Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպան. «Տաղանդավոր հայերի համար մեծ խոչընդոտը ֆինանսներ հայթայթելն է»

Հունիս 02,2016 19:44

Ի՞նչ կտա Եվրամիության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցությունը Հայաստանին, այս առնչությամբ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ այս ծրագիրը հնարավորություն կտա հայկական գիտատեխնիկական ներուժը լիովին օգտագործել, քանի որ հնարավոր է ունենալ համագործակցություն եվրոպական գործընկերների հետ, բերել ֆինանսավորում այն ծրագրերի համար, որոնցով հետաքրքրված է Եվրոպան:

Գաբրիելյանը նշեց, որ ծրագրի միջոցով գործարար կապերի ստեղծման հնարավորություն է բացվում՝ հիմնականում գիտաարտադրական միավորումների միջեւ. «Սա չափազանց մեծ ֆոնդ է՝ տասնյակ միլիարդների, որից օգտվելու ունակությունը պետք է ունենանք: Այսինքն` մենք պետք է ունենանք գիտնականներ, արտադրողներ, նորարարության գործընթացներ եւ արդյունքներն օգտագործող անհատներ, գործարարներ, որոնք կօգտագործեն այդ պոտենցիալը: Սա անմիջապես ներդրում չէ, բայց պատկերացրեք՝ մեծ ավազան, որից օգտվելու շատ լայն հնարավորություններ կան»:

Այսօր Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Աջակցություն նորարարությանը Հայաստանում» համաժողովը, որին մասնակցում էր նաեւ ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին:

Նրա խոսքերով՝ Եվրամիությունը քաջալերում է Հայաստանին, որպեսզի լավագույնս օգտագործի Հորիզոն-2020-ի հնարավորությունները:

«Կասկածամիտներին կարող եմ ասել՝ հայերը, հատկապես երիտասարդ հայերը շատ են սիրում գիտությունը, նորագույն տեխնոլոգիաները, հետազոտությունները: Հայաստանը հայտնի է իր մտավոր բարձր ներուժով, մտածելու, նորարար լինելու, զարգացնելու մշակույթով»,-ասաց Սվիտալսկին:

Նա ասաց՝ ուրախ է, որ Հայաստանը որոշել է միանալ Հորիզոն 2020-ին, եւ ԵՄ-ն քաջալերում է, կոնկրետ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին, որպեսզի հնարավորինս օգտագործի Հորիզոն 2020-ի հնարավորությունները:

«Գաղտնիք չէ, որ տաղանդավոր հայերի համար մեծագույն խոչընդոտը ֆինանսներ հայթայթելն է, լավ պայմաններով վարկերը վերցնելը, անհրաժեշտ ֆինանսական աջակցություն իրենց գաղափարների եւ սկսնակ գործունեության համար ստանալը: Եւ ես ուրախ եմ, որ Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին մեծ ուշադրությամբ հետեւում է, իր տեսադաշտում է»,-ասաց Սվիտալսկին: Նրա խոսքերով՝ շատ շուտով առաջարկելու են, դրամաշնորհներ են տրամադրելու ձեռներեցներին, հատկապես փոքր ու միջին, եւ միկրոձեռնարկատերերին, որոնք սկսնակ գաղափարներ ունեն. «Հույս ունենք շահույթ կվաստակեն մեր միջոցների օգնությամբ»:

Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչն էլ նշեց, որ մինչ այժմ իրենք կենտրոնացած էին ենթակառուցվածքային ծրագրերի վրա՝ տրանսպորտ, էներգետիկա.«Ապագայում այս ծրագիրը մեզ հնարավորություն կտա կենտրոնանալ մասնավոր սեկտորի՝ փոքր ու միջին, նաեւ մեծ բիզնեսների վրա: Ծրագիրը կենտրոնանալու է նորարարական ձեռնարկությունների վրա եւ Հայաստանը ուժեղ հիմք ունի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930