Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաբացվեց Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառը

Հունիս 11,2016 13:55

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր մասնակցել են Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի պաշտոնական վերաբացման արարողությանը:

Տոնավաճառը կազմակերպվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, ովքեր սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը: Նախարարը և քաղաքապետը շրջել են տոնավաճառում, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների և գնորդների հետ:

gyuxatntesakan tonavachar1

«Արդեն վեցերորդ տարին է, ինչ  մայրաքաղաքում կազմակերպվում են գյուղմթերքի տոնավաճառները, սա նոր մշակույթ էր  մեր մանրածախ առևտրի ոլորտում, և այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ այն կայացել է: Շատ գյուղացիական տնտեսություններ տարիներ շարունակ զրկված են եղել իրենց արտադրանքը վաճառելու հնարավորությունից, իսկ այս տոնավաճառների շնորհիվ նրանք հնարավորություն են ստանում իրացնել սեփական գյուղմթերքը, քանի որ մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Սա հավասարապես շահավետ է թե գյուղացիների, թե քաղաքաբնակների համար, ովքեր այստեղ մատչելի գներով թարմ արտադրանք  են ձեռք բերում»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Նախարարը հավելել է, որ հուլիսի կեսերին կվերաբացվի նաև Մաշտոցի պողոտայում գտնվող տոնավաճառը,  բացի այդ քայլեր են ձեռնարկվում հետագայում  նաև գյուղատնտեսական տոնավաճառներում մսի, մսամթերքի և կաթնամթերքի վաճառքի կազմակերպման  պայմաններ ստեղծելու ուղղությամբ` ընդգծելով, որ այս տարի Կասյանի տոնավաճառում նախորդ տարվանից ավելի շատ` թվով 145 տաղավար է գործում, ընդ որում ակնկալվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում դրանց թիվը կաճի:

gyuxatntesakan tonavachar

Պատասխանելով լրագրողների հարցերին` Երևանի քաղաքապետը, առանձնակի կարևորելով մայրաքաղաքում նման շուկաների գործունեությունը, նկատել է, որ նախաձեռնությունն իսկապես կարևոր էր ու անհրաժեշտ: «Տարիներ առաջ, երբ նախաձեռնությունը նոր էր, շատերը թերահավատ էին դրա շարունակական լինելուն: Սակայն ժամանակը ցույց տվեց , որ տոնավաճառները ոչ միայն ապացուցեցին իրենց անհրաժեշտությունը, այլև տարեցտարի ավելի ու ավելի շատ տնտեսություններ ու անհատներ ներգրավվեցին: Միայն անցյալ տարի մայրաքաղաքի երկու բանուկ հատվածներում՝ այստեղ և Մաշտոցի պողոտայի հարակից հատվածում կազմակերպված տոնավաճառներին ավելի քան 15 հազար գյուղացիական տնտեսություն է մասնակցել: Այսպիսի տոնավաճառներ կազմակերպելով միաժամանակ մի քանի խնդիր ենք լուծում: Նախ` մեր գյուղացիներն ու գյուղացիական տնտեսությունները լրացուցիչ հնարավորություն են ստանում մայրաքաղաքի բանուկ հատվածներում, առանց միջնորդի ու միջնորդավճարի  իրացնել սեփական արտադրանքը: Բացի այդ, մայրաքաղաքի բնակիչներն էլ իրենց հերթին են կարողանում ինչպես ասում են «առաջին ձեռքից» թարմ և որակյալ գյուղմթերք գնել», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է քննարկել տոնավաճառների համար նոր տարածքներ հատկացնելու հարցը ևս:

Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ: Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից և գործում է յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը: Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը: Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930