Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական հակաօդային պաշտպանությունն ու հայ-ռուսական միացյալ ՀՕՊ-Ը

Հունիս 06,2016 14:24

Ստյոպա Սաֆարյան
Միջազգային և անվտանգության հարցերի
հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր

2016թ. հունիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և դրական եզրակացություն տրվեց 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին (հետագայում` Համաձայնագիր):

Մեծ հավանականությամբ Համաձայնագրի վավերացման քննարկումն ու քվեարկությունը տեղի կունենան Ազգային ժողովի հունիսի 6-9-ի քառօրյայի ընթացքում, և նույնքան մեծ հավանականութամբ այն կվավերացվի, քանզի ԱԺ խմբակցությունների մեծամասնությունը, ի դեմս հանձնաժողովում իրենց ներկայացուցիչների, կողմ է քվեարկել դրան: Մինչդեռ հարցը, հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից, Կովկասում Ռուսաստանի վարած ղարաբաղյան քաղաքականության շուրջ բուռն քննարկումներից հետո ոչ պակաս թեժ կրքեր է գեներացրել: Իսկ այն էապես ազդում է ևս մեկ բնագավառում Հայաստանի ինքնիշխանության ու ինքնիշխան քաղաքականություններ վարելու հեռանկարների վրա:

Այնպես չէ, որ Հայաստանի ու Ռուսաստանի ռազմաքաղաքական համագործակցությունն օդում կամ հակաօդային պաշտպանության ոլորտում նորույթ է. այն նույնքան երկար պատմություն ունի, որքան հայ-ռուսական ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցությունը: Նաև, վերանալով հանրային քննարկումներում հնչող տարբեր գնահատականներից` հանուն արդարության պետք է շեշտել, որ Համաձայնագիրն ավելի շատ կապ ունի Ռուսաստանի աշխարհաքաղաքական հեռահար ծրագրերի, ԱՄՆ/ՆԱՏՕ-Ռուսաստան բազմամյա օդային թեժ դիմակայության, բայց ոչ Հայաստանի անվտանգության ու պաշտպանվածութան բարձրացման նպատակների հետ: Իսկ այդ ամենին զուգահեռ Մոսկվան հընթացս “կիսում” է, իսկ այս պարագայում ավելի ճիշտ է ասել` զավթում է նաև օդային տարածքի հետ կապված որոշումներ ընդունելու հարցում Հայաստանի ինքնիշխանությունը:

2014-2015թթ. Հայաստան-Ադրբեջան սահմանային թեժացումների, սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ Բաքվի բացահայտ ռազմական ոտնձգությունների ու 2016թ. Արցախում ապրիլյան քառօրյա պատերազմի խորապատկերին, հիրավի, անպատասխան հարցեր են առաջ եկել ոչ միայն կապված ՀԱՊԿ-ի` որպես հավաքական անվտանգության կազմակերպության կենսունակության հետ, այլև նրա` Հայաստանի անվտանգությունն ապահովող հովանոց լինելու շուրջ: Եվ, իրավամբ, փորձագիտական ու լայն հանրային շրջանակների կողմից նույնաբովանդակ հարց է բարձրացվում. որ՞ն է երաշխիքը, որ այդ կազմակերպության հենքի վրա ստեղծվող հակաօդային պաշտպանության միացյալ համակարգն օդային ոտնձգությունից պաշտպանելու է առնվազն Հայաստանի օդային տարածքը, երբ նրա «ցամաքային անվտանգությունը» չի ապահովում: Արցախի օդային տարածքի պաշտպանության հարցի մասին չարժե անգամ հիշատակել. այն բաց, իսկ իրականում փակ (այսինքն` ՀԱՊԿ հովանոցն ու հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը չեն տարածվում Արցախի օդային ու ցամաքային տարածքի վրա) է եղել թե՛ նախկին երկկողմ ու բազմակողմ պայմանագրային դաշտում, թե՛ նաև` այս մեկի դեպքում:

Ու այս համատեքստում, թերևս, կարևոր է հասկանալ, թե ինչ է փոխում նոր` միացյալ հակաօդային պաշտպանության համակարգը Հայաստանի, Արցախի ու նրանց անվտանգության համար, նաև` դրա արդյունքում ինչ խաղի մեջ է ներքաշվում Հայաստանը: Այս տեսանկյունից, թերևս, կարևոր է նախ հայ-ռուսական հակաօդային պաշտպանության բնագավառում համագործակցության ու առկա մեխանիզմների քննարկումը և այդ համատեքստում Համաձայնագրի վերլուծությունը, ինչպես նաև` Համաձայնագրի նախապատրաստմանն ու դրան ուղեկցած հիմնական քաղաքական իրադարձությունների համառոտ անդրադարձը, որոնք բացում են այս խնդրի աշխարհաքաղաքական համատեքստը:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՕՊ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ ՄԻԱՑՅԱԼ ՀՕՊ-ՈՒՄ

