Լրահոս
Օրվա լրահոսը

Ապագա զինվորն ուշագնաց է լինում, բայց ՊՆ-ն աչք է փակում ու բանակ զորակոչում

Հուլիս 13,2016 19:24

Զորակոչիկ Դավիթ Համբարձումյանի` բանակ զորակոչվելու ծանուցագիրը եկել է: Եթե պաշտպանության նախարարությունը չվերանայի ապագա զինվորի առողջական վիճակի վերաբերյալ գործը, ապա Դավիթին առողջական լուրջ խնդիրներով կտանեն բանակ:

Դավիթը երկար քայլելիս ցավից ուշագնաց է լինում: Արդեն մի քանի անգամ նրան շտապօգնությունը առաջին բուժօգնություն է ցուցաբերել, տարել հիվանդանոց, սակայն հիվանդանոցում ապագա զինվոր Դավիթին ցավազրկել են եւ տուն ուղարկել` պատճառաբանելով որ զորակոչիկ է, չեն կարող պառկեցնել:

Դավիթի ընտանիքը չի պատկերացնում առողջական այս վիճակով ինչպե՞ս է որդին ծառայելու, երբ շաբաթը մի քանի անգամ ուշագնաց է լինում: Դավիթի խոսքերով, ինքը չի խուսափում ծառայությունից, բայց այս վիճակով չի էլ կարող ծառայի, եթե չբուժվի: Բանն այն է, որ 2015 թ.-ին Էջմիածնի զինկոմիսարիատը Դավիթի ծառայությունը 10 ամսով հետաձգել է այսինքն` տարկետում է տրամադրել` հենց առողջական վիճակով պայմանավորված: Տասը ամիս անց, նրա վիճակը չի բարելավվել, ընդհակառակը մի բան էլ վատացել է, սակայն Էջմիածնի զինկոմիսարիատը, աչք է փակում եւ ամեն գնով Դավիթ Համբարձումյանին ուզում է զորակոչել: Դավիթ Համբարձումյանի մոտ ախտորոշվել է ձախ այտի անոթային խալ, գունագորտնուկային խալեր նաեւ աջ ծնկան հոդի դրսային մահիկի կիստա, էքստրուզիա,  որը ըստ ՀՀ ՊՆ 410-13 հրամանի համաձայն համապատասխանում է 38-րդ հոդվածի դ կետի առաջին սյունակի պահանջին:

2016թ.-ի զորակոչի ժամանակ Դավիթ Համբարձումյանը  վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում ստացիոնար բուժում է ստացել, բայց դուրս է գրվել անփոփոխ վիճակով: Ըստ գիտական կենտրոնի եզրակացության, ախտորոշվել է աջ ծնկան հոդի դրսային մահիկի կիստա, էքստրուզիա՝ բարդացած մահիկի երկայնական շերտազատող վնասվածքով:

Զորակոչիկին առաջարկվել է վիրահատություն, սակայն նա եւ նրա հարազատները հրաժարվել են առաջարկված վիրահատական բուժումից, քանի որ տվյալ վիրահատությունը պետք է կատարվեր վճարովի:

Բայց որ ամենագլխավորն է, տաս ամիս հետո, նույն ախտորոշմամբ հիվանդությունները, որոնք մինչ այդ դասվում էին 38-րդ հոդվածի «Դ» կետին, որի համաձայն` զորակոչիկներին բուժման համար տրվում է տարկետում, իսկ զինծառայողներին՝ արձակուրդ: Զինվորական ծառայության համար պիտանիության մասին որոշումն էլ ընդունվում է բուժման ավարտից հետո` ըստ ֆունկցիայի խանգարման, ապա հիմա «Դ» կետը փոխարինվել է «Գ» կետով: «Գ» կետին են վերաբերում քրոնիկ հիվանդությունները` երկարատեւ մեկ եւ ավել տարի ռեմիսիայի դեպքում, ավարտված օստեոմիելիտները: Այս զինծառայողների համար անհրաժեշտ է սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնումները` մինչեւ 30 կգ: Իսկ Ռազմական ուսումնական հաստատություն ընդունվողների համար պիտանիությունը չի սահմանափակվում:

Այսինքն` ստացվում է, որ ՊՆ-ն հիվանդության առկայության, վատթարանալու պայմաններում, եզրակացությամբ փոփոխում է հոդվածի կետը, որը ավելի լավ վիճակի համար է նախատեսած:

Որ, մեր երկրից միգրացիայով պայմանավորված, զինվորների թվաքանակ ապահովելու խնդիր ունենք որեւէ մեկը չի կարող հերքել, սակայն առողջական խնդրի վրա աչք փակել, երբ նույն զինվորը, ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը, ամենաբարձրաստիճան պաշտոնյայից սկսած մինչեւ հասարակ քաղաքացու անվտանգության ապահովողն է, փաստ է: Ուստի հիմա առավել եւս մեր բանակին առողջ զինվորներ են պետք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ.Գ. Դավիթ Համբարձումյանի մայրը նամակ է գրել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` մանրամասն նկարագրելով որդու հետ կապված խնդիրը:

Aravot.am-ը, նույնպես, այս առնչությամբ մի քանի հարց ուղղեց ՊՆ-ին: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:

Հետաքրքրվել ենք` եթե զորակոչիկը ենթակա էր զորակոչի, ինչու 2015 թ-ին նրան տրամադրել են տարկետում: Եթե ենթակա չէր, ապա ինչպե՞ս ստացվեց, որ դարձավ ենթակա:

Ինչո՞ւ զորակոչիկի բուժումը` վիրահատությունը չի կատարվում պետպատվերի շրջանակներում` ինչպես որ օրենքն է պահանջում:

Ինչո՞ւ են փոխվել նշյալ հոդվածները, որոնք նախկինում  պատճառ էին, որպեսզի զորակոչիկը տարկետում ստանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031