Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ուզում ենք, որ վստահված անձինք թարմ հիշողությամբ գնան ընտրատեղամասեր». Լենա Նազարյան

Հունիս 15,2016 09:53

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «6000 վստահված անձ» նախագծին մինչ օրս 241 մարդ է միացել: Նրանք գրանցվել են հատուկ այս նախագծի իրագործման համար ստեղծված կայքում , որի շնորհանդեսը  տեղի է ունեցել 2016-ի փետրվարին:

Հիշեցնենք, որ «6000 վստահված անձ» նախագծի նպատակն է կազմել Հայաստանի 6000 քաղաքացիներից բաղկացած թիմ, որը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների օրը կվերահսկի ընտրությունները և թույլ չի տա, որ ընտրատեղամասերում կեղծիքներ լինեն:

Նախագծի կայքում գրանցված մարդիկ կհրավիրվեն դասընթացների՝ ընտրական գործընթացին, օրենսգրքին տիրապետելու համար:

«6000 վստահված անձ» նախագծի համակարգողներից Լենա Նազարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք հիմա նրանց հետ կապ չեն հաստատում, որովհետև այդ դեպքում արդեն պետք է գործնական աշխատանքներ նախաձեռնեն՝ նրանց դասընթացների հրավիրեն, կազմակերպչական տարբեր հարցեր լուծեն և այլն:

«Հավանաբար, այդ ամենը կկազմակերպվի խորհրդարանական ընտրությունների նախանշված օրվան՝ ապրիլի 2-ին մոտ ժամանակահատվածում: Չենք ուզում դասընթացներն ավելի վաղ անցկացնել, որովհետև մտավախություն կա, որ մինչև ընտրությունները դրանք կարող են մոռացվել: Ուզում ենք, որ վստահված անձինք թարմ հիշողությամբ գնան ընտրատեղամասեր»,- ասաց մեր զրուցակիցը:

Այժմ աշխատում են դասընթացավարներ պատրաստելու ուղղությամբ. «Ընտրություններին մոտ շրջանում նրանցից ամեն մեկը կունենա 100-150 հոգանոց թիմ ու կսկսի աշխատել նրանց հետ»,- նշեց Լենա Նազարյանը:

Դասընթացավարներից մեկն էլ ինքն է լինելու. «Ես միշտ ասում եմ, որ օրենքի իմացությունը պարտադիր է, բայց շատ քիչ է, որովհետև արդյունավետ վերահսկողության համար շատ կարևոր են հավասարակշռված վարքը, ուշադրությունը, վճռականությունը, տեղամասում գտնվող մարդկանց հետ հաղորդակցվելու, բանակցելու հմտությունները, փաստարկված կարծիքից հետ չկանգնելու հաստատակամությունը: Այլ խոսքով ասած՝ շատ ավելի կարևոր են անձի նվիրումն ու կամքը, մնացածը դասընթացի ընթացքում կարելի է սովորել»,- ասաց Լենա Նազարյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930