Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկի հոգևորականներն իրենց ձեռքով մաքրում են ջրհեղեղից տուժածի անասնագոմը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 07,2016 19:00

Ջրհեղեղից տուժած արթիկցիներին կամավորական տարբեր խմբերից բացի օգնության են հասել նաեւ հոգեւորականները: Արթիկի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ Արթիկի թեմի առաջնորդ Հայր Նարեկ վարդապետ Ավագյանն ու քահանաներն ամբողջ օրը մաքրել են տուժած բնակիչներից մեկի անասնագոմը, ընդ որ ֆիզիկական այդ ծանր աշխատանքը կատարել են աղոթքով ու հոգեւոր երգերով՝ այսպիսով` փոխելով աղետ տեսած մարդկանց մթնոլորտը:

Պատահական չէ, որ Արթիկի քաղաքապետարանի էջում գրված է.«Երբևիցե կարող էիք պատկերացնել, որ անասնագոմ մաքրելն այնքան հետաքրքիր և ուրախ գործ է: Այսօր՝ հուլիսի 6-ին, Արթիկի թեմի առաջնորդ հայր Նարեկ վարդապետ Ավագյանը, տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը, տեր Եղիշե քահանա Նազարյանը, տեր Վիգեն քահանա Ղազարյանը և Կարեն Պետրոսյանի ղեկավարությամբ՝ Շիրակի թեմի եկեղեցասիրաց երիտասարդական միության երիտասարդներն ամենայն խոնարհությամբ և քրիստոնեական մեծահոգությամբ մաքրեցին հեղեղից տուժած բնակիչներից մեկի անասնագոմը»:

Artik_2 Artik_3 Artik_4 Artik_5

Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Պետրոսյանն ասաց. «Արթիկի թեմի առաջնորդն էր նախաձեռնել իր քահանաներով օգնել ջրհեղեղից տուժածներին: Մենք էլ՝ Շիրակի թեմի երիտասարդներս, միացանք նրանց, գնացինք ու օգնեցինք մարդկանց մեր կարողացածի չափով: Չնայած աջ ձեռքդ, եթե մի բան անում է, ձախդ չպիտի իմանա, բայց սա բարձրաձայնում ենք այն բանի համար, որպեսզի օրինակ լինի մյուս կոլեկտիվների, խմբերի մարդկանց համար: Թող գնան ու իրենց փոքրիկ օգուտը բերեն այդ մարդկանց, որովհետեւ նախ ոչ մեկը ձերբազատված չէ այդ փորձանքից, երկրորդը՝ բարոյական պարտք է»:

Ի դեպ, մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ կամավորականները բաժանվել են երեք խմբի. երեք տեսակի աշխատանք է եղել. մեկը՝ քար կրելը, 2-րդ՝ հողը հարթելը, երրորդը՝ գոմերից մեկը մաքրելը: Ջրհեղեղը, լցվելով գոմի մեջ, ավազը խառնել էր թրիքի հետ: Այսինքն` այս աշխատանքն ամենատհաճն է եղել գարշահոտության պատճառով, սակայն Հայր Նարեկը ընտրել է ամենածանր ու տհաճ աշխատանքը:

Լուսանկարները՝ Արթիկի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031