Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմական այս լարված օրերին Քաշաթաղում կատարվել են ճանապարհաշինական, ոռոգման ջրատարների կարգավորման և այլ աշխատանքներ

Մայիս 13,2016 18:10

Մայիսի 13-ին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցեցին շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, վարչությունների ու բաժինների ղեկավարներ, աշխատակիցներ, Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանը:

Ս. Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախօրեին ԼՂՀ Նախագահի մոտ և կառավարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ՝ կապված հիմնականում գարնանացանի և հացահատիկի բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների հետ:

Շրջանի հարավային թևում մայիսի վերջից սկսվում է գարու բերքահավաքը, ուստի բերքն անկորուստ և ժամանակին հավաքելու համար կա անհրաժեշտություն ձևավորել օպերատիվ շտաբ՝ փրկարար ծառայության և ոստիկանության հետ համատեղ:

3

Անդրադարձ եղավ համապատասխան տեխնիկաների առկայության, ձեռքբերման և գործարկման վերաբերյալ: Ինչպես միշտ, այս տարի ևս հնձի աշխատանքներին կաջակցեն ՀՀ տարբեր մարզերի հրշեջներ, Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերի կոմբայնավարները, վարորդները, տրակտորավարները:

Խորհրդակցությունից հետո զրուցեցի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի հետ: Տեղեկացրեց, որ ապրիլյան և մայիսյան պատերազմական այս լարված օրերին շրջանում կատարվել են ճանապարհաշինական, ոռոգման ջրատարների կարգավորման, աշնանացան տարածքների սնուցման, մոլախոտերի, այլ վնասատուների դեմ պայքարի, հակահրդեհային և այլ աշխատանքներ: Նշեց, որ արդեն ավարտին է հասցվել Խնձորեսկ-Որոտան ճանապարհահատվածի բարեկարգումը, աշխատանքները շարունակվում են դաշտամիջյան ճանապարհներին: Նորոգման-կարգավորման ընթացքում են շրջանում առկա կոմբայնները, տեխնիկական այլ միջոցներ:

1

Տեղեկացրեց նաև, որ շրջանի հարավային թևում մայիսի 13-ին պետք է կայանա հանդիպում ԼՂՀ ՓՊԾ տնօրենի հետ, և նույն օրվանից կսկսի գործել օպերատիվ շտաբը: Լ. Սիմոնյանը կարևորեց նաև այն, որ շրջանի ողջ տարածքում ընթանում է տարբեր մշակաբույսերի, այդ թվում նաև՝ հացահատիկի գարնանացան:

Ըստ գյուղվարչության տեղեկանքի՝ մայիսի 13-ի դրությամբ գարնանացանի համար կատարվել է ընդհանուր 2440հա հերկ, որից 100-ը՝ պետական պահուստային ֆոնդի հողատարածքներում: Կատարվել է 1780հա-ից ավելի ցանքս: Ցորենի գարնանացան կատարել են 3 համայնքում՝ Աղավնատուն՝ 7հա, Գետամեջ՝ 15հա և Վարդաբաց՝ 13հա: 17 համայնքներում ընդհանուր կատարել են 468հա գարու գարնանացան, իսկ 17-ում՝ 950հա հաճարի ցանքս: Հացահատիկի գարնանացան այս օրերին հիմնականում կատարում են շրջանի հյուսիսային թևի Լեռնահովիտի, Հակի և Մոշաթաղի գյուղական համայնքներում: Ներկա դրությամբ Լեռնահովիտում կատարվել է 180հա հերկ, ցանվել է 170հա հաճար և 10հա գարի: Հակում կատարված 20հա հերկի վրա ցանել են 10հա հաճար, մնացածի վրա աշխատանքները շարունակվում են: Մոշաթաղում 55 հա հերկի վրա առայժմ կատարվել է մոտ 17հա ցանքս, որից 15-ը՝ հաճար, մնացածը՝ կարտոֆիլ, հատիկաընդեղեն, բանջարաբոստանային մշակաբույսեր: Այս համայնքներում անասնակերի ապահովման նպատակով ցանել են նաև կորնգան՝ ենթացանքսով(Լեռնահովիտում և Մոշաթաղում 15-ական հա, իսկ Հակում՝ 10հա): Հաճարի գարնանացանով երկրորդ տեղում 160հա-ով Ծաղկաբերդն է, երրորդը Գետափն է՝ 100հա-ով: Գարու ամենաշատ գարնանացան կատարել են Երիցվանքում և Հայկազյանում՝ 80-ական հա, երրորդը Որոտանի քաղաքային համայնքն է՝ 70հա:

Մինչ օրս շրջանի միայն 4 համայնքում կատարվել է ընդհանուր 145հա ցանքս: Ամենաշատը՝ 100հա, կատարվել է Միջնավանի քաղաքային համայնքում. շրջանում միայն այստեղ է, որ ցանել են 40հա արևածաղիկ: Եգիպտացորենի ցանքսով երկրորդ տեղում Երիցվանքի գյուղական համայնքն է. 40հա: Աղաձորում կատարվել է 4հա, իսկ Կումայրիում՝ մոտ 1հա եգիպտացորենի ցանքս: Գրեթե բոլոր համայնքներում բնակիչները կատարել են կարտոֆիլի, հատիկաընդեղենի, բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքս: Հարավային թևում կատարվել է ձմերուկի և սեխի ցանքս: Հյուսիսային թևի համայնքներում բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս ամենաշատը՝ 18,6հա, կատարել են Աղավնոյի աջափնյա Միրիկի գյուղական համայնքում: Գարնանացանի աշխատանքները շարունակվում են:

Հուսանք՝ շուտով սահմանից տուն կգան կամավորականները, կանցնեն իրենց ստեղծարար աշխատանքին, ու ավելի շատ ցանքս կկատարվի, ավելի շատ բարիք կստեղծվի մեր ժողովրդի համար;

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031