Հակաօդային պաշտպանության բնագավառում Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության ակունքները հասնում են մինչև 1992թ. հուլիսի 6-ին Մոսկվայում ստորագրված Հակաօդային պաշտպանության համակարգի մասին Համաձայնագիրը , որի հիմքի վրա ու կատարման նպատակով մինչև 1995թ. երկկողմ ձևաչափով ստորագրվեցին մի շարք պայմանագրեր: Դրանք երկու կողմերի համար նաև ՀՕՊ բնագավառում համագործակցություն սկսելու ու խորացնելու իրավական շրջանակ ծառայեցին:

Այսպես, 1994թ. օգոստոսի 19-ին Երևանում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև ստորագրված Համաձայնագրով կարգավորվեցին ԱՊՀ անդամ պետությունների արտաքին սահմանների պաշտպանության նպատակներով իրականացվող միջպետական զինվորական փոխադրումները:

1994թ. նոյեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության միջև ստորագրված Համաձայնագիրն էլ կոչված էր կարգավորելու ռազմական օդանավակայաններում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օդանավերի ավիացիայի ընդունման, օդանավա-տեխնիկական ապահովման և պահպանման, կազմակերպման հարցերը: Նույն օրը և վայրում ստորագրված մեկ այլ Համաձայնագրի կարգավորման առարկան էլ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության միջև հակաօդային պաշտպանության բնագավառում համագործակցությունն էր: Նշվածների հիման վրա 1994թ.-ից Երևան քաղաքի Էրեբունի օդանավակայանում տեղակայվեցին առաջին ռուսական МИГ-23 կործանիչները:

1995թ. մարտի 16-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների ստորագրած «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի մասին պայմանագրի» հիման վրա ֆորմալ կազմավորվեց Հայաստանում ռուսական ռազմաբազան, այդ թվում՝ Երևանի Էրեբունի օդանավակայանում` ռուսական ավիաբազան: Համագործակցության խորացման արդյունքում 1998թ. նոյեմբերին Հայաստանում վերադիսլոկացվեցին ռուսական МиГ-29 բազմաթիրախ կործանիչներն ու տարածաշրջանում այդ պահին առաջին С-300 զենիթահրթիռային համակարգը , ու ձևավորվեց 520-րդ ավիացիոն կամենդատուրան: Այնուհետև 2001թ. հուլիսին Էրեբունիում տեղակայված ստորաբաժանումներից կազմավորվեց ռուսական 3624-րդ ավիացիոն բազան, որն էլ դարձավ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի օդային բաղադրիչը:

Անշուշտ, ռազմական ոլորտում ստորագրված վերոնշյալ ու չհիշատակված մյուս համաձայնագրերն իրավական շրջանակ են ծառայում ՀՕՊ բնագավառում երկու երկրների համագործակցության համար: Սակայն ԱՊՀ միացյալ ՀՕՊ բազմակողմ համակարգ ստեղծելու ու Հայաստանին դրանում ներառելու համար առանցքային են հատկապես երկու բազմակողմ համաձայնագրեր:

Առաջինը 1992թ. մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրված «Կոլեկտիվ անվտանգության պայմանագիրն է», որի մասնակից պետությունները հանդիսանում են նաև 1995թ. փետրվարի 10-ի Ալմա-Աթիում ստորագրված Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների միացյալ հակաօդային պաշտպանության ստեղծման մասին Համաձայնագրի անդամներ:

1999-2000թթ. Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազա մատակարարված МИГ-29 կործանիչներն ու С-300В զենիթահրթիռային կայանքն ԱՊՀ անդամ-պետությունների Միացյալ ՀՕՊ համակարգի շրջանակներում մարտական հերթապահության տակ դնելու համար հիշյալ երկու բազմակողմ համաձայնագրերի հիմքի վրա ՀՕՊ բնագավառում երկու կողմերի հարաբերությունները կարգավորելու նպատակով 2000թ-ից մի քանի կարևոր երկկողմ Համաձայնագրեր նույնպես ստորագրվեցին` արդեն 1995թ. փետրվարի 10-ի բազմակողմ համաձայնագրի հիմքի վրա ու այն կենսագործելու նպատակով :

Մասնավորապես, 2000թ. մարտի 16-ին Մոսկվայում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ-ի և ավիացիայի ուժերի ու միջոցների և Ռուսաստանի ռազմակայանի ՀՕՊ-ի և ավիացիայի ուժերի ու միջոցների կառավարման գծով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հաշվարկի և Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի ռազմակայանի օպերատիվ խմբի խնդիրների և լիազորությունների մասին» Համաձայնագիրը :

Նույն օրը և վայրում ստորագրված մյուս պայմանագիրն էլ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ-ի զորքերի (ուժերի) ու ավիացիայի և Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի ռազմակայանի ՀՕՊ-ի զորքերի (ուժերի) ու ավիացիայի հակաօդային պաշտպանության համատեղ մարտական հերթապահության մասին» Համաձայնագիրն էր :

