Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից ընդունված օրինագծի հաստատումը կարող է միայն վնասել հայերին». ֆրանսահայ բժիշկ

Հուլիս 07,2016 17:09

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանի գնահատմամբ՝ օրերս Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծում հայերի համար ոչ նպաստավոր երկու կետ կա:

«Առաջին. ասում է՝ որևէ մեկի կողմից ցեղասպանության կատարված լինելու փաստի, իրողության ժխտումը քրեորեն պատժելի է, եթե այն ազգային կամ միջազգային որևէ ատյանի կողմից դատապարտվել և ճանաչվել է:

Մեր դեպքում դա իսպառ բացակայում է. Հայոց ցեղասպանության իրողության մասին ազգային կամ միջազգային որևէ ատյանի կողմից դատական վճիռ չկա: Իսկ եթե չկա, նշանակում է՝ ցանկացած մարդ կարող է ասել՝ չի եղել, և այդ մարդը քրեորեն պատժելի արարք թույլ չի տա»,- «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սարգիս Հացպանյանը:

Դառնալով երկրորդ ոչ նպաստավոր կետին՝ նշեց. «Ասում է՝ ցեղասպանության իրողության ժխտումն ինքնին վիրավորանք է պարունակում այդ ազգին պատկանող անձին կամ նրա հիշատակը պահող սերունդներին:

Փերինչեքը կանգնեց ու շատ հստակ նկատեց, որ երբ ինքն ասում է՝ չի եղել նման բան, դրանով ոչ մեկին չի նսեմացնում, ոչ մեկին չի վիրավորում: Ընդամենը հայտնում է իր կարծիքը, որը ուրիշները կարող են նաև չկիսել: Մարդը Շվեյցարիային դատի տվեց ու հաղթեց»:

Հացպանյանի ձևակերպմամբ՝ մենք հերթական անգամ կոտրած տաշտակի առջև ենք կանգնում ու այդպես էլ չենք հասկանում՝ ինչու. «Կամ ուրիշները մեզ անմեղսունակի տեղ են դնում, կամ մենք ինքներս ենք թերանում, որ կարողանում են մեզ հետ այսպես խաղալ»:

Ֆրանսահայ բժիշկ Անդրանիկ Հակոբ Հակոբյանը համոզված է, որ այսպիսի օրինագծի հաստատումը կարող է միայն վնասել հայերին. «Ինձ համար սա վիրավորանք է: Ֆրանսիայի հայ համայնքը սպասում էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի, բայց սա իրականում ոչ թե այդ հարցը լուծող իսկական օրինագիծ է, այլ հակառակը: Այսպիսի օրենք ունենալը մեզ ավելի շատ վնաս կտա, քան օգուտ: Դրա վառ ապացույցն այն է, որ Թուրքիան սրա հետ կապված բողոք չունի: Այն լուրջ օրինագիծ չէ. ոնց որ մի բան որոշեք, մի ժամ հետո կպցնեք ուրիշ օրենքների հետ ու ներկայացնեք: Ավելի լավ է՝ չլինի, որովհետև չի կարողանա ժխտողականությունը կանխել: Հակառակը. կարծես ժխտողականությունն ավելի աշխուժացնելու թույն լինի»,- կարծում է Անդրանիկ Հակոբ Հակոբյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031