Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Կռիվը մեր ու «Զվարթնոց»-ի կոնցեսիոների միջև է. կառավարությունը կողքի է կանգնած». ճարտարապետ

Հուլիս 09,2016 22:19

Ճարտարապետները հիշեցնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը Հայաստանի սեփականությունն է: Այն չի նվիրվել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին, այլ տրվել է վարձակալության՝ պայմանով, որ բարվոք վիճակում պահվի։

«Սակայն տարիների ընթացքում կոնցեսիոները կառուցեց նոր մասնաշենք, հրաժարվեց հին շենքից ու թողեց լքյալ վիճակում: Այս ընթացքում նա որևէ ներդրում չի արել շենքի պահպանման համար, պետությունն էլ գումար չի ներդրել, քանի որ բյուջեն այդ հնարավորությունը չի տալիս»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ իրենք որքան ժամանակ է՝ կոնցեսիոների ճարտարապետների հետ հանդիպում են պահանջում՝ միասին քննարկելու իրականացվող աշխատանքները, սակայն ապարդյուն:

«Նրանք չեն ուզում հանդիպել: Եթե դա արհամարհանք է, ապա այդ վերաբերմունքը շատ վտանգավոր է: Նախապես ասվել էր, որ շենքի աշտարակային մասը, մեծ շրջագիծը աշխատելու են պահել, սակայն կյանքը ցույց է տալիս, որ փոքր քանդումները հետագայում կարող են բերել մեծ քանդումների»,- նշեց Մկրտիչ Մինասյանը:

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքն ընդգրկված չէ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկ: Հենց դա է պատճառը, որ այսօր  ճարտարապետները չեն կարողանում պետական մարմիններից որևէ բան պահանջել հին մասնաշենքը չքանդելու համար:

Չնայած դրան՝ Մ. Մինասյանը վստահեցնում է, որ շատ անգամներ են տարբեր կառույցների դիմել. «Տարիներ առաջ առաջարկել ենք «Զվարթնոց»-ի շենքն ընդգրկել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկ, բայց ապարդյուն»,- ասաց Ճարտարապետների միության նախագահը:

«Կռիվը մեր ու «Զվարթնոց»-ի կոնցեսիոների միջև է. կառավարությունն իր բոլոր օղակներով կողքի է կանգնած: Ոչ միայն կողքի է կանգնած, այլև ամեն ինչով նպաստում է, որ կոնցեսիոների նպատակներն իրագործվեն»,- հավելեց Սաշուր Քալաշյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031