Այս ոլորտում ևս երկու համաձայնագրեր ստորագրվեցին 2000թ. սեպտեմբերի 27-ին Սոչիում: Դրանցից մեկը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջև Հայաստանի Հանրապետության ռազմական օդանավերի` Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում և Ռուսաստանի Դաշնության ռազմական օդանավերի` Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թռիչքների ապահովման ժամանակ օդային տարածքի օգտագործման և օդային երթևեկության կառավարման ռազմական մարմինների միջև փոխգործողության կարգի մասին» Համաձայնագիրն էր: Երկրորդը «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին Համաձայնագիրն» էր, որը վերաբերում էր բոլոր տեսակի, այդ թվում` ՀՕՊ զորքերին/ուժերին:

Նույն տրամաբանությամբ, 2002թ. հոկտեմբերի 1-ին Մոսկվայում ստորագրվեց Ռազմական ենթակառուցվածքների օբյեկտների համատեղ օգտագործման մասին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև Համաձայնագիրը , որը կրկին, ի թիվս ռազմական այլ ոլորտների, երկկողմ ձևաչափով թույլ է տալիս համատեղ օգտագործել ՀՕՊ ուժերն ու միջոցները:

Սակայն, հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության բավական մանրակրկիտ և ընդարձակ կարգավորումներից հետո ու տևական ժամանակ անց` 2015թ. դեկտեմբերի 23-ին, Մոսկվայում ստորագրվում է «Կոլեկտիվ անվտանգության Կովկասի տարածաշրջանում հակաօդային պաշտպանության Միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև Համաձայնագիրը» :

Վերը հիշատակված պայմանագրերից Համաձայնագրում հատկապես հղում է կատարված 1992թ. մայիսի 15-ին Հավաքական անվտանգության պայմանագրի, 1995թ. փետրվարի 10-ի Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների միացյալ հակաօդային պաշտպանության ստեղծման մասին Համաձայնագրի, 2000թ. սեպտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին Համաձայնագրի, ինչպես նաև՝ ռազմական անվտանգության ու հակաօդային պաշտպանության ապահովման բնագավառում կողմերի միջև ստորագրված այլ պայմանագրերի վրա:

Այսպիսով, ԱՊՀ շրջանակներում կամ երկկողմ ձևաչափով ստեղծված համաձայնագրերը, մեխանիզմներն ակնհայտորեն բերվում են Հավաքական անվտանգության ձևաչափ, թեպետ անգամ դրանցից բազմակողմներն ի սկզբանե եղել են ոչ թե կոլեկտիվ, այլ երկկողմ` Ռուսաստանի հետ:

ՀՕՊ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՊՀ ԵՐԿՆՔՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՀՕՊ ՀՈՎԱՆՈՑԸ

Անշուշտ, ԱՊՀ տարածքի համար միասնական ՀՕՊ համակարգի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի ռազմավարությունը նորություն չէ: Այն արդեն երկու տասնամյակի պատմություն ունի:

Դրա նախահիմքը պետք է համարել 1992թ. հուլիսի 6-ին Մոսկվայում ստորագրված Հակաօդային պաշտպանության համակարգի մասին Համաձայնագիրը , որն ստեղծվեց անդամ պետությունների օդային-տիեզերական հարձակման վտանգի ու մեկնարկի մասին նախազգուշացնելու, պետությունների կարևորագույն օբյեկտներն օդային հարվածներից պաշտպանելու, նրանց օդային սահմանների պաշտպանության նպատակներով: Այն ավելի շատ հիշեցնում էր ԱՊՀ պետությունների միջև տեղեկատվության փոխանակում և վտանգի մասին նախազգուշացում, ՀՕՊ համակարգերն օգտագործելու հարցում` փոխգործակցություն: Նշվածներն օգտագործելու առումով էլ Համաձայնագիրն ավելի մեծ ինքնուրույնություն էր տալիս անդամ պետություններին` այդ ամենի ընդհանուր համակարգումը դնելով ԱՊՀ երկրների միացյալ ուժերի գլխավոր հրամանատարի վրա:

Հիշյալ Համաձայնագիրը բացի բալթյան երեք հանրապետություններից ստորագրեցին 12 նորանկախ պետությունները՝ Ադրբեջանը, Ռուսաստանը, Հայաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը: Հայաստանի` դրան միանալու այն ժամանակի շարժառիթներն այս կերպ է հիմնավորում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը. «Մենք դեռևս 1992թ. դիմեցինք Ռուսաստանին, քանի որ հենց Ռուսաստանի բանակը փլուզվեց Խորհրդային Միության հետ միասին, և երկիրն էլ որոշում կայացրեց, որ իր զորքերը պետք է հանի Հայաստանից, մեր օդային տարածությունը բաց մնաց: Այդ ժամանակ մենք համապատասխան մասնագետներ և տեխնիկական սարքավորումներ չունեինք հակաօդային պաշտպանություն ապահովելու համար: Անձամբ ես 92թ. հանդիպեցի Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետին, ապա նաև` ԱՊՀ երկրների միացյալ ուժերի գլխավոր հրամանատարին և այդ հարցն առաջ քաշեցի, որպեսզի համատեղ օգտագործենք ՀՕՊ-ը»:

