Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերմանական հետախուզությունը անդրադարձել է Սամվել Բաբայանին»,- պատմում է Գուրգեն Եղիազարյանը

Մայիս 30,2016 14:48

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը հիշում է ռազմական գործիչ Սամվել Բաբայանի սխրանքները:

«Նրան հայ ժողովուրդը լավագույնս ճանաչեց Արցախյան գոյամարտում, որպես կայացած հրամանատար, որպես գեներալների ուսադիրը ուղիղ կրող մի մարդու: Երկար կարող եմ նրա մասին պատմել, բայց այս պահին միայն կասեմ 1994 թվականին գերմանական հետախուզության կարծիքը Սամվել Բաբայանի մասին: Ասացին, որ Աղդամի գրավումը, որը կազմակերպել ու իրագործել էր գեներալ Բաբայանը, կմտնի ռազմագիտության պատմության մեջ՝ որպես լավագույն էջ: Հաշված րոպեներում է նա վերցրել Աղդամը: Արտասահմանցի փորձագետներն ասում էին, որ այդ պաշտպանական գիծը, ինչպիսին Աղդամի պաշտպանական գիծն էր, տարիների հարց կլինի, եթե հայերը վերցնեն: Սամվել Բաբայանը դա վերցրել է 15-20 րոպեի ընթացքում»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Ըստ նրա, որպես հայազգի զինվոր, Բաբայանը ներկայացավ ճիշտ պահին. «Հույս ունեմ, որ նրան կդիմավորեն ու համապատասխան պաշտոն կառաջարկեն, որովհետեւ մենք դանդաղ, բայց հաստատուն քայլերով գլորվում ենք պատերազմ:

Ավստրիայում հանդիպումը, երբ չմեկնաբանեցիք ու կցկտուր մի քանի բան եղավ, հանդիպում էր, հանդիպում չէր, այստեղից կարելի է եզրահանգել, որ այնտեղ վատ շատ արդյունքներ են գրանցվել: Իմ ասածը ապացուցեց մեկ շաբաթ առաջ Բրայզայի հայտարարությունը… նա ուղիղ ասաց հանրաքվեի մասին, կհանդիպեն Ալիեւն ու Սարգսյանը ու ըստ Բրայզայի՝ աշնանը կլինի հանրաքվե: Մադրիդյան սկզբունքներն ուժի մեջ են, իսկ դրանք այն սկզբունքներն են, որոնց մեջ Արցախի օգտին ոչինչ չեմ տեսնում»:

Դիտարկմանն ի պատասխան, թե Ադրբեջանն այդ սկզբունքները չի ընդունում, պարոն Եղիազարյանը շարունակեց. «Վերջին հանդիպումից հետո, երբ փոխնախագահ Բայդենը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի անքակտելի մասն է, Ալիեւն արդեն կընդունի, կհայտնվենք մեկ այլ փոսի մեջ, դիվանագիտական խորը փոսի մեջ, որտեղից դուրս գալու միակ ելքը միգուցե պատերազմը լինի»:

Լեռնիկ Ալեքսանյանն էլ Սամվել Բաբայանի վերադարձի մասին ասաց. «Բնական է, որ նա հանրահայտ մարդ է, ազատամարտի ակունքներում, շատ կուզենամ, որ նրա գալու նպատակը լինի հայրենասիրական»:

Անդրադառնալով քառօրյա պատերազմում 800 հեկտար կորցրած տարածքներին՝ պարոն Եղիազարյանն ասաց՝ այն կարծիքին չէ, որ այդ տարածքները բախտորոշ են ու անհապաղ հետ պետք է ստանանք, ասաց՝ ամեն ինչ հաշվարկից է կախված. «Այդ հարցը դաշտային հրամանատարների մակարդակով չպետք է լուծվի, ՊՆ-ն է այդ խնդիրը լուծողը, հավատանք, որ կան մասնագետներ, որ այդ հարցին լրջագույնս կվերաբերվեն»:

Պատգամավորն էլ ասաց՝ բանակցություններ կսկսվեն, տարածքների վերադարձման հարցն էլ կքննարկվի. «800 հեկտարը չեմ համարում կորցրած տարածք, թող խաղաղություն լինի, Ղարաբաղը ճանաչվի, խնդիրը միայն այդ 800-ը լինի: Դա այն տարածքը չէ, որ ռազմավարական նշանակություն ունենա: Դիվանագիտական առումով այդ հարցը դրված է սեղանին»:

Պարոն Եղիազարյանն էլ հակադարձեց, թե եթե հույսներս դնենք դիվանագիտության վրա, ապա ոչինչ չենք շահի. «Այսօր այդ հեկտարի հարցը դրված չէ, այլ ամբողջ Արցախի հարցն է դրված: Այդ հեկտարը այս պահին այդքան էլ կարեւոր չէ, ողջ Արցախի բախտն է քարտեզին դրված: Գերտերությունները վատ են տրամադրված, եթե հույսներս դնենք այդ դիվանագիտական կորպուսի վրա, որն ունենք, տանուլ ենք տալու: Որովհետեւ այդ կորպուսն էր, որ ստորագրեց թուրքական արձանագրությունները, այդ կորպուսն էր, որ պետք է ապահովեր մեր ռազմական հաջողությունները, բայց իր անգործությամբ ամեն ինչ արեց, որ այս վիճակում լինենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031