Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջապես «կհանդիպենք» նաեւ դիրիժորների մրցմանը

Հունիս 06,2016 15:00

Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, Երեւանում 12-րդ անգամ կմեկնարկի մեծանուն կոմպոզիտորի անվան միջազգային մրցույթը: Այս տարի «մրցելույթներով» առաջին անգամ հանդես կգան դիրիժորները: Թեեւ մասնագետները պնդում են, թե Հայաստանում դեռեւս ոչ մի անգամ չի անցկացվել դիրիժորների նույնիսկ հանրապետական մրցույթ, սակայն մեկ անգամ՝ 1999թ. դա տեղի է ունեցել Լորիս Ճգնավորյանի նախաձեռնությամբ, առաջին մրցանակի է արժանացել Ազգային օպերային թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Վերջինս հաստատեց ասվածը եւ հավելեց, որ ինքը մասնակցել է նաեւ Լեհաստանում անցկացված Ֆիտելբերգի անվան դիրիժորների միջազգային մրցույթին (3-րդ մրցանակ) եւ Ուկրաինայում Ժորդանիայի անվան (գլխավոր մրցանակ):
«Առավոտը» հարցազրույցի հրավիրեց դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի անդամ Յուրի Դավթյանին: Մեր զրուցակիցը հայտնեց, որ կայանալիք խաչատրյանական մրցույթին ընդհանուր հաշվով ստացվել է 57 հայտ, որից մրցույթին մասնակցելու իրավունք են ստացել 13-ը: Հետաքրքրվեցինք հայ մասնակիցներով: Պրոֆեսորի պատասխանը հակիրճ էր՝ «նրանք երեքն են, որոնցից մեկը Սանկտ Պետերբուրգից է»:

Մեզանում մշտապես տարաբնույթ խոսակցությունների տեղիք է տալիս այն, երբ, ասենք, որեւէ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնանկ են անում կամ նա հեռանում է: Եվ որ ամենակարեւորն է՝ սկսվում է դիրիժորի փնտրտուք, ընդ որում՝ ոչ թե Հայաստանում, այլ արտասահմանում: Ժամանակին որպես ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր հրավիրեցին Վալերի Գերգիեւին, Հայաստանի պետական կամերային նվագախմբի նույն պաշտոնը վարելու համար՝ Ֆրանսիայից դաշնակահար, դիրիժոր Վահան Մարտիրոսյանին եւ այլն: Սա այն դեպքում, երբ մեր կոնսերվատորիայում ուսում առած մեկ-երկու հայաստանցի դիրիժորներ այսօր գլխավորի պաշտոնը զբաղեցնում են արտասահմանյան երկրներում: Յուրի Դավթյանը նշեց, թե դա իրեն ցավ է պատճառում: «Այն, որ մենք մեր ունեցածը չենք գնահատում՝ սա փաստ է, եւ այս հիվանդությունը նորություն չէ: Օրինակ, 1930-ականների սկզբներին, երբ մեր հիանալի երաժիշտ Գեւորգ Բուդաղյանը որպես բեմադրող դիրիժոր իրականացրեց Սպենդիարյանի «Ալմաստը», չգիտես ինչու կամ ինչից ելնելով, Թիֆլիսից հրավիրեցին Տոլերմանին: Սա միակ դեպքը չէ: Իսկապես, արտերկրում ունենք աշխատող երիտասարդ բարձրարվեստ մասնագետներ, որոնք հանդիսանում են գեղարվեստական ղեկավարներ ու գլխավոր դիրիժորներ, այդ թվում՝ մեր կոնսերվատորիայում, իմ դասարանում ուսանած Գեւորգ Սարգսյանը, որը Լիսաբոնում է, Դրեզդենում կարիերան սկսած Կարեն Լալայանցը կամ Դավիթ Թերզյանը՝ Սուխումում, Հախնազարյանը՝ Մոսկվայում եւ այլն: Էն, որ մեր աչքը միշտ դուրսն է՝ իսկապես փաստ է:

Բայց ես դրա բացատրությունը չեմ կարող տալ»,- նշեց Յուրի Դավթյանը: Նաեւ հավելեց. «Գուցե բացառություն էր, բայց ժամանակին ինձ, Հակոբ Ոսկանյանին, Արամ Քաթանյանին, ինչպես ընդունված է ասել՝ ճանապարհ են հարթել հայ դիրիժորական արվեստի մեծերը՝ Թավրիզյանն ու Մալունցյանը: Չգիտես ինչու, նրանց մասին լրատվամիջոցները լռում են, ինչի պատճառով նոր սերունդը չի ճանաչում, իսկ այսպես կոչված՝ հներն էլ ամեն ինչ անում են, որ այդ անունները մոռացվեն: Եվ երբ առիթի դեպքում հիշատակել եմ Թավրիզյան ու Մալունցյան անունները, ինձ զարմացած դիմել են, թե էդ ո՞նց ես հանդգնում խոսել նրանց մասին… Ինչպես չխոսեմ, երբ 50-ականներին մեր օպերային թատրոնը երրորդն էր ԽՍՀՄ-ում՝ Մեծ թատրոնի եւ Կիեւի օպերային թատրոնից հետո: Սա՝ Թավրիզյանի օրոք: Իսկ Մալունցյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկ նվագախումբը նույնպես առաջիններից էր այդ ժամանակ»:

Շարունակելով խոսքը, Յուրի Դավթյանը փաստեց, թե ռուսաստանյան եւ արեւմտյան լրատվամիջոցները մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահում մշակույթի ու արվեստի մեծերին, իսկ մեզ մոտ, իր ձեւակերպմամբ. «երաժշտարվեստից հասկացող ու չհասկացող՝ օդում վերջերս հարց էր հնչեցնում՝ ինչո՞ւ, օրինակ, օպերային թատրոնում պետք է դիրիժոր հրավիրել իտալացի Ջանլուկո Մարչիանոյին… Ու ցավն այն է, որ չգտնվեց մեկը, որ այդ հարցին տա պատասխան՝ ախր դա ընդունված է քաղաքակիրթ աշխարհում»:

Անդրադառնալով մեկնարկող խաչատրյանական մրցույթին, հետաքրքրվեցինք, թե ինչու մեզանում չեն անցկացվում դիրիժորների մրցույթներ: Յուրի Դավթյանը նախ նշեց, թե հարցի հասցեատերն ինքը չէ, ապա, առանց անուններ հնչեցնելու, ասաց, որ հայ դիրիժորներից մեկ-երկուսը մասնակցել են տարբեր միջազգային մրցույթների. «Երբեմնի ուսանողս՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հունիսի 1-ին ղեկավարել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որի իրավունքը ստացել էր մասնակցելով վերջերս Բեռլինի ֆիլհարմոնիկի կողմից անցկացվող «Դեբյուտ» միջազգային մրցույթին՝ արժանանալով առաջին մրցանակի»: Ցանկացած մրցույթից հետո մշտապես հնչող դժգոհությունների առիթով էլ Յուրի Դավթյանը որպես պատասխան հայտնեց իր խոսքերով՝ ճանաչված դիրիժորներ, ժյուրիների աշխատանքներին մեծ փորձառություն ունեցող, խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամների անունները՝ Միխալիս Իկոնոմու (Հունաստան), Կոնստանտին Օրբելյան (ԱՄՆ), Վահագն Պապյան (Իսրայել, Հայաստան), Թոմաս Յակսիկ (Բրազիլիա, Չիլի), Մարկ Հիլդրյու եւ Դեյվիդ Ուելտոն (Մեծ Բրիտանիա):

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

04.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930