1995թ. փետրվարի 10-ին վերոնշյալ համաձայնագիրն Ալմա-Աթիում ուժը կորցրած ճանաչվեց և ստորագրվեց Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների միացյալ հակաօդային պաշտպանության ստեղծման մասին նոր Համաձայնագիր , որի համաձայն միացյալ ՀՕՊ-ի մեջ են մտնում անդամ-պետությունների հակաօդային պաշտպանության ուժերն ու միջոցները (կամ դրանց մի մասը):

Միացյալ ՀՕՊ-ի առջև դրվեցին հետևյալ խնդիրները` ԱՊՀ պետությունների օդային սահմանների պաշտպանությունը, օդային տարածքների օգտագործման նկատմամբ համատեղ վերահսկողությունը, օդային-տիեզերական իրավիճակի մասին ծանուցումն ու հրթիռային և օդային հարձակման մասին նախազգուշացումը, օդային-տիեզերական հարձակմանը պատասխանելու գործում հակաօդային պաշտպանության զորքերի համաձայնեցված գործողությունների իրականացումը (հոդված 2):

Վերը թվարկված խնդիրները լուծելու համար միացյալ ՀՕՊ-ը գործում է համաձայնեցված պլանով: Համակարգի կատարելագործման ու նրա ներսում ջանքերի համակարգման նպատակով անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ստեղծվում է հակաօդային պաշտպանության հարցերով Համակարգող կոմիտե, որի կազմի մեջ մտնում են անդամ երկրների հակաօդային պաշտպանության զորքերի (դրա տակ հետայսու հասկանալ ՀՕՊ և ռազմաօդային ուժեր) հրամանատարները, ինչպես նաև՝ պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ՝ Համակարգող կոմիտեի նախագահի տեղակալն ու այլ պաշտոնատար անձինք (հոդված 3):

Բուն Համակարգող կոմիտեն, որը ՀՕՊ ուժերի և միջոցների փոխգործակցության պլանը հաստատում է անդամ պետությունների ռազմական համագործակցության շտաբի հետ համատեղ ու նրանց ՀՕՊ ուժերի և միջոցների կիրառման պլանների հաշվառումով, նախագահում է Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության զորքերի գլխավոր հրամանատարը: Այդ պլանը հաստատվում է նաև անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կողմից (հոդվածներ 3 և 4):

Որքան էլ որ ՀՕՊ զորքերի և ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է յուրաքանչյուր անդամ-պետություն` համաձայն հաստատված պլանի, այդուհանդերձ, միացյալ ՀՕՊ համակարգի ուժերի և միջոցների գործողությունների համակարգումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության Հակաօդային պաշտպանության զորքերի Կենտրոնական հրամանատարական պունկտից (հոդված 4): Ըստ որում, պլանի հիման վրա ու այդ պունկտից ղեկավարվում են ոչ միայն ՀՕՊ ուժերի ու միջոցների մի մասը, որոնք անդամ-պետությունների օդային սահմանների մշտական մարտական պաշտպանություն են իրականացնում, այլ նաև` մասնակից-պետությունների ՀՕՊ հրամանատարական պունկտերի ղեկավարման ներքո գտնվող ռեզերվային ուժերի ու միջոցների գործողությունների համակարգումը (հոդված 5):

ՀՕՊ սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի մատակարարումը (հոդված 6), ՀՕՊ միացյալ համակարգի ուժերի և միջոցների համար ռազմական մասնագետների ուսուցանումն (հոդված 7) իրականացվում են մասնակից-պետությունների միջև երկկողմ միջկառավարական պայմանագրերի, իսկ ՀՕՊ սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի վերանորոգումը՝ ԱՊՀ կառավարության ղեկավարների Խորհրդի հաստատած պլանի հիման վրա:

Եթե Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը նշված համաձայնագիրը ստորագրեցին առանց առարկությունների, ապա Թուրքմենստանը հատուկ կարծիք կցեց՝ այն վերածելով Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրի` դրանով իսկ իրեն դուրս դնելով Կովկասի կամ ողջ Կենտրոնական Ասիայի համար պատասխանատվությունից: Ուկրաինան վերապահում կատարեց այն մասին, որ դրան միանում է իր ազգային օրենսդրության հաշվառումով, իսկ Բելառուսն էլ, ի թիվս այլոց, վերապահում կատարեց, որ ՀՕՊ Միացյալ համակարգը ձևավորվում է ռեգիոնալ սկզբունքով՝ իրեն կրկին ապահովագրելով Կովկասում կամ Կենտրոնական Ասիայում պատասխանատվությունից: Ադրբեջանն ի սկզբանե չմիացավ Համաձայնագրին:

