Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը նահանջի համար հող են նախապատրաստում»

Հունիս 10,2016 17:00

Պատճառը Ալիեւի դաստիարակությունն է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` առաջիկայում սպասվող հանդիպումից առաջ հեռակա բանավեճ է ծագել երկու նախագահների միջեւ: «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համաժողով» խորագրով միջոցառման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վիրավորական ու ցինիկ հայտարարություններով էր հանդես եկել Հայաստանի ու անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին: Երեկ ՀՀ նախագահի նստավայրում Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Պարոն Զեմանին իմ մտահոգությունը հայտնեցի վերջին օրերի ընթացքում Իլհամ Ալիեւի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վիեննայում կարծես չկային: Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համաժողով» անունը կրող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը՝ Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով, անձնական վիրավորանքներով երկրի նախագահի հանդեպ, ում հետ, իմիջիայլոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով, ոչ ադեկվատության հստակ ընկալում ձեւավորեց: Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է եւ արագ կանցնի, քանի որ մենք լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ»:

«Առավոտը» ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանից հետաքրքրվեց` այս հեռակա բանավեճը չի՞ ստվերում երկու նախագահների` առաջիկայում կայանալիք հանդիպումը եւ դրա ակնկալիքները նվազեցնում, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Չէի ասի, որ դա բանավեճ է, քանի որ ես շատ վաղուց ասել եմ, որ Սերժ Սարգսյանը շատ ծանր բանակցային գործընթացի մեջ է՝ հատկապես երբ նկատի ունենք Իլհամ Ալիեւի ոչ համարժեք պահվածքը ցանկացած պահի»: Դառնալով Ալիեւի վարքագծին` պարոն Հարությունյանը նկատեց, թե «նա տարրական քաղաքավարության կանոնները չի պահպանում, ինչը վկայում է, որ նա ոչ միայն պետություն ղեկավարելու իրավունք չունի, այլեւ դաստիարակության հետ կապված խնդիրներ»: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` չնայած մեծացել է ակադեմիկոս մոր եւ բավականին պատասխանատու հոր ընտանիքում, բայց, ըստ երեւույթին, ծնողների զբաղվածության պատճառով մեծացել է փողոցում եւ չունի համապատասխան դաստիարակություն:

Համլետ Հարությունյանը նկատեց` առաջին անգամ է տեսնում, որ երկրի նախագահը կարող է նման ցինիկ արտահայտություններ թույլ տալ մյուս երկրի նախագահի հասցեին: Մեր այն դիտարկմանը՝ գուցե Իլհամ Ալիեւի համար ձեռնտո՞ւ է խնդիրը տեղափոխել անձնական դաշտ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ի՞նչ անձնական խնդիր կարող է ունենալ Ալիեւը Սերժ Սարգսյանի հետ: Սա միջպետական հարաբերությունների բնագավառից է, որտեղ կողմերից մեկն անհավասարակշիռ վարք է դրսեւորում: Դա առաջ կբերեր ցանկացած պետության ղեկավարի, քաղաքական գործչի եւ, ի վերջո, ցանկացած անձի զայրույթը»:

Համլետ Հարությունյանի դիտարկմամբ` «Սերժ Սարգսյանի համար դաժան բանակցություններ են ընթանում անձնական տեսակետից, քանի որ գործ ունի տհաս անձնավորության հետ»: Պատգամավորը շարունակեց. «Բոլոր այն երեխաները, որոնք ծնողների, բարեկամների միջոցով են կրթություն ստանում, կյանքում ինչ-ինչ բնագավառներում տեղ գրավում, այդպիսին են: Ավելին, պատկերացրեք մի խաղամոլի, որի պատճառով հայրը փակել է Բաքվի բոլոր խաղատները, ու նրան տալիս են նման հարուստ ռեսուրսներով պետություն: Բայց նա չգիտի` ինչ է բանակցային գործընթացը, ինչպես են բանակցում, դրա պատճառն այն է, որ ամեն ինչ նրան շատ հեշտ է տրվել»:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, այնուամենայնիվ, այս հեռակա բանավեճն իր ազդեցությունը կունենա: Քաղաքագետի գնահատմամբ` «Սա հող է ստեղծում, որ եթե համաձայնագրի կայացում չլինի, այդ ամեն ինչին հնարավոր լինի տալ անձնական վիրավորանքի աստառ: Այսինքն՝ եթե չլինի քաղաքական լուծում, չմեղադրեն նախագահներին քաղաքական կամքի բացակայության մեջ, այլ պարզապես խոսեն անձնական խնդիրների մասին»:

Մեր այն դիտարկմանը` բանավեճը սկսել է Իլհամ Ալիեւը, ուստի Սերժ Սարգսյանի այս ոճի արձագանքը, այն էլ հանդիպումից առաջ տեղի՞ն էր, պարոն Ենոքյանն արձագանքեց. «Նրանք տեսնում են, որ կա որոշակի լուծման հնարավորություն, բայց, միաժամանակ, նրանց վրա կան ճնշումներ, որ չգնան այդ տրամաբանությամբ, ուստի առաջ են բերում անձնական դրդապատճառներ»: Մեր հստակեցմանը` ի՞նչ ճնշումների մասին է խոսքը, պարոն Ենոքյանը պատասխանեց, թե «կարող է, օրինակ, ԱՄՆ-ի կողմից լինել ճնշում, որ խնդիրը լուծվի, ՌԴ կողմից` հակառակը: Հարց է, թե ի վերջո ո՞ր կողմի ճնշումները որոշիչ կլինեն»: Մեր հիշեցմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ նման անհավասարակշիռ վարքագծի նշանները Վիեննայում կարծես չկային, սա արդյոք չի՞ նշանակում, որ քաղաքական իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, պարոն Ենոքյանը պատասխանեց. «Դրանով Սերժ Սարգսյանն ակնարկում է, թե Վիեննայում այնպիսի վիճակ էր, որ ճնշումները մեծ էին, եւ Ալիեւը կոնսենսուսային պահվածք ուներ, բայց դրանից հետո նոր զարգացումներ են եղել: Սերժ Սարգսյանը տեսել է, որ Ալիեւն իր նահանջի համար հող է ստեղծել, հիմա ինքն էլ իր համար է հող նախապատրաստում»:

 
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

09.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930