Լրահոս
Օրվա լրահոսը

«Օֆշորի գործ». «Էս մարդուն կանչել ենք`քրքրեք հարցերով, ի՞նչ եք…» (Տեսանյութ)

Հուլիս 07,2016 15:46

«Ի՞նչ պատճառով ամբաստանյալի վիճակը վատթարացավ, որ բանկերին պարտք մնաց»,- Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվող «Օֆշորի գործով» դատական նիստի ժամանակ գործով վկա, Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանին հարցրեց նիստը նախագահող Վարդան Գրիգորյանը: «Ենթադրություններ ունեմ, բայց պատճառը չեմ կարող ասել»,- պատասխանեց վկան:

Նիստի ընթացքում գործով տուժող Փայլակ Հայրապետյանն ու իր ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը տարբեր հարցադրումներով փորձում էին վկայից պատասխաններ ստանալ` ինչի՞ հիման վրա է տրամադրվել վարկը, քանի որ Աշոտ Սուքիասյանն իր ցուցմունքում ասել է, թե բանկն առաջարկել է բիզնես -ծրագիր ներկայացվի, որի հիման վրա վարկը պետք է տրամադրվի, ընդ որում, բիզնես-ծրագիրը պետք է բանկը գրի. «Նա պնդում է, որ առանց բիզնես ծրագրի վարկավորում հնարավոր չէր»:

Ի դեպ, տուժողն ու իր ներկայացուցիչը մեկ ասում էին, որ բիզնես-ծրագրի պահանջի մասին հատվածն Աշոտ Սուքիասյանի ցուցմունքից է, մեկ`բանկի ներկայացուցչի:

Բանկի ներկայացուցիչը մանրամասն ներկայացրեց վարկավորման պայմաններն, ասաց, որ կայքում տեղադրված են վարկ ստանալու պայմանները, բիզնես-ծրագիր չի պահանջվում. «Կարող է գործում լինեն բիզնես-ծրագիր, բայց վարկ տրամադրելիս այն հաշվի չի առնվում: Կարող եք կայքում ստուգել նախկին պահանջները եւ համոզվել»: Տուժողը չհամաձայնեց, փորձեց կարծիք հայտնել:

Դատավորը վրդովվեց`դիմելով տուժողին ու իր ներկայացուցչին. «Հարցեր ունե՞ք`տվեք, ցուցմունքը մի մեկնաբանեք: Վկային հրավիրել եք, որ իր նախաքննական ցուցմունքը՞ կարդաք: Երբ իր պատասխանի եւ նախաքննական ցուցմունքի մեջ հակասություն կգտնեք, կներկայացնեք`դատարանը կորոշի թե ի՞նչ անել»:

Տուժողը ու իր ներկայացուցիչը դատարանին ներկայացրեցին մի փաստաթուղթ, համաձայն որի, «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվը վարկավորվել է`բիզնես-ծրագրի հիման վրա, պնդելով, որ դա վկայի պատասխանն է բանկին ուղղված հարցմանը ու այդպիսով ներկայացնելով հակասությունները կապված վարկավորման հետ: «Կնիքն ու ստորագրությունը շատ նման են իմ ստորագրությանը եւ մեր կնիքին: Փայլակ Հայրովիչ, ես խնդրում եմ իմ աչքերին նայելով պատասխանեք`որտեղի՞ց այս փաստաթուղթը: Կարող ա Փայլակ Հայրապետյանը եկել ա խնդրել ա, նամակ ենք գրել, դրա համար եմ ասում, թող աչքերիս մեջ նայելով ասի»,- հայտարարեց վկան:

«Հարցում ենք արել, նամակը ձեզ մոտ է»,- ասաց Փայլակ Հայրապետյանը: «Լավ էլի, ամոթ ա: Ես չգիտեմ սա ի՞նչ ա, պիտի նայենք`հասկանանք»,- ասաց վկան: «Այսինքն, կեղծվա՞ծ ա»,- հարցրեց տուժողի շահերի պաշտպանը: «Ո՞վ ասեց. ասեցի`կնայենք կհասկանանք…»,- եղավ վկայի պատասխանը: Նա նորից կրկնեց իր պնդումը` վարկավորման համար բիզնես- ծրագիրը կապ չունի:

«Բանկը տեսել ա իմ ունեցածը, որ իրեն ձեռնտու է, վերցրել են, սրան էլ (Աշոտ Սուքիասյանի կողմը ձեռքը պարզելով-Ն. Գ) փողն են տվել: Սա ա եղել: Հովանավորն էլ եղել են նախկին վարչապետը, Կճոյանը: Դրա վառ ապացույցն էլ նա է, որ ութ անգամ գումար ա բաց թողնվել, գնացել ա օֆշորային գոտի, երեք կազմակերպությունների վրա, որոնց տերերն են Աշոտ Սուքիասյանը, Տիգրան Սարգսյանը եւ Կճոյանը: Իրանք էլ ինչ ուզել`արել են»,- վրդովմունքը չկարողացավ զսպել Փայլակ Հայրապետյանը`հավելելով, որ բոլոր խոսակցությունները հանգել են նրան, որ գումարները սկսել են տրամադրվել, բիզնես-ծրագիրը մի կողմ է թողնվել եւ իրենք սկսել են աշխատել ըստ իրենց ցանկությունների. «Եթե բանկն իրավունք ունի, պարտավորություններ էլ ունի: Բանկը գիտեր, որ գումարներն ուղարկվելու է Քսերայոն`հանցագործ երկիր, կարող ա էդ գումարները տարել են զենք են առել, քանդում են մեր երկիրը…»:

«Էս մարդուն կանչել ենք`քրքրեք հարցերով, ինչ եք…»,-միջամտեց մեղադրյալի ներկայացուցիչը: «Դու սուս մնա, նստի տեղդ հլը»,- սաստեց Փայլակ Հայրապետյանը:

Դատավորն էլ բանկի ներկայացուցչից հետաքրքրվեց`եթե բիզնես-ծրագիրը պարտադիր չէ, ինչո՞ւ է այն այդքան թանկ`վեց հազար դոլար: Բանկի ներկայացուցիչը ասաց, որ դա մեծ թիվ չի, թանկ չի:

Դատավորը հետաքրքրվեց նաեւ`նախկին վարչապետը կամ որեւէ այլ պաշտոնատար անձ իրենց ցուցում կամ հրահանգ տվե՞լ է «Ձորագյուղ» կոոպերատիվին վարկ տալու: Վկան ասաց, որ նման բան չի եղել, Տիգրան Սարգսյանի հետ էլ երբեք չի առնչվել, ծանոթ չի եղել նրա հետ:

Դատավորի հարցին`ռիսկային վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ էլ ասաց, որ կանոնակարգով սահմանված չէ, իրավիճակային որոշումներ են կայացնում:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031