1997թ. Վրաստանը և Թուքմենիան, հետագայում նաև` Մոլդովան դադարեցրեցին իրենց անդամությունը Համաձայնագրին, Ուկրաինան և Ուզբեկստանը շարունակեցին Ռուսաստանի հետ համագործակցել բացառապես երկկողմ հիմքի վրա:

Այս բազմակողմ Համաձայնագրի կատարմանն էլ ուղղված է 2015թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված երկկողմ Համաձայնագիրը, որը ոչ միայն ՀԱՊԿ շրջանակներ, այլև դրա ներսում երկկողմ ձևաչափ ու գործնական կիրառության դաշտ է տեղափոխում 1995թ. փետրվարի 10-ի ԱՊՀ բազմակողմ համաձայնագիրը, ավելի իմպերատիվ և հասցեական դարձնում դրա նորմերն ու պատասխանատուներին: Սակայն ամենամեծ հարցն այն է`ինչո՞ւ պետք է դրա անհրաժեշտությունը ծագեր բազմակողմ` ԱՊՀ Համաձայնագրի ստորագրումից ուղիղ 21 տարի անց և դրանով ի՞նչ խնդիրներ է լուծում Ռուսաստանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՎ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈ՞ւՆ ՕԴԱՅԻՆ ՄԱՐՏԻ

Հանրագումարելով ՀՕՊ ոլորտում Հայաստան-Ռուսաստան երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների պայմանագրային շրջանակն ու վերը կատարված վերլուծությունը` կարող ենք միարժեք արձանագրել հետևյալը.

1. 1992 և 1995թթ. Համաձայնագրերով ուրվագծվող խառը, որոշ երկրների հետ` երկկողմ, որոշների հետ` բազմակողմ ձևաչափերը միանգամայն բավարարում ու արտացոլում էին 90-ականների ելցինյան Ռուսաստանի կարողությունները, աշխարհաքաղաքական ոչ մեծ հավակնություններն ու շահերը. Մոսկվան այսպես թե այնպես առկա էր բոլոր տարածաշրջաններում՝ եվրոպականից մինչև կովկասյան ու կենտրոնաասիական: Անդամ պետությունների` վերապահումներով հաստատված երկկողմ ձևաչափերում Մոսկվան օբյեկտիվորեն պահում էր նաև իր դոմինանտությունը, հատկապես, երբ բոլոր առումներով ՀՕՊ միացյալ համակարգի ղեկավարումն իրականացվում էր Ռուսաստանի Դաշնության Հակաօդային պաշտպանության զորքերի Կենտրոնական հրամանատարական պունկտից` դրան էլ հավելած պլանի կազմման վրա իր՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ առումներով մեծ ազդեցությունը:

2000-ից սկսյալ ավելի հավակնոտ՝ խորհրդային կայսրության վերականգնում տենչացող, ազդեցության ավանդական գոտիներում Արևմուտքի ներկայության մեծացումն ու ԵՄ/ՆԱՏՕ ընդլայնումը կասեցնելու նպատակ առաջադրած պուտինյան Ռուսաստանի համար դա քիչ էր: Բազմաբևեռ աշխարհակարգ կառուցելուն ուղղված Կրեմլի ծրագրերն անուղղակի ենթադրում են ոչ միայն քաղաքական-տնտեսական, այլև ռազմաօդային մեծ հովանոց ամբողջ հետխորհրդային տարածքի վրա, ավելի կոնկրետ՝ Արևմուտքի առջև փակել նաև ողջ օդային տարածությունը: Այդ նպատակներով էլ Պուտինը «այլընտրանքային ՆԱՏՕ» ստեղծելու խնդիր դրեց, որի համար ՀԱՊԿ-ը կորիզ է, իսկ ԱՊՀ-ը` անվտանգության համակարգի համար նոր երկրներ “հավաքագրելու” ավազան ու Արևմուտքին “դուրս մղելու և կանգնեցնելու” տարածություն: Հատկապես, երբ ԱՊՀ շրջանակներում բազում երկկողմ ու բազմակողմ պայմանագրեր էին կնքվել նաև ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության բնագավառում, որոնց վրա հնարավոր էր կառուցել պուտինյան ուղղահայացն ու ռուսական ՀՕՊ հովանոցը… Իսկ դա երկու առանցքային խնդիր պետք է լուծեր` երկրների ինքնիշխանության սահմանափակում/կիսում, այլ ուժային կենտրոնների հետ նրանց համագործակցության հեռանկարների փակում:

