Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ բան է, որ այդ տարիքում կարողանում են գնահատել զինվորին». «Օրրան»-ի սան

Հունիս 07,2016 13:11

Հայոց ցեղասպանություն, մայիսյան հաղթանակներ, արցախյան և ապրիլյան պատերազմներ… Այս ամենի մասին փաստող լուսանկարները հունիսի 6-ին «Օրրան» բարեգործական ՀԿ-ի կազմակերպած միջոցառման մի մասն էին: Միջոցառումն ամբողջական էր դառնում «Օրրան»-ի սաների կատարած ռազմաշունչ երգերով:

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս երեխաների մեջ հայրենասիրական ոգու բարձրացմանը: Դրա համար հաճախ ենք այսպիսի միջոցառումներ կազմակերպում, բայց ոչ լացելու համար. մենք ուժեղ ենք, մենք հաղթած ենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Օրրան»-ի կրթական բաժնի համակարգող Սոնա Մալխասյանը:

«Օրրան»-ի սան 14-ամյա Արտյոմ Մովսեսովը սիրում է այսպիսի միջոցառումների մասնակցել, ասում է՝ դրանք շատ կարևոր են. «Հայրենասիրությամբ ենք լցվում, ավելի շատ բան ենք իմանում մեր ժողովրդի պատմությունից»: Արտյոմն անպայման ծառայելու է բանակում. «Երբ ապրիլյան պատերազմն սկսվեց, ես, եղբայրս ու ընկերս շատ էինք ուզում գնալ, բայց գիտեինք, որ չեն տանի, որովհետև փոքր ենք»,- ասաց նա:

«Ես էլ երբ իմացա պատերազմի մասին, միանգամից ուզեցի գնալ այնտեղ,- ավելացրեց օրրանցի մեր մյուս զրուցակիցը՝ 15-ամյա Սարգիս Մուրադյանը:- Երևի միայն հայերն են, որ պատերազմի ժամանակ վերադառնում են Հայաստան, հենց խաղաղվում է, դուրս են գնում: Ես դա շատ եմ սիրում: Բոլորը նվիրված են իրենց երկրին, ու կարևոր չէ՝ մեծ է, թե փոքր. իրենցն է: Ես գիտեմ, որ ինչ էլ լինի՝ պատերազմ, երկրաշարժ, մենք չենք հանձնվելու: Ցանկացած հայ տղա հայրենիքի համար ամեն ինչ կանի, իր կյանքն էլ կտա, ինչպես քառօրյա պատերազմի մեր հերոսները տվեցին՝ առանց մի վայրկյան անգամ մտածելու: Որ մենք այսօր այստեղ կանգնած խոսում ենք, նրանց շնորհիվ է»:

«Օրրան»-ի մեկ այլ սան՝ Շուշան Պետրոսյանը, հպարտությամբ է հիշում իրենց գրած նամակները զինվորներին. «Ինձ վրա մեծ տպավորություն թողեցին հատկապես փոքրերի նամակները: Զգացվում էր՝ ինչքան ցավով են գրել, զգացվում էր նաև, որ նրանց թիկունքին կանգնած են: Այն, որ ութ տարեկան երեխան կարող է այդպիսի նամակ գրել… մեծ բան է, որ այդ տարիքում կարողանում են գնահատել զինվորին»,- մեզ հետ զրույցում ասաց 14-ամյա Շուշանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930