքա՞ն հոսք պետք է լինի բյուջե՝ սրա արդյունքում:

Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Այս առաջարկությունը տնտեսվարող սուբյեկտների համար հնարավորություն է, որ եթե ինչ-ինչ պատճառներով սխալվել է՝ վարչական պատասխանատվություն կրի: Եթե մաքսանենգության ծավալները մեծ լինեին, հակառակը կլիներ, չէինք դիմի, որ ապաքրեականացվի: 185 գործեր ունենք այս պահին 465 մլն դրամ արժեքով»:

Վախթանգ Միրումյանն ասաց, որ հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու դրույթը չեն հանում, դա շարունակում է գործել:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց. «Եթե մենք ունենայինք այնպիսի տնտեսություն, որը լիներ պակաս ստվերային եւ պակաս մոնոպոլացված, միանշանակ ողջունելի կլիներ այս նախաձեռնությունը: Շատ լավ է, որ մեկ հեռախոս ներմուծողի դեպքում, որը եթե անճշտություն է թույլ տվել, դա ապաքրեականացվի: Բայց մենք ունենք այնպիսի մոնոպոլացված տնտեսություն, որ բոլոր մենաշնորհատերերին, նաեւ այստեղ նստած մենաշնորհատերերին մենք անգիր գիտենք: Մամուլում էլ հրապարակում եղավ, որ, օրինակ, շաքարը, որը ներմուծվում է, ձեւակերպվում է շաքարի բաղադրանյութ: Մենք մտավախություն ունենք, որ այս կերպ ապաքրեականացնելով խոշոր մենաշնորհատերերին հնարավորություն կտանք տուգանքը վճարել ու շարունակել իր հակապետական ապօրինի գործունեությունը: Ռիսկերը հաշվարկե՞լ ենք խոշորների դեպքում: Այդ տուգանքները իրենց օրվա արեւածաղիկ չրթելու փողն է, կվճարեն եւ կշարունակեն իրենց հակապետական գործունեությունը, քանի դեռ խոշոր մենաշնորհատերերին, որոնց անուն առ անուն գիտենք, գլխից չեն բռնել»:

ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց, որ ձեռնտու չէ տնտեսվարողներին այդ քայլին գնալ, տույժերը, տուգանքները շատ են:

Նաիրա Զոհրաբյանն էլ հիշեցրեց, որ երբ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը խոշորներին տուգանում է, ժպիտը դեմքին երջանիկ դուրս են գալիս, իրենց օրվա եկամտի չափաբաժնին անհամարժեք տուգանքը մուծում են եւ շարունակում իրենց սեւ գործը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031