Այս տեսանկյունից 2015թ. դեկտեմբերի 23-ի Համաձայնագրի հետ կապված իրավիճակի և Հայաստանին ԵՏՄ “հրավիրելու” հնարքների միջև զուգահեռները վերին աստիճանի նույնական են: Արժե հիշել, որ Մաքսային միությանը միանալու մտադրություն չունեցող Հայաստանին նախ պարտադրվեց վավերացնել ԱՊՀ-ում Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը , այն դեպքում, երբ Երևանը բազմակողմ կամ երկկողմ ձևաչափով ուներ կամ կարող էր ունենալ ազատ առևտրի մասին երկկողմ ու բազմակողմ պայմանագրեր Ռուսաստանի ու ԱՊՀ այլ անդամ երկրների, հետագայում նաև` ԵՏՄ-ի հետ: Դրանից հետո Կրեմլը սկսեց Երևանին մերթ գայթակղել ու համոզել, մերթ էլ սպառնալ (ղարաբաղյան խնդրով ու Ադրբեջանի միջոցով), որպեսզի նա “եվրասիական 170 միլիոնանոց շուկայում առանց մաքսադրույքների ապրանքներ, ծառայություններ արտահանելու/ներկրելու”, “եվրասիական ինտեգրման բարիքներից օգտվելու համար” այս անգամ արդեն մտնի Ռուսաստանի եվրասիական-տնտեսական հովանոցի տակ:

Որպես նշված փաստերի ու հետևանքների դրսևորում արձանագրենք, որ ԱՊՀ-ում Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց 2012թ. սեպտեմբերի 13-ին, իսկ մեկ տարի անց` 2013թ. սեպտեմբերի 3-ին, Հայաստանի նախագահը Մոսկվայից անակնկալ հայտարարեց ԵՏՄ-ին միանալու մտադրության մասին…. Արդյունքում Հայաստանը 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման Խոր և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, և այդ ժամանակվանից ի վեր արդեն 3 տարի է` Երևանն ու Բրյուսելը չեն կարողանում կնքել համագործակցության նոր պայմանագիրը: Այսօր արդեն ընդհուպ իշխանության մեջ գտնվող շատերն են ընդունում, որ ԵՏՄ-ը սահմանափակել/բացառել է ոչ միայն ԵՄ-ի, այլև Իրանի, Չինաստանի հետ ինքնուրույնաբար փոխշահավետ տնտեսական համագործակցություն հաստատելու Հայաստանի իրավունքն ու հեռանկարը…

2. Իրականում, ինչպես ցույց տրվեց հետազոտության մեջ, Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկկողմ, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերը, այդ թվում` 1995թ. փետրվարի 10-ի Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների միացյալ հակաօդային պաշտպանության ստեղծման մասին Համաձայնագիրը միանգամայն բավարար մեխանիզմներ են սահմանել ՀՕՊ բնագավառում երկկողմ համագործակցության, տեղեկատվության փոխանակման, միջոցներն ու ուժերը համալրելու, համատեղ օգտագործելու ու այլ առումներով: Սակայն ակնհայտ է, որ դա Ռուսաստանին չի բավարարում, քանզի Մոսկվայի տեսանկյունից Հայաստանն ու ԱՊՀ մյուս անդամ երկրները սոսկ դրանից օգտվողներ էին, իսկ որոշումներ կայացնելու առումով էլ համեմատաբար մեծ ինքնուրույնություններ ունեն: Հարկ չկա հատուկ անդրադառնալու, թե որքան ցավագին է Մոսկվան ընդունում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների ու անվտանգության համակարգերի հետ դաշնակիցների` ռազմական համագործակցության որևէ բնագավառում ինքնիշխան քաղաքականություն վարելուն:

1995թ. Համաձայնագրի հիմքի վրա նոր` 2015թ. դեկտեմբերի 23-ի երկկողմ Համաձայնագիրը, ըստ էության, Ռուսաստանի համար մեծ պատուհան և հնարավորություն են բացում Հայաստանի օդային տարածքն ու հակաօդային պաշտպանության բոլոր միջոցները, այդ թվում` ռեզերվային, վերահսկելու առումով: Այսինքն, ոչ միայն Համաձայնագրով Միացյալ ՀՕՊ-ում մարտական հերթապահության տակ դրված, այլ նաև ռեզերվային ուժերն ու միջոցները տնօրինելու հարցում Հայաստանը պարտավոր է ունենալ Կենտրոնական հրամանատարական պունկտի, այն է` Մոսկվայի համաձայնությունը: Ավելին, այդ Կենտրոնական հրամանատարական պունկտն է ղեկավարելու բոլոր այդ միջոցների ու ուժերի գործողությունը: Թերևս տեսականորեն կարելի է պատկերացնել, թե սա ինչ կնշանակի, եթե Արցախում վերստին պատերազմ բռնկվի և Հայաստանը ցանկանա ինքնուրույնաբար գոնե ռեզերվային ուժերն ու միջոցներն օգտագործել Արցախի օդային տարածքը պաշտպանելու համար: Վատթարագույն դիպաշարի դեպքում Կենտրոնական հրամանատարական պունկտը կարող է դա չթույլատրել: Իսկ վատագույն դիպաշարի պարագայում, եթե անգամ նա չառարկի էլ, կարելի է եզրակացություններ անել, թե ինչ է նշանակում թշնամու հետ ճակատագրական մարտ վարելիս նման համակարգերի անխտիր բոլոր միջոցների ու ուժերի` միացյալ ՀՕՊ-ի մարտական հերթապահության տակ դրված կամ ռեզերվային, ղեկավարման վահանակը օտար պետության ու օտար հրամանատարի հանձնելը…

Պատկերն ավելի մտահոգիչ է դառնում, երբ ասվածին ավելացնում ենք սուբյեկտիվ` մարդկային գործոնը, որը երբեմն կարող է ճակատագրական ու վճռորոշ նշանակություն ունենալ: Ինչպես հետազոտության մեջ նշեցինք, ԱՊՀ միացյալ ՀՕՊ-ի հակաօդային պաշտպանության հարցերով Համակարգող կոմիտեն նախագահում է Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության զորքերի գլխավոր հրամանատարը, իսկ բոլոր գործողությունները ղեկավարվում են Կենտրոնական հրամանատարական պունկտից` Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի կողմից: 2009թ. սեպտեմբերից մինչև այժմ Ռուսաստանի ռազմադեսանտային զորքերի հրամանատարը գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովն է, ով տարբեր արժանահավատ վկայությունների ու իր իսկ հարցազրույցների համաձայն, 1990-94թթ. ընկած ժամանակահատվածում եղել է Խորհրդային Ադրբեջանի Կիրովաբադ/Գանձակ քաղաքում տեղակայված 104-րդ գվարդիական օդա-դեսանտային դիվիզիայի 328-րդ պարաշյուտադեսանտային գնդի հրամանատարը: Այդ վկայությունների ու հարցազրույցների համաձայն` Վ. Շամանովն իր դեսանտայիններով 1992թ. ընդհուպ մասնակցել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ամառային հարձակմանն ու Շահումյանի գրավմանը, մասնավորապես` այնտեղ կոտրել է հայկական պաշտպանական ճակատն ու ճանապարհ բացել ադրբեջանական ուժերի համար… Թե Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի նոր հարձակման դեպքում ինչ որոշումներ կարող է ընդունել նման կենսագրությամբ բարձրաստիճան զինվորականը, ում ձեռքերում կարող է հայտնվել օդային մարտը վարելու ղեկավարման վահանակը, միայն պատկերացնել կարելի է…

Սակայն, 2015թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված ու վավերացման ենթակա Համաձայնագրի ողբերգությունները սրանով չեն ավարտվում: Այն իր բնույթով բավականին նման է մեկ այլ` 2011թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրութանը , որը, ցավոք, 2012թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացվեց, այն էլ` առանց վերապահումների :

Հիշեցնենք, այն նախատեսում է հետևյալը. «Կողմերն իրենց տարածքում կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների զորամիավորումներ (ուժեր), ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու որոշումներ ընդունում են մյուս Կողմերի հետ անհետաձգելի խորհրդատվություններ (համաձայնեցումներ) անցկացնելուց հետո և նրանց պաշտոնական առարկության բացակայության դեպքում»: Այն նաև ամրագրում է. «Արձանագրության կիրառության կամ մեկնաբանության հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի հետ խորհրդակցությունների և բանակցությունների ճանապարհով»: Այսինքն, Հայաստանն իր տարածքում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող որևէ պետության կամ անվտանգության համակարգի որևէ տեսակի, այդ թվում` ՀՕՊ, ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ տեղակայելու որոշման համար պետք է ունենա ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների, հասկանալիորեն առաջին հերթին` Ռուսաստանի համաձայնությունը…

Դեռևս այն ժամանակ` Ազգային ժողովում համաձայնագրի վավերացման նախօրեին, սույն հետազոտության հեղինակի կողմից ՀՀ կառավարությանն ու ԱԺ քաղաքական ուժերին ուղղված առաջարկ-հորդոր է հնչեցվել, որպեսզի Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակող այս արձանագրությունը գոնե վավերացվի վերապահումով, այն է` «Հայաստանը հարգելու է Արձանագրությամբ ստանձնած իր պարտավորութունները և խնդրո առնչությամբ որոշումներ է կայացնելու միայն իր այն դաշնակիցների համաձայնության առկայության դեպքերում, որոնք զենք ու զինամթերք չեն վաճառել/վաճառում Հայաստանին վտանգ ներկայացնող երկրներին` Ադրբեջանին ու Թուրքիային»: Ցավոք, ծավալուն հիմնավորումների ու վերլուծության հիման վրա արված այդ առաջարկ-հորդորն անտեսվեց: Մինչդեռ Ռուսաստանի, Բելառուսի կողմից Ադրբեջանին վաճառված սպառազինության կամ ապրիլյան քառօրյա պատերազմում ՀԱՊԿ-ի ու նրա անդամ պետությունների որդեգրած դիրքորոշման հետևանքներն ու դասերը Հայաստանի ու Արցախի համար բավական ցավոտ են և թարմ…

Վերադառնալով հիշատակված Արձանագրության ու միացյալ ՀՕՊ ստեղծելու Համաձայնագրերի զուգահեռին` հարկ է նշել, որ այս մեկն էլ նախորդի համանմանությամբ փակելու է անվտանգության այլ համակարգերի, ՀԱՊԿ անդամ չհանդիսացող այլ պետությունների հետ ՀՕՊ ոլորտում Հայաստանի համագործակցության հեռանկարները: Այս մի ոլորտում ևս Հայաստանը որոշումներ կայացնելու իր ինքնիշխան իրավունքը կիսում է Ռուսաստանի հետ, եթե ավելի կատեգորիկ չասենք, զրկվում է այդպիսի հիպոթետիկ զարգացման հեռանկարից:

Հետևաբար, վերլուծության առարկա ու վավերացման ենթակա Համաձայնագրի դեպքում, երբ ՀՀ Սահմանադրական դատարանն այն ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող (թեպետ այն էապես կրճատում է երկրի ինքնիշխանությունը, իսկ դատարանն ինչպես այլ, այնպես էլ այս դեպքերում չի էլ քննարկել այդ հարցը), երբ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Համաձայնագիրը ԱԺ օրակարգում ներառելուն, երբ ապրիլյան պատերազմից հետո պաշտոնական Երևանը նախագահի, վարչապետի մակարդակով քննադատել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինելը, վերոնշյալ բովանդակությամբ վերապահումը գոնե այս անգամ պարտադիր և հրամայական է:

Այլապես վավերացված ու գործողության մեջ մտած Համաձայնագիրն աղետ է լինելու Հայաստանի, Արցախի համար, հատկապես,
1. երբ թեժ են մնում ամերիկա-ռուսական օդային ու միջուկային կրքերը, որոնք սկսեցին սրվել 2000-ականների կեսերից, մի կողմից`Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային հովանոցի տարրերի տեղակայմանը, մյուս կողմից` Ռուսաստանի նախաձեռնությամբ դրան ի պատասխան ու սիմետրիկ` ԱՊՀ միացյալ ՀՕՊ ստեղծելու ծրագրերին զուգընթաց: Իսկ նախորդ երկու տարիներին այդ դիմակայությունն ավելի է սրվել, և դժվար թե առաջիկայում ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովում Ռուսաստանին բավարարող որոշումներ ընդունվեն նաև այդ խնդրով: Ավելի հավանական է, որ այդ որոշումներն ավելի կգրգռեն Ռուսաստանին, ուստի նա ամենևին պատահական չէ դիրքավորվում Հայաստանի ու Կովկասի երկնքում…
2. երբ ապրիլյան բլիցկրիգ-թեսթից հետո էլ Ադրբեջանը նախապատրաստվում է նոր ռազմական գործողությունների, և այս դեպքում Հայաստանի ինքնիշխանությունն ու վերահսկողությունն իր և Արցախի օդային ու ցամաքային տարածքի, այնտեղ ծավալվող գործողությունների, բոլոր տեսակի զորքերի ու միջոցների տնօրինմաան նկատմամբ առավելագույնը պետք է լինի: Իսկ դա առավել քան կարևոր է դառնում 2015թ. սեպտեմբերի 24-ին ռուսական կործանիչի խոցումից հետո չթուլացող թուրք-ռուսական առճակատման խորապատկերին, երբ նրանցից յուրաքանչյուրը Ադրբեջանին իր “հովանոցի” տակ պահելու/վերցնելու գերնպատակ է դրել…

Իրականում բացարձակապես Հայաստանի շահերից չի բխում նման Համաձայնագրի վավերացումը` առավել ևս ապրիլյան քառօրյա պատերազմի դասերի համատեքստում: Սակայն, հաշվի առնելով գործընթացի` այլևս վերջին հանգրվանին հասած լինելու հանգամանքը, ինչպես նաև Հայաստանի քաղաքական դասի վրա Ռուսաստանի ազդեցության ահռելի չափը` Համաձայնագրին կից վերապահումն առնվազն հրամայական է: Այդ խնդիրը լուծելու համար, թերևս, Համաձայնագրի քննարկման և/կամ վավերացման գործընթացի հետաձգումն անհրաժեշտ է…

Իսկ թե ո՞վ, ինչո՞ւ և ի՞նչ օդային մարտի է պատրաստվում Հայաստանի ու Կովկասի օդային տարածքում, կանդրադառնանք առանձին հետազոտությամբ:

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930